Ասմոլովի թատրոն (ռուս.՝ Асмоловский театр), թատրոն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվել է Տագանրոգի պողոտայում (այժմ՝ Բուդյոննու պողոտա)՝ 2000-ական թվականներին գործած «Նովի բիտ» շուկայի տեղում (Բուդյոննու պողոտա, տուն 40 հասցեի շրջանում)։

Ասմոլովի թատրոն
Տեսակթատրոն և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Ռուսաստան և  Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1883
Քանդվել է1920
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ասմոլովի թատրոնի հատակագիծը

1882 թվականին ծխախոտի ֆաբրիկայի ռոստովցի սեփականատեր Վլադիմիր Իվանովիչ Ասմոլովը[1] քաղաքային դումայից Տագանրոգի պողոտայում, Բոլշայա Սադովայա և Կուզնեցկայա (այժմ՝ Պուշկինի) փողոցների միջև համերգասրահ կառուցելու թույլտվություն ստացավ։ 1883 թվականի հոկտեմբերի 19-ին Ասմոլովի թատրոնում առաջին անգամ բարձրացվեց վարագույրը։ Իր գոյության 38 տարիների ընթացքում թատրոնն աճեցրել է թատերական հանդիսատես, Դոնի Ռոստովը դարձրել թատերական քաղաք։ Երկար ժամանակ Ասմոլովի թատրոնը ամենատարողունակն էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքում հայտնվեցին միևնույն տարողության (մոտ հազար տեղ) ևս մի քանի դահլիճներ, Ասմոլովի թատրոնը մնաց ամենատարողունակների շարքում։ 1894 թվականին որպես թատրոնի ռեժիսոր հրավիրվեց այն ժամանակ թատերական հայտնի գործիչ և դերասան Նիկոլայ Սինելնիկովը։ Ռուսական դրամատիկական գրեթե բոլոր դասականները բեմադրվեցին Ասմոլովի թատրոնի բեմում, որտեղ հանդես էին գալիս Նիկոլայ Սինելնիկովը, Նիկոլայ Սոբոլշչիկով-Սամարինը, Կոնստանտին Մարջանովը, Նիկոլայ Ռոշչին-Ինսարովը, Մարիա Բլյումենտալ-Տամարինան, Ս. Կուզնեցովը, Վասիլի Դալմատովը, Յակով Օռլով-Չուժբինինը, Պավլա Վուլֆը, Մ. Յուրևան, Ն. Վասիլևան, Պ. Մուրոմցևը և այլք[2]։

Ինքը՝ Ասմոլովը, սկզբում շատ էր սիրում իր թատրոնը և 1886-1887 թվականների թատերաշրջանում նա անտրեպրիզ էր պահում, բայց ոչ այնքան հաջող։ Տարիք առնելով, հավանաբար, հոգնելով հիվանդություններից՝ նա կորցրեց հետաքրքրությունը և 1910 թվականին վաճառեց թատրոնը։ Նոր տերեր դարձան երդվյալ հավատարմատար Լև Վոլկենշտեյնը և ժառանգական պատվավոր քաղաքացի, Դոնի Ռոստովի «Տրամվայ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Իոսիֆ Ֆայնը[2]։ Լինելով թատերասեր՝ թատրոնի սեփականատերերը նոր ազդակ հաղորդեցին Դոնի Ռոստովի թատերական կյանքին։

Առաջին ռուսական հեղափոխության ժամանակ, ինչպես քաղաքի թատերական շատ այլ հաստատություններ, թատրոնը դարձել էր հանրահավաքների և ժողովների վայր։ Հոկտեմբերյան հեղափոխության սկսվելուն պես թատերական հանգիստ կյանքն ավարտվեց. 1918 թվականին կազակական շրջանի որոշմամբ թատրոնը «անհարկավորության պատճառով» լուծարվեց։ Կարմիր բանակի քաղաք մուտք գործելուց հետո թատերական կյանքը վերածնվեց, իսկ 1920 թվականի հունվարին նրա բեմում կայացավ խորհրդային առաջին ներկայացումը՝ «Կարմիր ճշմարտությունը»։ Նույն թվականի մարտի 17-ին թատրոնն ազգայնացվեց, իսկ ապրիլի 12-ից սկսեց կոչվել կրթության ժողովրդական կոմիսար Անատոլի Լունաչարսկու անունով։ Վերջին անգամ Ասմոլովի թատրոնի վարագույրը բարձրացվել է 1920 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերի 28-ի գիշերը շենքում հրդեհ բռնկվեց։ Այրվեցին բոլոր դեկորացիաները, բեմիրերը, հագուստները, ինչպես նաև դերասանների անձնական իրերը։ Դրանից հետո թատրոնը չի վերականգնվել, իսկ նրա թատերախումբը, արդեն ժողովրդական կոմիսար Լունաչարսկու անունով, տեղափոխվեց աշխատելու Մաշոնկինների թատրոնում, որը դրանից հետո դարձավ Դոնի Ռոստովի գլխավոր թատրոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • В. Сидоров. Энциклопедия Старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-н/Д, 1993.

Արտաքին հղումներ խմբագրել