Առաջարկ և պահանջարկ (անգլ.՝ supply and demand) միկրոէկոնոմիկայում տնտեսական մոդել է, որի միջոցով շուկայում որոշվում է որևէ ապրանքի գինը։ Այս մոդելը սահմանում է, որ մեկ միավոր ապրանքի գինը կշարունակի տատանվել, մինչև այն կհասնի մի կետի, որտեղ առաջարկվող և պահանջվող ապրանքի քանակությունը հավասար են` առաջացնելով տնտեսական հավասարակշռություն գնի և պահանջված քանակության մեջ։

Գրաֆիկական ներկայացում խմբագրել

 
Առաջարկի և պահանջարկի կորերը և նրանց հետ կատարվող փոփոխությունները

Ընդունված է առաջարկված և պահանջված ապրանքի քանակությունը համարել ապրանքի գնից կախված ֆունկցիա, և ստանդարտ գրաֆիկական ներկայացումը` առաջարկված Ալֆրեդ Մարշալի կողմից, պարունակում է ապրանքի գինը ուղղահայաց և քանակությունը հորիզոնական առանցքի վրա։

Առաջարկի և պահանջարկի այլ կարգավորիչները չեն ներկայացվում գրաֆիկական ներկայացման մեջ։ Ուստի նրանց հետ կատարվող փոփոխությունները արտահայտվում են գրաֆիկի կորերի տեղաշարժով։ Գնային փոփոխությունների արդյունքում գրաֆիկի կորերը չեն տեղաշարժվում։ Այսպիսի փոփոխությունները ներկայացվում են կետի տեղաշարժով գրաֆիկի կորերի վրա։

Առաջարկի աղյուսակ խմբագրել

Առաջարկի աղյուսակը ցույց է տալիս ապրանքի գնի և առաջարկված քանակության միջև հարաբերակցությունը։ Կատարյալ մրցակցության դեպքում առաջարկը պայմանավորվում է համախառն ծախսի միջոցով։ Այդ իր հերթին նշանակում է, որ ընկերությունը որոշում է արտադրել հավելյալ ապրանքաքանակ այն դեպքում, եթե այդ ապրանքաքանակի գինը գերազանցում է արտադրության համար նախատեսված ծախսերը։

Հումքային ապրանքների գնի բարձրացման դեպքում առաջարկը կնվազի` իր հերթին բարձրացնելով ծախսերը։ Զեղչերը և գնանկումները ավելացնում են առաջարկը` իր հերթին իջեցնելով ծախսերը և վնասելով արտադրողին։

Առաջարկի կորի ստեղծման բուն գործընթացը ենթադրում է կատարյալ մրցակցություն։ Կատարյալ մրցակցության դեպքում որևէ արտադրող ազդեցություն չունի շուկայական գնի վրա։ Այս դեպքւմ միայն առաջարկի կորի յուրաքանչյուր կետ պատասխանն է այն հարցի, թե տվյալ գնի պայմաններում արտադրողը ինչ քանակություն կարող է վաճառել։ Եթե որևէ արտադրող ունի ազդեցություն շուկայական գնի կամ քանակության վրա, ապա նրա որոշումը` ինչ քանակությամբ ապրանք մատակարարել, չի ազդվում շուկայական գնից և արտադրողը չի առնչվում առաջարկի աղյուսակի հիմնական գաղափարի հետ։

Տնտեսագետները տարբերում են անհատական և շուկայական առաջարկի կորեր։ Շուկայական առաջարկի կորը ստացվում է բոլոր արտադրողների անհատական առաջարկի կորերի միավորումից և քանակությունների գումարից։ Այսպիսով` շուկայական առաջարկի գրաֆիկը ստացվում է անհատական առաջարկի կորերի հորիզոնական միավորումից։

Տնտեսագիտության մեջ առանձնացվում են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ շուկայական առաջարկի կորեր։ Այս համատեքստում, մեկ կամ ավելի ռեսուրսների առկայությունը և տնտեսության մեջ առկա արտադրողների քանակը համարվում է անփոփոխ կարճաժամկետ գործունեության դեպքում։ Երկարաժամկետ գործունեության դեպքում արտադրողները հնարավորություն ունեն ղեկավարել իրենց ձեռքի տակ եղած աշխատուժը` փոփոխելով առաջարկվող քանակությունը յուրաքանչյուր գնի դեպքում։ Երկարաժամկետ գործունեության դեպքում մրցակից արտադրողները կարող են մտնել կամ դուրս գալ տնտեսությունից։ Անկախ ամեն ինչից, երկարաժամկետ շուկայական առաջարկի գրաֆիկը ավելի ուղղագիծ տեսք ունի կարճաժամկետի համեմատ։

Առաջարկը պայմանավորող գործոններն են.

  1. Արտադրական ծախսեր, որը ցույց է տալիս, թե որքան է մեկ միավոր ապրանքի արտադրման ծախսը։ Արտադրական ծախսեր կարող են համարվել հումքի, աշխատուժի, էլեկտրաէներգիայի և նյութերի ծախսերը։ Սրանք կախված են արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական ռեսուրսներից։
  2. Արտադրողներ, ապագա գների սպասելիքներ։
  3. Արտադրողների թիվը։

Պահանջարկի աղյուսակ խմբագրել

Պահանջարկի աղյուսակը, որը գրաֆիկորեն ներկայացնում է պահանջարկի կորը, ներկայացնում է որևէ ապրանքի քանակություն, որը գնողները ցանկանում են և ունակ են գնել տարբեր գների դեպքում` ընդունելով պահանջարկը պայմանավորող մյուս գործոնների անփոփոխ մնալը։ Պահանջարկը պայմանավորող այլ գործոններն են եկամուտը, ճաշակը և նախընտրությունները, փոխարինող և կոմպլեմենտար ապրանքների առկայությունը և գնի փոփոխությունը։ Պահանջարկի օրենքի համաձայն` պահանջարկի կորը մշտապես ունի դեպի ներքև ուղղվածություն, ինչը նշանակում է, որը գնի իջեցմանը համընթաց գնորդների կողմից պահանջված քանակությունը աճում է։

Պահանջարկի կորը պայմանավորված է համախառն արտադրողականության կորերով[1]։ Սպառողները ունակ կլինեն գնելու մի որոշակի քանակություն որոշակի գնի պայմաններում, եթե հավելյալ սպառման համախառն արտադրողականությունը հավասար է հնարավորության ծախսին։ Պահանջարկի աղյուսակը սահմանված է տրված ժամանակահատվածի ընթացքում սպառողների գնողունակությամբ։

Պահանջարկի կորի կառուցումը ենթադրում է սպառողին լինել կատարյալ մրցակից, այսինքն չունենալ ոչ մի ազդեցություն շուկայական գնի վրա։ Այս համատեքստում պահանջարկի կորի մակերևույթի յուրաքանչյուր կետ պատասխանն է այն հարցի, թե ինչ քանակությամբ ապրանք կկարողանա գնել սպառողը, եթե նրան առաջարկվում է տվյալ գինը։ Եթե սպառողը ունի շուկայական պայմանների վրա ազդելու կարողություն, ապա այս մոդելը չի կարող բացատրել շուկայական պահանջարկը ամբողջ ճշտությամբ։

Պահանջարկի կորերը ևս լինում են անհատական և շուկայական։ Շուկայական պահանջարկի կորը ստացվում է որոշակի գնի պայմաններում բոլոր սպառողների կողմից պահանջված քանակությունների գումարից։ Պահանջարկի կորի գրաֆիկը ստացվում է անհատական պահանջարկի կորերի գրաֆիկները հորիզոնական ձևով համադրելով։

Պահանջարկը պայմանավորող գործոններն են

  1. Եկամուտ
  2. Ճաշակ և նախընտրություններ
  3. Միմյանց հետ կապ ունեցող ապրանքների և ծառայությունների գներ
  4. Սպառողների սպասելիքները ապագա գներից և եկամտի փոփոխություններից
  5. Սպառողների թիվը

Միկրոէկոնոմիկա խմբագրել

Հավասարակշռություն խմբագրել

Հավասարակշռությունը սահմանվում է գին-քանակություն հարաբերակցությամբ, որտեղ առաջարկվող և պահանջվող ապրանքների քանակը իրար հավասար են։ Այն գրաֆիկորեն ներկայացվում է առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետով[2]։ Տարբեր հավասարակշռությունների վերլուծությունը միկրոէկոնոմիկայի հիմնական խնդիրներից է։

Շուկայական հավասարակշռություն խմբագրել

Սա մի իրավիճակ է, երբ գինը որոշվում է այնպես, որ պահանջվող և առաջարկվող ապրանքաքանակը ճիշտ ձևով հավասարակշռվում է։ Այս իրավիճակում շուկան հավասարակշռվում է[3]։

Շուկայական հավասարակշռության փոփոխություններ խմբագրել

Առաջարկի և պահանջարկի գործնական հետազոտությունները կենտրոնանում են տարբեր փոփոխականների վրա, որոնք կարող են փոփոխել շուկայական գինը և քանակություն։ Այս փոփոխությունները ներկայացվում են համապատասխան կորերի տեղափոխություններով։ Համեմատական վիճակագրությունը ներկայացնում է փոփխությունների հետևանքով առաջացած նոր հավասարակշռության կետի դիրքը։

Պահանջարկի կորի տեղափոխություններ խմբագրել

 
Առաջարկի և պահանջարկի կորեր: Առաջարկի կորի փոփոխություն:

Տրված գնի պայմաններում սպառողների` պահանջված քանակությունը մեծացնելը կոչվում է պահանջարկի ավելացում։ Ավելացած պահանջարկը գրաֆիկորեն կարող է ներկայացվել դեպի աջ տեղափոխված պահանջարկի կորի ձևով։ Յուրաքանչյուր գնի դեպքում ավելի մեծ քանակություն է պահանջվում դեպի աջ տեղաշարժված պահանջարկի կորի դեպքում։ Գրաֆիկի վրա այս փոփոխությունը ազդում է գնի փոփոխության վրա և P1 կետից տեղափոխում P2: Քանակությունը նույնպես փոփոխվում է` Q1 կետից տեղափոխվելով Q2: Կորի վրա կետի փոփխությունը կոչվում է պահանջվող քանակության մեծացում, որպեսզի կարողանանք տարբերել պահանջարկի մեծացումից, որի դեպքում կորն է տեղաշարժվում դեպի աջ։ Պահանջարկի փոփոխությունը կարող է առաջանալ ճաշակի և նորաձևության, եկամուտի, փոխկապակցված ապրանքների գների, շուկայական սպասելիքների և գնորդների թվի փոփոխության արդյունքում։ Սա կհանգեցնի պահանջարկի կորի ամբողջական տեղափոխության` փոխելով հավասարակշռվող գինը և քանակությունը, որն էլ իր հերթին կահնգեցնի նոր գնի առաջացման և առաջարկի կորի մակերևույթին կետի տեղաշարժի։

Պահանջարկի նվազման դեպքում հակառակն է տեղի ունենում։ Պահանջարկի կորը տեղափոխվում է դեպի ձախ։ Եթե պահանջվող քանակությունը սկսվում է D2 կետից և իջնում D1, ապա հավասարակշռող գինը և քանակությունը նվազում են։ Յուրաքանչյուր գնի դեպքում առաջարկվող քանակությունը կլինի նույնը, ինչը հավաստում է առաջարկի կորի անփոփոխ մնալը, սակայն հավասարակշռվող գինը և քանակությունը փոփոխվում են պահանջարկի փոփոխության հետևանքով։

Առաջարկի կորի փոփոխություններ խմբագրել

Տեխնոլոգիական աճ նկատվելու դեպքում առաջարկի կորը տեղաշարժվում է։ Ենթադրենք մի իրավիճակ, որտեղ ինչ որ մեկը հայտնագործում է մի տեխնոլոգիա, որի միջոցով որոշակի քանակությամբ ցորեն աճեցնելը դառնում է ավելի քիչ ծախսատար։ Այլ կերպ ասած արտադրողները պատրաստ են մատակարարել ավելի մեծ քանակություն յուրաքանչյուր գնի դեպքում։ Առաջարկի կորը տեղաշարժվում է դեպի աջ, որը հանգեցնում է առաջարկի մեծացման։ Այս երևույթը հանգեցնում է հավասարակշռող գնի իջեցմանը։ Հավասարակշռող քանակությունը բարձրանում է սպառողների թվի մեծացմանը զուգընթաց։ Առաջարկի կորի տեղափոխման արդյունքում գինը և քանակությունը շարժվում են հակադիր ուղղություններով։

Առաջարկվող քանակության նվազման դեպքում հակառակ երևույթ է տեղի ունենում։ Եթե առաջարկի կորը սկզբնական դիրքից տեղաշարժվում է դեպի ձախ, հավասարակշռող գինն ու քանակությունը շարժվում են հակադիր ուղղություններով։ Հավասարակշռող գինը կբարձրանա, իսկ հավասարակշռող քանակությունը կնվազի սպառողների թվի կրճատմանը զուգընթաց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Marginal Utility and Demand». Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Microeconomics - Supply and Demand». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Mankiw, N.G.; Taylor, M.P. (2011). Economics (2nd ed., revised ed.). Andover: Cengage Learning.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 526