Առագաստանավ, շարժման համար քամու ուժն օգտագործող նավ։ Քամին ուռեցնում է նրա խոշոր պաստառները՝ առագաստները։ Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են։ Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 մարդուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ։

Առագաստանավ

Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր)։ Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տերիլենը։ Առագաստի գործողության սկզբունքը շատ բանով հիշեցնում է ինքնաթիռի թևի աշխատանքը։ Օդը, շրջահոսելով առագաստը, նրա մի կողմում ստեղծում է բարձր ճնշում և հրող ուժ, իսկ փոխելով քամու նկատմամբ առագաստի անկյունը՝ ղեկորդը առագաստանավի շարժման համար կարող է օգտագործել նաև կողմնային ճնշումը։ Ղեկորդը առագաստանավը ղեկավարող մարդն է, իսկ նրան օգնող նավաստիները կազմում են անձնակազմը։ Որպեսզի առագաստանավը ընթանա անհրաժեշտ ուղղությամբ, նավաստիները փոփոխում են առագաստների փոխադարձ դիրքը, և քամին սահում է դրանց մակերևույթով։ Օգտագործելով այս երևույթը՝ ծովագնացները կարող են առագաստներով լողալ քամու գրեթե ցանկացած անկյան դեպքում։

Երկայնական, մեծ ողնուցը առագաստանավը պահպանում է շրջվելուց, երբ այն ընթանում է կողով դեպի քամին։ Առագաստանավերը կարող են լողալ համընթաց կողային քամու և նույնիսկ հանդիպակաց թույլ քամու ժամանակ։ Խուսանավելու (ոլորաձև շարժվելու) շնորհիվ առագաստանավն ի վիճակի է ընթանալ նաև քամուն հակառակ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 523