Արամայիս Բեկզադյան

հայ բժիշկ

Արամայիս Հակոբի Բեկզադյան (1901, Բուրաստան, Արտաշատի շրջան - 1977), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու (1950), դոցենտ (1951):

Արամայիս Հակոբի Բեկզադյան
Ծնվել է1901
ԾննդավայրԲուրաստան, Արտաշատի շրջան
Մահացել է1977
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հայրը գյուղի դպրոցի հիմնադիրն էր և առաջին ուսուցիչը։ Արամայիսը սովորել է նախ գյուղում, ապա՝ Երևանի արական գիմնազիայում։ 1918 թվականին ավարտել է և ուսուցիչ աշխատել Արտաշատի տարբեր գյուղերում։

1925 թվականին գործուղումով ընդունվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը և ավարտել 1930 թվականին։ Այդ տարիներին սովորել է նաև Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն լեզվի ֆակուլտետում։ 1930-1934 թվականներին տեղամասային բժիշկ էր Սևանում։ 1934 թվականին հրավիրվել է բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկա և օրդինատոր աշխատում Հ. Քեչեկի ղեկավարությամբ։ 1938 թվականին նշանակվել է նույն ինստիտուտի տեղագրական կազմախոսության ամբիոնի ասիստենտ, իսկ հետագայում՝ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի ինստիտուտի բժիշկ, ավագ գիտաշխատող։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոնսուլտանտ էր էվակուհոսպիտալներում և որպես վիրաբույժ, գլխավորել է քաղաքի մի քանի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովները։ 1974 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի կոնսուլտանտ էր։ Հիանալի գիտեր գրաբար լեզուն, տիրապետում էր ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին, անգլերենին, լատիներենին և հունարենին։ Նա հեղինակ, հեղինակակից կամ խմբագիր էր բազմաթիվ գիտական մեծարժեք աշխատությունների, ձեռնարկների ու դասագրքերի։ Նրա «Արյունատար անոթների վերքերը և նրանց բուժումը» աշխատությունը արժանացել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության բժշկական գիտական խորհրդի պարգևին։ Դոցենտ Հ. Հակոբյանի հետ մշակել և լատիներեն ու ու հայերեն պարբերականներում հրատարակում է «Կազմախոսական միջազգային անվանակարգը», որը 1950 թվականի հուլիսի 30-ին կազմախոսների փարիզյան 6-րդ միջազգային կոնգրեսի կողմից հաստատվել և նյույորքյան 7-րդ միջազգային կոնգրեսի կողմից լրացվել ու որոշ ուղղումների էր ենթարկվել։ Մեծ է նրա վաստակը բժշկագիտական հայերեն տերմինների մշակման և տերմինաբանական բառարաններ կազմելու գործում։ Թարգմանել է նաև մասնագիտական գրականություն։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 55-56։