Արևելահայ կնոջ տարազ, Արևելյան Հայաստանի կանանց բնորոշ տարազ[1]։

Երևանցի հարուստ կնոջ տարազ

խմբագրել

Երևանցի կնոջ գլխին դրվում է ավանդական կոպին, որի վրա ամրացված է նաև ճակտնոցը։ Կոպի վրայից գցում են ճերմակ ժանեկազարդ քող։ Զգեստը կարվում է հիմնականում մետաքսե միագույն կամ ծաղկավոր կտորից և վրան կապվում է արծաթե գոտի։ Զգեստի վրայից հագնում են երկար թևքերով թավշե վերարկու։ Վերարկուի եզրերը զարդարված են ոսկեթելով ասեղնագործած ժապավենով և աղվեսի մորթով։

Երևանցի հարուստ կնոջ տնային հագուստ

խմբագրել

Զգեստի վերնամասը կարվում է սպիտակ մետաքսե կտորից։ Մեջքին կապում են ոսկեջրած արծաթե գոտի։ Գլխին դրված մետաքսե կամ թավշյա կոպիի կենտրոնում ամրացվում է թանկարժեք քորոց։ Շքեղ քողի եզրերը ժանեկազարդ են։

Երևանցի մեծահարուստ կնոջ տարազ

խմբագրել

Գլխին դրվում է ավանդական կոպին՝ պատված կապույտ թավշով, բազմագույն ծաղիկներով և մարգարիտներով։ Կոպիի վրայից գցված ճոխ քողը թափանցիկ է։ Հագուստը կարվում է նուրբ շալ կտորից, որի վրա կապվում է ճերմակ մետաքսե գոտին։ Մանուշակագույն թավշից կարված վերարկուն պատված է աղվեսի մորթով։ Երկար թևքերն ունեն ճեղքեր, որոնք նույնպես երիզված են աղվեսի մորթու բարակ շերտով։

Երևանցի հարուստ կին՝ վերարկուով

խմբագրել

Գլխի կոպին պատված է կարմիր թավիշով կամ մետաքսով։ Դրա կենտրոնում ամրացվում է ադամանդե քորոցը։ Կոպիի վրա գցված ոչ երկար քողը ժանեկավոր է և շատ շքեղ։ Կոշիկներին հասնող զգեստը կարվում է շալ կտորից կամ գծավոր մետաքսից։ Զգեստի կրծկալը և մեջքին կապված գոտին ծաղկավոր մետաքսից են։ Վերարկուն կարվում է սև տաֆտա կտորից։

Միջին տարիքի երևանցի կնոջ տարազ

խմբագրել

Կոպիի վրա ամրացված ճակտնոցը զարդարվում է ոսկե դրամներով, որի վրայից կապվում է գլխաշոր։ Զգեստը կարվում է ծաղկավոր մետաքսից, իսկ գոտին՝ սպիտակ մետաքսից։ Մուգ կապույտ թավշից կարված վերարկուն ունի երկար թևքեր, որոնց ճեղքերը երիզված են աղվեսի մորթով։

Արցախցի կնոջ ավանդական հագուստ

խմբագրել

Գլխին կրում է ճակտնոց, քթկալ և ճերմակ, բամբակե գլխաշոր։ Մուգ կանաչ մետաքսե արխալուղ-վերնազգեստի զարդերիզը նույնպես կարվում է մետաքսից և ունի մոտ 2 սմ լայնություն։ Ձևավոր թևքերի ծայրերը սուր են՝ զարդարված արծաթե բոժոժներով։ Թևատակի բացվածքը հատուկ չքրտնելու և թևերն ազատորեն շարժելու համար են։

Շուշեցի կնոջ տարազ

խմբագրել

Նման է Արցախի ավանդական տարազին։ Հագնում է մուգ կարմիր մետաքսե զգեստ, որն ունի երկար, սրածայր թևքեր։ Գլխին դրվում են ավանդական հարդարանքներ։ Գլխի արծաթե ճակտնոցի, քթկալի հետ մեկտեղ քունքերին կրում է նաև արծաթե կախիկներ։ Մուգ գլխաշորը հիմնականում սուգ է խորհրդանշում։ Մուգ կանաչ մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստի դեկորատիվ, աստառապատված թևքերը վերջանում են սուր ծայրերով, որոնց եզրերին ամրացված են արծաթե փուչեր։ Վերնազգեստի եզրերին կարում են 3-4 սմ լայնությամբ ոսկեգույն ժապավեն, իսկ մեջքին՝ մետաքսե գոտի։

Արցախցի աղջկա տարազ

խմբագրել

Արցախցի աղջիկները գլխին կոպի դնելու իրավունք ունեին միայն ամուսնանալուց հետո։ Վրայից կապվում է մետաքսե կամ բամբակե գլխաշոր։ Կարմիր մետաքսե զգեստի կրծքամասում սև թավիշ է ասեղնագործած։ Ունի երկար թևքեր։ Կանաչ, ծաղկավոր մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստը երեքփեշանի է։ Արխալուղի երկար թևքերը զարդարված են արծաթե խողովակներով։ Ոտքերին հագնում են նուրբ ասեղնագործած չմուշկներ։

Արցախցի կնոջ հնագույն զգեստ

խմբագրել

Գլխի հարդարանքը ավանդական արցախյան է։ Մետաքսից կամ սաթից կարված զգեստի չափազանց լայն թևքերը նույնպես կարվում են սպիտակ մետաքսից։ Արխալուղ-վերարկուն կարվում է մուգ կանաչ մահուդից։ Կրծքամասը ամբողջովին փակ է և զարդարված գծավոր կտորով, որն իջնում է գոտուց ցած։ Վերարկուի եզրամասերը զարդարված են կարմիր մետաքսե ժապավեններով։

Արցախցի հարուստ կնոջ քուրք-վերարկու

խմբագրել

Գլխի ավանդական հարդարանքը շատ ճոխ է։ Կարմիր մետաքսե շրջազգեստի օձիքի շուրջն ամրացված է ոսկեթելով և մետաքսաթելով ասեղնագործված, 2 սմ լայնությամբ ժապավեն։ Զգեստի դնովի թևքերը զարդարված են արծաթե սուրմաներով։ Երկփեշանի արխալուղ-վերարկուն մուգ կանաչ էր՝ ծաղկավոր կտորից։ Դրա թևքերը, փեշերն ու կողային բացվածքները ոսկեթելով ասեղնագործած սև թավշե ժապավենով։ Գոտին արծաթյա է։

Արցախցի կնոջ ամենօրյա զգեստ

խմբագրել

Գլխի կոպին զարդարված է արծաթյա դրամների շարքով։ Կարմիր գլխաշորը ամրացվում է արծաթե քորոցներով։ Վերնազգեստը, որը կոչվել է նաև շիլաշապիկ, կարվում է կարմիր բամբակե կտորից և ունի երկար թևքեր։ Օձիքից մինչև գոտկատեղն ընկած հատվածում կարվում է սև ժապավեն։ Երեքփեշանի արխալուղը կարվում է կա՛մ սև բամբակից, կա՛մ տաֆտայից։ Գոտու կտորը ոլորվում է։

Արցախցի տարեց կնոջ քուրք-զգեստ

խմբագրել

Կոպիի վրա գցվում է սև գլխաշոր, որը հիմնականում սուգ է խորհրդանշում։ Կարմիր մետաքսից կարված զգեստի օձիքը զարդարված է սև թավշե ժապավենով։ Թևքերը դնովի են, զարդարված կանաչ մետաքսե ժապավենով։ Երկփեշանի վերարկուն կարվում է մուգ կարմիր թավշե կտորից և զարդարվում է աղվեսի մորթով։ Թևքերը կարճ են և հասնում են միայն մինչև արմունկները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կանանց տարազներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Աղբյուրներ

խմբագրել