Ատենագրությունք Ազգային ժողովո

«Ատենագրությունք Ազգային ժողովո» («Ատենագրութիւնք Ազգային ժողովո»), Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնական հրատարակություններ, Հայոց ազգային ժողովի նիստերի արձանագրություններ։

Պատմություն

խմբագրել

Տպագրվել են Ազգային ընդհանուր ժողովի գործունեության (1860–1915, ընդմիջումներով) շրջանում Կ. Պոլսում՝ Հովհաննես Մյուհենտիսյանի, Սիմոն Միքայելյանի, Հարություն Պարոնյանի, Միքայել Սարյանի տպարաններում։

Ատենագրությունները կարևոր տեղեկություններ են տալիս 19-րդ դարի 60–90-ական թվականների արևմտահայ հոգևոր, հասարակական-քաղաքական, դիվանագիտական գործընթացների, Ազգային ժողովի ու նրա վարչական մարմինների գործունեության մասին և նշված ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում ապրող հայության պատմության ուսումնասիրման հիմնական սկզբնաղբյուրներից են։

Ատենագրությունների տպագրությունն սկսվել է 1870 թվականից։ Ժամանակագրական առումով ամենածավալունն առաջին հատորն է՝ «Ատենագրութիւնք Ազգային ժողովոյ, 1860–1870» (435 էջ). ընդգրկում է 1860-1870 թվականների Ազգային ժողովի 34 նիստերի արձանագրությունները։ Սկզբում եղել են ձեռագիր, բայց Ազգային ժողովի 1883 թվականի հունիսի 10-ի նիստում տպագրելու որոշում է ընդունվել։ 2-րդ գիրքն ընդգրկում է 1870-1874 թվականները (1016 էջ)։ Մյուսները 1 կամ 2 տարեշրջանի ատենագրություններ են՝ 1874-1876 թվականները, 1876-1878, 1878-1879 ... մինչև 1896 թվականը։ 1908 թվականից վերսկսվել է նիստերի ատենագրությունների տպագրումը և շարունակվել մինչև 1915-ը։ Կան նաև այլ հրատարակություններ (օր.` «Ատենագրութիւնք Ազգային ժողովոյ, 1874–1875», «Ատենագրութիւնք Ազգային ժողովոյ, 1875–1876»):

Ազգային ժողովի ատենագրությունները պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ), ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում, ՀԱԳ-ում։ Փարիզի Ազգային գրադարանում պահվում է 1950 թվականի 1-ին նիստի արձանագրությունը («Ատենագրութիւն Ազգային ընդհանուր ժողովոյ», 1950, Ստամբուլ), որը վերաբերում է Գարեգին արք. Խաչատուրյանի՝ Կ. Պոլսի պատրիարք ընտրվելուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։