Արաբախոտ փխրուն

բույսերի տեսակներ
Արաբախոտ փխրուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Arabideae
Ցեղ Արաբախոտ (Arabis)
Տեսակ Արաբախոտ փխրուն (A. laxa)
Միջազգային անվանում
Arabis laxa

Արաբախոտ փխրուն (լատին․՝ Arabis laxa), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա կամ երկամյա բույս է, որն ունի 30-60 սմ բարձրություն։ Ցողունները ճյուղավորված են։ Արմատամերձ տերևները քնարաձև են, իսկ միջինները՝ երկարավուն, սուր, հիմքի մոտ սրտաձև ցողունագրկով։ Պսակաթերթերի երկարությունը 7-9 մմ է, սպիտակավուն։ Պատիճները ունեն 6-12 սմ երկարություն, քառանիստ տափակացած հարթ փեղկեր, առանցքից թեքված, կախված, ուղիղ կամ կորացած[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի շրջակայքում)։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Արևելյան Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Հարավային Եվրոպան (Բուլղարիա), Հարավարևմտյան Ասիան (Անատոլիա, Արևմտյան Սիրիա)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ 800-900 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփուտներում, ստվերոտ լանջերին։ Ծաղկում է ապրի-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված անթրոպոգեն գործոնների՝ ռեկրեացիայի ակտիվացման և արածեցման հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Աճելավայրերը պահպանվում են «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.