Արժեքաբանություն
Արժեքաբանություն, աքսիոլոգիա (հունարեն՝ άξία - արժեք, հունարեն՝ λόγΟς - բան, խոսք, բառացի՝ ուսմունք արժեքների մասին), իդեալիստական ուսմունք արժեքների մասին, լայն տարածում է գտել 20-րդ դ․ բուրժուական փիլիսոփայական ուղղություններում։ Սկիզբ առնելով նեոկանտականության բադենյան դպրոցի շրջանակներում՝ արժեքաբանությունը տեսական և գործնական մտածողության (գիտության և աշխարհայացքի) Կանտի անտինոմիան փորձում է լուծել բացարձակացնելով աշխարհի արժեքային իմաստավորումը և ընդունելով տեսական ճանաչողության նկատմամբ նրա տրամաբանական առաջնությունը։ Սրանով հերքվում է ճանաչողության օբյեկտիվ բովանդակությունը, ճշմարտությունը դիտվում է որպես «գիտակցության նորմատիվություն», որը որոշվում է ապրիոր, արժեքների իրական գոյությունից անկախ։ Իրական կապակցություններից արժեքների կտրման, նրանց բացարձակացման այս գիծը հետագա զարգացում է ստանում արժեքաբանության օբյեկտիվ իդեալիստական տարատեսակներում (Ն․ Հարտման, Մ․ Շելեր, Ջ․ Սանտայանա, Ա․ Զ․ Մուռ) ։ Նեոթոմիստները ձգտում են արժեքների հիերարխիկ համակարգերի կառուցման, արժեքային կատեգորիաների ապապատմական բովանդակության հայտնաբերման միջոցով բացահայտել մարդու և հասարակության գոյության հավերժական իմաստը։ Սրանով արժեքաբանությունը մերձենում է թելեոլոգիային։ Աժեքաբանության սուբյեկտիվ իդեալիստական տարատեսակներում (նեոպոզիտիվիզմ, սոցիոլոգիական պոզիտիվիզմ, պրագմատիզմ) արժեքները դիտվում են իբրև սուբյեկտի հոգեբանական վիճակը արտահայտող հավանության կամ մերժման ռեակցիաներ։ Արժեքների նման «փաստականացման» հետևանքով նրանց ուսումնասիրությունը մնում է ֆենոմենալ-նկարագրական մակարդակի վրա։ Գիտական տեսակետից անիմաստ է համարվում արժեքների օբյեկտիվ հիմնավորման խնդիրը, բացառվում է արժեքավորման հանրանշանակ չափանիշների մշակման հնարավորությունը։ Դրանով իսկ մի նոր կողմից ընդգծվում է գիտության և աշխարհայացքի անհամատեղելիությունը, արդարացվում է քաղաքական, իրավական, բարոյական և գեղագիտական նորմերի ռելյատիվիստական ըմբռնումը։ Արժեքների էության մարքսիստական ըմբռնումը մերժում է ինչպես արժեքային հատկանիշների բացարձականացումը, այնպես էլ նրանց ձուլումը սուբյեկտի մեջ։ Առարկայի նշանակալիությունը նրանից կտրված մի հատուկ էություն չէ, ոչ էլ գնահատող գիտակցության արգասիք։ Այն ձևավորվում է հասարակական պրակտիկայի ընթացքում՝ պայմանավորված է ինչպես մարդկանց շահերով ու պահանջմունքներով, այնպես էլ դրանց նկատմամբ գնահատվող առարկաների ռեալ հարաբերությամբ։ Գնահատման և պարտադրման նորմատիվ սկզբունքների բովանդակությունը հարաբերական է՝ կախված հասարակական կյանքի պատմական պայմաններից, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի հասարակակն կեցության առանձնահատկություններից։ Այսպիսով, մերժվում է պատմական իրականությունից դուրս արժեքների չափանիշը՝ տեսնելով այն հենց հասարակության վերընթաց զարգացման օբյեկտիվ օրինաչափության մեջ, որի գիտական ճանաչումն էլ հնարավորություն է տալիս մշակելու ճշմարիտ աշխարհայացք, հիմնավորելու առաջադեմ հասարակական նորմեր և իդեալներ։
Աղբյուրներ
խմբագրել- Գնահատականներ և արժեքներ Արխիվացված 2012-02-11 Wayback Machine։
- Cultura: International Journal of Philosophy of Culture and Axiology
- Axiology.org.uk
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 55)։ |