Առաքյալը (Մուրացան)

Մուրացանի վիպակներից

Առաքյալը, Մուրացանի վիպակներից, որը լույս է տեսել 1902 թվականին «Լումա» ամսագրում։

Առաքյալը
ՀեղինակՄուրացան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակիչ«Լումա» ամսագիր
Հրատարակման տարեթիվ1902

Սյուժե

խմբագրել

«Առաքյալ»-ում պատկերված է մեծ ու ազնիվ գործի կոչված Պետրոս Կամսարյանի առաքելությունը։ Ավարտելով իրավաբանական բարձրագույն դպրոցը՝ Կամսարյանը ուսանողական ժողովում հանդիսավոր կերպով հայտնում է իր որոշումը՝ գնալ հեռավոր գյուղերը և օգնել զրկանքների մեջ գտնվող գյուղացուն։ Նա ծրագրում է պաշտպանել գյուղական հասարակության իրավունքները, կազմակերպել լուսավորության և դպրոցական գործը, բարվոքել գյուղացու տնտեսական վիճակը, գյուղում հիմնել փոխատու գանձարան՝ գյուղացիներին վաշխառուների ձեռքից փրկելու համար։ Կամսարյանը մտածում է այդ բարձր նպատակին զոհել նաև հարուստ հորից ստանալիք ժառանգությունը։ Այս նույն ծրագրերն են դրված նաև Քույր Աննայի գործունեության հիմքում։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ Մուրացանը մինչև վերջ էլ չհրաժարվեց իր երբեմնի ռոմանտիկ պատրանքնեից։ Բայց վիպական սյուժեի ընթացքում նա ստեղծում է բուրժուական մտավորականի ռեալիստական կերպար և, հավատարիմ կյանքին, ցույց է տալիս նրա խոսքի և գործի հակասությունը։ Կամսարյանը մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը՝ Չիբուխլու, բայց մեկ-երկու օրվա ընթացքում հիասթափվում է իր ծրագրերից։ Թողնելով գյուղը խավարի մեջ ու հարստահարիչների լծի տակ՝ նա փախչում է Թիֆլիս և Բորժոմ, իր հարազատ միջավայրը։ Նա կրկին տիրաբար մտնում է շքեղ պարահանդեսների, գեղեցիկ ու փափկասուն տիկինների, վայելքի ու զվարճալիքների աշխարհը։ «Առաքյալ»-ը երգիծական վիպակ է, Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ից հետո հայ գրականության մեջ երկրորդ ծավալուն երգիծական գործը։ Մուրացանը ոչնչացնող ծաղրով ներկայացնում է հայ «ազատամիտ» մտավորականին, հոգեբանական գեղեցիկ նրբերագներով և տպավորիչ հակադրություններով ցույց է տալիս նրա կեղծ ժողովրդասիրությունը։

Կառուցվածք

խմբագրել

«Առաքյալը» ունի հետաքրքրական կառուցվածք։ Այստեղ ստեղծվում են երեք տարբեր միջավայրերի ռեալիստական պատկերներ. առաջինը ուսանողական ժողովն է, որտեղ ոգևորված հայրենասիրական ճառ է ասում Պետրոս Կամսարյանը, երկրորդը՝ հայ գյուղն է իր ցավերով և վշտերով, երրորդը՝ Թիֆլիսն ու Բորժոմը, որոնք փարթամ ու հանգիստ կյանքի հեռավորություններով հրապուրում են Կամսարյանին և ստիպում թաղել իր երբեմնի գաղափարները։ Այս պատկերները կառուցվածքային ամբողջություն են կազմում Պետրոս Կամսարյանի հոգեկան ապրումների բացահայտման և ճամփորդության նկարագրությունների միջոցով, կենտրոնում միշտ էլ պահելով Կամսարյանին՝ Մուրացանը ստեղծում է սոցիալական խոր բովանդակություն ունեցող վիպակ, բարձր արվեստով ասպարեզ է հանում քաղաքի բուրժուական շրջանների շվայտ կյանքի և անծայրածիր խավարի մեջ գտնվող գյուղի հակադրությունը։ Կամսարյանի ճամփորդական տպավորությունների միջոցով նա վիպական գործողություն է հյուսում հայրենի երկրի հիմնական գաղափարի հարստացմանը։ Բացի այդ, Մուրացանը ստեղծում է մի շարք էպիզոդիկ հերոսներ, որոնք ներկայացնում են քաղաքային որոշ խավերի կյանքը և գյուղական աշխարհը։ Շփման մեջ մտնելով գլխավոր հերոսի հետ՝ դրանք ավելի են ընդգծում նրա բացասական գծերը և մեծացնում վիպակի գեղարվեստական ընդգծման ուժը։

Պետրոս Կամսարյանի կերպարը

խմբագրել

Կերպարը զարգանում է հոգեկան հակասությունների բացահայտման միջոցով։ Մուրացանը նուրբ դիտողականությամբ ցուցադրում է բուրժուական մտավորականի խոսքի ու գործի հակասությունը։ Կամսարյանը որոշում է օգնել հայ գյուղացուն, բայց նրան դեպի գյուղն է մղում ոչ թե ժողովրդասիրությունը, այլ եսասիրությունը։ Նա երազում է դառնալ հռչակավոր մարդ՝ առաքյալ, որի մասին խոսեն բոլորը, Կամսարյանը գյուղի մասին որևէ հաստատուն տեղեկություն չունի։ Այս աշխարհին նա ծանոթացել էր միայն գրքերի ու հոդվածների միջոցով։ Հենց առաջին իսկ քայլերից նրա հոգում սկսում են կռվել երկու ես՝ «բարի, գաղափարական եսը» և «անձնասիրության եսը»։ Նա անվերջ երկմտում է ու տատանվում։ Այնքան թույլ է նրա որոշումը, որ ծնողների խնդրանքին և գեղեցիկ Ադելինայի հրապույրին դիմանալու համար ամեն անգամ վերցնում և կարդում է «Վերք Հայաստանին» կամ իր ծրագերի հուշատետրը։ Կամսարյանը ծանոթանում է այդ ավերանոցին, գյուղի կյանքին ու մարդկանց, նախատում տանուտերին, քահանային, տիրացու Մոսիին՝ գյուղի կեղտոտության ու տգիտության համար։ Բայց ամեն անգամ տգետ գյուղացիները նրան ծանր վիճակի մեջ են դնում, ներկայացնելով իրենց հետամնացության ու խեղճության իրական պատճառները։ Գյուղացուն հարկավոր են նեցուկ ու պաշտպան, կրթված ուսուցիչ ու ուսումնարան, բայց աղքատ մարդիկ այդ ամենն ստեղծել։ Գյուղի մարդիկ տանջվում են չինովնիկների ու վաշխառուների ճիրաններում, բայց նրանց իրավունքը ոչ ոք չի պաշտպանում։ Կարող են, արդյոք, կամսարյանները օգտակար լինել գյուղին։ Այդ հարցին հեղինակը տալիս է դրական պատասխան։ Կամսարյանը փրկում է աղքատ գյուղացի Սայու ընտանիքը խոջա Միրզայի ճանկերից՝ պաշտպանելով օրենքն ու իրավունքը։ Ամբողջ գյուղը օրհնում է բարերար երիտասարդին, և մի պահ արթնանում է «գաղափարական եսը»։ Մտածում է, որ երեկվա իր կարծիքները գյուղի մարդկանց օգնելու անհնարիության մասին. «Այսօր ահա նա կատարեց մի գործ, որը յուրմով լուծեց մահու կյանքի խնդիր։ Նա վերահաս կործանումից ազատեց մի ընտանիք, և դրա համար քիչ կամ գրեթե ոչինչ աշխատության գործ դրավ...»։ Գիշերը խորհրդածելով օրվա դեպքերի մասին՝ նա մի պահ գտնում է, որ պետք է հնարավոր դարձնել գյուղում ապրելն ու գործելը, հարկավոր է մնալ և փրկել կործանվող ընտանիքներին, պաշտպանել անզոր գյուղացու դատը, փոխել ուսուցանելու վայրենի եղանակը։ Բայց գիշերը ազնիվ խոհերը տեղի են տալիս, երբ բարձրանում է լուսինը, նորից երևում է Չիբուխլուն՝ իր չոր ու անհրապույր տեսարաններով, աթարի դեզերով։ Կամսարյանն անմիջապես փոխում է իր կարծիքը։ Գլխավոր կերպարը կերտված է երգիծական նուրբ հնարքներով, յուրաքանչյուր մանրուքի մեջ բացահայտվում է Կամսարյանի բնավորության ծաղրելի գիծը։ Այն մարդը, որ որոշել է գյուղը փրկել խավարից ու աղքատությունից, սարսափում է, երբ տան կտուրից հող է թափվում գլխարկի ու կոստյումի վրա։ Փափկակենցաղ ու բծախնդիր երիտասարդը գյուղացու տանը ուտում է միայն ձու, մտածելով, թե կեղևի միջով կեղտը չի կարող անցնել։

Գյուղի պատկեր

խմբագրել

Մուրացանը իրական գույներով է պատկերել նախահեղափոխական գյուղի կյանքը։ Չիբուխլուն ներկայացված է գլխավոր հերոս Կամսարյանի հայացքով։ Հենց նույն այս միջոցով էլ Մուրացանը գեղարվեստական մեծ ուժով ցուցադրել է գյուղական կյանքի դառնությունները։ Չիբուխլուի մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են։ Տղամարդկանց հետ ծանր լուծը քաշում են նաև կանայք ու երեխաները, բայց այնուամենայնիվ, գյուղում տիրում է անծայր թշվառություն։ Ցարական պաշտոնյան ապտակում է գյուղացուն՝ չթողնելով նրան օգտվել անտառից։ Վաշխառուն հրեշավոր բարձր տոկոսներ է վերցնում և անպատիժ շրջում։ Հայ գյուղը խավարի և հետամնացության մի մոռացված աշխարհ է։ Շատ բնական է Չիբուխլուի նկարագրությունը։ Դա աղբի շերտերով և աթարի դեզերով ծածկված մի վայր է, ուր գետնին կպած տնակները չեն նմանվում մարդկային բնակարանների։ Չափազանց տպավորիչ են դրսևորում նաև հայ գյուղացու ընչազրկությունն ու աղքատությունը։

Բնության պատկեր

խմբագրել

Մուրացանը բնապատկերի մեծ վարպետ է։ Նա պատկերում է Հյուսիսային Հայաստանը, Դիլիջանի բնությունը, Աղստևի դալարագեղ հովիտը, լեռնային գեղատեսիլ լիճը՝ Սևանը։ Բնանկարները հագեցված են բանաստեղծական վարակիչ տրամադրությամբ։ Բնության պատկերները հոգեբանական տարբեր վիճակներում ներկայացված են բոլորովին տարբեր երանգներով։ Մուրացանը բնապատկերներով նույնպես ընթերցողի մեջ սեր է արթնացնում հայրենի գյուղի նկատմամբ և հասարակական ուշադրության կենտրոն դարձնում այդ մոռացված աշխարհը։

Արտաքին հղումներ

խմբագրել