Արմյանսկի վեստնիկ

հայկական պարբերական (1990-2002)

«Արմյանսկի վեստնիկ» (ռուսերեն՝ "Армянский вестник" - «Հայկական լրաբեր»), հասարակական-քաղաքական, գրական պատկերազարդ շաբաթաթերթ ռուսերեն լեզվով։ Հրատարակվել է Մոսկվայում 1916 թվականի հունվարից 1918 թվականի ապրիլը։ Այնուհետև լույս է տեսել 1990-2002 թվականներին Մոսկվայում՝ ռուսերեն՝ որպես 1916-1918 թվականներին Մոսկվայում տպագրված նույնանուն հանդեսի վերականգնված հրատարակություն։ Խմբագիրը եղել է Կարեն Միքայելյանը։

Արմյանսկի վեստնիկ
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1990
ԳրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Լուծարվել է2002

Խմբագիր-հրատարակիչ՝ Ի. Ամիրով։ Նրա հետ սերտ գործակցել է Ա. Ջիվելեգովը։ Շաբաթաթերթը հրապարակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, հայ և ռուս հասարակայնության հայտնի ներկայացուցիչների (Լեո, Վ. Թոթոմյանց, Տ. Հախումյան, Խ. Քուչուկ-Հովհաննիսյան, Գ. Ձուբար, Գ. Ձալխուշյան, Ս.Գորոդեցկի, Վ. Բրյուսով, Վ. Նեմիրովիչ-Դանչենկո, Յու. Վեսելովսկի, Ս. Կոտլյարևսկի, Պ. Դոլգորուկով և ուրիշներ) թղթակցությունները, որոնք լուսաբանել են հայ ժողովըրդի հասարակական-քաղաքական կյանքը, բացահայտել Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության քաղաքականության հակահայկական էությունը, անդրադարձել փախըստականների վիճակին, բարձրացրել Հայաստանի տնտեսական վերածննդի հարցեր։ «Արմյանսկի վեստնիկ»-ում հրապարակվել են հայերի 1915 թվականի ցեղասպանության մասին համաշխարհային հասարակայնության արձագանքները, կարևոր ուշադրություն է դարձվել հայկական հարցին, ռուսական Կովկասյան բանակի գործողություններին, հայ կամավորական շարժմանը, հայերի ազգային ինքնորոշման խնդիրներին։

Շաբաթաթերթն ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Պատերազմը Թուրքիայի հետ», «Եվրոպան և հայերը», «Հայկական գաղթավայրերը», «Մամուլի տեսություն» և ուրիշներ։ Թերթը գտնում էր, որ «Թուրքահայաստանը Թուրքիայից անջատել՝ նշանակում է ոչնչացումից փրկել հայերի մնացորդները և սկիզբ դնել երկրամասի խաղաղ զարգացմանը» (1918, N 4-50)։

1990-ական թվականներին անդրադարձել է Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, Արցախյան խնդրին, կարևորել է Համաշխարհային հայկական կոնգրես հրավիրելու (հրավիրվել է 2011 թվականին) և համահայկական ներկայացուցչական մարմիններ ստեղծելու հարցը, քարոզել Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության և ազգային միաբանության գաղափարներ։ Մեծ տեղ է հատկացրել քաղաքագիտական վերլուծություններին, Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Ունեցել է նաև գրականության և մշակույթի բաժիններ։

Գրականություն խմբագրել

  • Արշարունի Ա. Մ., Մոսկվայի հայ մամուլը, Ե., 1971։
  • Давтян А., Юрий Веселовский и армянская литература, Е, 1970։
  • Киракосян Дж. С., А. К. Дживелегов и его историкопублицистическое наследие, Е, 1986.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 98  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։