Արսամեա, քաղաք Կոմագենե երկրում, Եփրատի աջակողմյան վտակ Կյահտա (Նյումփայոս) գետի վերին ավազանում, այժմյան Էսկի- Քյահտա գյուղի տեղում։ Հիմնադրել է Կոմագենեի և Ծոփքի թագավոր Արշամ Երվանդունին, մ.թ.ա. 3–րդ դարի 40 - 30 - ական թվականներ։ 1953 թվականի, 1954 թվականի և 1956 թվականի պեղումների ընթացքում Արսամեայում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ, ստորերկրյա ժայռափոր դահլիճ՝ քառակուսի հիմքով և գմբեթավոր տանիքով, խճանկարներ, սալանման կոթողներ, որոնք ունեն բարձրաքանդակներ և արձանագրություններ, կնոջ արձանի գլուխ, քարե գործիքներ, կավանոթներ, դրամներ։

ԳտածոներԽմբագրել

Գտածոները վերաբերում են մ.թ.ա. 1-ին դարի կեսին։ Հայտնաբերվել է նաև Կոմագենեի թագավոր Անտիոքոս Ա-ի (մ.թ.ա. 69- Մ.թ.ա. 34 թվականներ) վիմագիր հրովարտակը՝ հոր՝ Միհրդատեսի պաշտամունքի պահպանման մասին։ Արսամեայում գտնվել են Միհրի և թագավորի ողջագուրումը պատկերող երկու կոթող, ինչպես նաև Միհրի ժայռափոր մեհյանը։ Շինությունները կրում են ուրարտական շինարվեստի ազդեցությունը։

Կոթողների վրա պատկերված տարազները ընդհանրություն ունեն հայկականի հետ։ Տիգրան Բ-ի օրոք Արսամեան մտել է Հայոց թագավորության կազմի մեջ։ Արսամեա անունով հայտնի է մի այլ քաղաք Կոմագենեում, Եփրատի ափին, այժմյան Գյառգյառ կոչվող վայրում։ Այս Արսամեան նույնպես հիմնել է Արշամը։ Քաղաքում գտնվել է Անտիոքոս Արսամեայի արձանագրությունը, որից երևում է, որ վերջինս Արսամեայում հիմնել է մեհյան և իր նախնիների համար սահմանել հատուկ պաշտամունք։

ԳրականությունԽմբագրել

  • Գ․ Տիրացյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113