Արյունաբանություն
Արյունաբանություն (հեմատոլոգիա), գիտություն արյան մասին, ուսումնասիրում է արյունաստեղծ օրգանների կառուցվածքը և ֆունկցիան, արյան բաղադրությունը բնականոն և տարբեր հիվանդությունների պայմաններում։ Արյունաբանությունն զբաղվում է արյունաստեղծման գործընթացների, դրանց կարգավորման մեթոդների, արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև արյան մակարդելիության հարցերով։ Արյունաբանությունը սերտորեն կապված է բժշկության տարբեր բնագավառների, մասնավորապես, վիրաբուժության, թերապիայի, ուռուցքաբանության հետ։ Այն կիրառում է հատուկ մեթոդներ, ինչպես նաև ժամանակակից դեղանյութեր ու դոնորային արյունից ստացված պատրաստուկներ։ Արյան հետազոտությունների տվյալները խիստ կարևոր են գինեկոլոգիական, վիրաբուժական, ներքին և վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։
Համակարգ | Արյուն |
---|---|
Ենթաբաժանմունք | Արյունաբանական քաղցկեղաբանություն |
Կարևոր հիվանդություններ | Մալարիա, Թալասեմիա, Լեյկոզ, Կոագուլոպատիա, Սակավարյունություն |
Կարևոր թեստեր | Արյունային պատրաստուկներ, Մակարդման թեստեր, Ոսկրածուծի պատրաստուկներ |
Մասնագետ | Արյունաբան |
Պատմություն
խմբագրելԱրյունաբանությունը սկիզբ է առել 17-րդ դարի երկրորդ կեսին, մանրադիտակի հայտնագործումից հետո, երբ իտալացի անատոմ Մալպիգին (1661) և հոլանդացի կենսաբան Լևենհուկը (1673) մարդու և կենդանիների արյան մեջ առաջին անգամ նկարագրել են արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները։
Բաժիններ
խմբագրելԱրյունաբանությունը բաղկացած է մի քանի հիմնական բաժիններից՝ մորֆոլոգիական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան ձևավոր տարրերի և արյունաստեղծ օրգանների (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ) կառուցվածքն ու ձևաբանությունը։
Շիճուկաբանական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան պլազմայի և շիճուկի բաղադրությունը և հատկությունները։
Կլինիկական արյունաբանություն, ուսումնասիրում է արյան հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև այլ հիվանդությունների ժամանակ արյան կազմության և արյունաստեղծ օրգանների կրած ախտանշական փոփոխությունները։
Փոխներարկումային արյունաբանություն, ուսումնասիրում է մի անհատի արյունը մեկ ուրիշին փոխներարկելու, ինչպես նաև ներարկման համար վերցրած արյունը երկար ժամանակ պահելու (արյան կոնսերվացում) հնարավորությունները։
Արյունաբանությունյան նորագույն ուղղություններից են՝
- հեմոկոագուլոլոգիան, որը հետազոտում է արյան մակարդման պրոցեսը և դրա խանգարումներից առաջացող հիվանդությունները
- իմունոհեմատոլոգիան, որը հետազոտում է արյան ձևավոր տարրերի և պլազմայի իմունոլոգիական բնութագիրը և արյան մի շարք իմունոլոգիական հիվանդությունների առաջացման գործոններն ու մեխանիզմները
- լեյկոզոլոգիան, որն ուսումնասիրում է լեյկոզների առաջացումը, զարգացումը։
Արյունաբանության մեջ լայնորեն օգտագործում են օպտիկական, էլեկտրոնային, ֆլուորեսցենտային, ֆազոկոնտրաստային, մանրադիտակային, ինչպես նաև հյուսվածաբանական-հյուսվածաքիմիական, կենսաքիմիական, ռադիոլոգիական (իզոտոպային), իմունոլոգիական և մի շարք այլ մեթոդներ։
Արյունաբանությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանում արյունաբանության զարգացումը կապված է 1947 թվականին Ռուբեն Յոլյանի նախաձեռնությամբ հիմնադրված արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ-ի (1990 թվականից՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանության հանրապետական գիտական կենտրոն) հետ։
Ուսումնասիրվել են արյան փոխներարկման բուժիչ ազդեցության մեխանիզմները, արյան պահածոյման (Ռ. Յոլյան), պատերազմի ժամանակ ռազմադաշտային (շոգ կլիմայի) պայմաններում արյան պահպանման (Ռ. Պարոնյան) հարցերը։ Կիրառվել են պենիցիլինը և գրամիցիդինը արյան պահածոյման ժամանակ (Ռ. Յոլյան, Մ. Բալասանյան)։ Առաջարկվել են լեյկոզների ախտորոշման ու բուժման արդյունավետ մեթոդներ (Հ. Պողոսյան), հետազոտվել դիակից վերցված պահածոյած ոսկրածուծի բջիջների կենսունակությունը (Ժ. Փխրիկյան, Ն. Քալանթար), թրոմբասթենիկ վիճակների պատճառագիտության, կլինիկայի ախտորոշման և բուժման (Ա․ Իսահակյան), իմունաարյունաբանության (Վ. Ներին) հարցերը և այլն։ Պ. Ղազարյանի և աշխատակիցների կողմից պարզվել է երկգալար ՌՆԹ-ի կիրառման բարձր արդյունավետությունն իոնացնող ճառագայթահարման դեպքում։ Արյան ծառայության պրակտիկայում կիրառելով դոնորային պլազմոֆորեզի մեթոդը՝ հնարավորություն է ստեղծվել պիտանիության ժամկետը կորցրած մեծ քանակությամբ արյուն օգտագործել որպես փոխներարկման լիարժեք նյութ (Մ. Նազարեթյան)։
Վերջին տարիներին նկատելիորեն փոխվել են փոխներարկվող արյան և նրա բաղադրամասերի համար ընդունված ցուցումներն ու հակացուցումները։ Ներկայումս անցել Են բաղադրամասային բուժման, այսինքն փոխներարկվում են կամ պլազման, կամ էրիթրոցիտային, թրոմբոցիտային, լեյկոցիտային զանգվածը՝ ցուցումներին համապատասխան։
Ուսումնասիրվել են երկաթի անբավարարության հետ կապված սակավարյունության համաճարակաբանության հարցերը. մշակվել են դրանց կանխարգելման մեթոդներ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Истаманова Т․ С․ "Очерки функциональной гематологии, Л․, 1963
- Физиология системы крови, Л․, 1968
- Кассирский И․ А․, Алексеев Г․ А․ "Клиническая гематология", 4 изд․, испр․ и доп․, М․, 1970
Արտաքին հղումներ
խմբագրել- American Society of Hematology (անգլ.)
- Major milestones in history of hematology (PDF) (անգլ.)
- Multilingual index Արխիվացված 2007-10-15 Wayback Machine (անգլ.)
- American Journal of Hematology / Oncology Արխիվացված 2012-01-23 Wayback Machine (անգլ.)
- A guide on hematology analyzers Արխիվացված 2014-10-04 Wayback Machine (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 102)։ |