Արշակ Սաֆրաստյան

հայ լրագրող, հասարակական գործիչ, պատմաբան

Արշակ Սաֆրաստյան (1885, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1958, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), պատմաբան, հայագետ, դիվանագետ, լրագրող և ազգային հասարակակն գործիչ է։

Արշակ Սաֆրաստյան
Ծնվել է1885
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1958
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, լրագրող, հասարակական գործիչ, հայագետ և դիվանագետ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղում։ Ինքնուրույն անգլերեն է սովորել միսիոներ Ռեյնոլդսի օգնությամբ։ 1912-1914 թթ. ուսանել է Լոնդոնի համալսարանի իրավաբանական բաժնում, այնուհետև Քեմբրիջի և Մյունխենի համալսարանների քաղաքատնտեսության և քաղաքակրթության բաժիններում։

Դիվանագիտական գործունեությունն սկսել է վաղ հասակից։ 17-ամյա Սաֆրաստյանը աշխատանքի է անցնում Բաղեշի բրիտանական հյուպատոսարանում իբրև թարգմանիչ, ապա իբրև հյուպատոսի տեղակալի պաշտոնակատար (1906-1911 թթ.)։ 1915-1916 թթ. նա կովկասյան ռազմաճակատում էր, հայկական կամավորական խմբերի կազմում։ 1921-1932 թթ. պաշտոնավարել է Անդրկովկասի օգնության անգլիական միսիայում, իսկ 1938-1945 թթ. Անգլիայի արտաքին գործերի նախարարությունում։

1922-1924 թթ. Սաֆրաստյանը եղել է Կոստանդնուպոլսում հրատարակվող «Ժողովուրդի ձայնը» թերթի պաշտոնական թղթակիցը։ 1928-1937 թթ. խմբագրել և Լոնդոնում հրատարակել է «Մասիս» ամսագիրը անգլերեն լեզվով։

Սաֆրաստյանը գործուն մասնակցություն է ունեցել հայ ազգային հասարակական կյանքին։ 1921 թ. եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը։ 1919-1923 թթ. իբրև հայ ազգային պատվիրակության անդամ մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ Պաշտոնավարել է իբրև Լոնդոնի Հայ Կարմիր Խաչի լիազոր։ Եղել է մշտական անդամը Լոնդոնի հայ համայնքային ընկերության վարչության։

Բազմամյա դիվանագիտական գործունեության և բնատուր ընդունակության շնորհիվ նրան հաջողվել է նյութեր ու փաստաթղթեր հավաքել Հայաստանի, հայ ժողովրդի հին ու նոր պատմության վերաբերյալ, իսկ յոթ լեզուների իմացությունը՝ ծանոթանալ նաև օտար աղբյուրներին։ Բրիտանական հանրագիտարանում տպագրված (1927 թ.) «Հայաստան», «Քուրդիստան», «Փոքր Ասիա», «Մուսուլ» հոդվածները գրված են նրա կողմից և նրա հեղինակակցությամբ։ Սաֆրաստյանը հեղինակ է հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի մասին բազմաթիվ գիտական հոդվածների։ 1928 թ. մասնակցել և զեկուցումներով ելույթներ է ունեցել արևելագետների միջազգային կոնգրեսում ու լեզվաբանական, պատմագիտական համաժողովներում։ Ընտրվել է անդամ Լոնդոնի ասիական թագավորական ընկերության, հնագիտական ինստիտուտի, Բեռլինի գերմանական արևելյան ընկերության և այլն։ 1948 թ. անգլերեն հրատարակել է «Քրդերը եւ Քուրդիստան» համառոտ աշխատությունը։

Նամակագրական, անձնական կապեր ու ծանոթություններ է ունեցել հայ և օտարազգի գիտական, քաղաքական, հասարակական, մշակութային, կրոնական, պետական գործիչների, հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ։

Մահացել է 1958 թ. սեպտեմբերի 25-ին, Լոնդոնում։