Բացել գլխավոր ցանկը

Ապրանքաշրջանառություն, առք ու վաճառքի գործողությունների ամբողջություն, որ ապահովում է ապրանքային զանգվածների հոսքը արտադրությունից դեպի սպառողը։ Առևտրական գործարքների տեսակներից կախված՝ ապրանքաշրջանառությունը լինում է ներքին ու արտաքին, մեծածախ ու մանրածախ։ Ապրանքաշրջանառության հիմնական ցուցանիշներն են՝ ընդհանուր ծավալը, տեսականու կազմը, տարատեղումն ու բաշխումն ըստ առևտրի ձևերի, ինչպես նաև ապրանքային զանգվածի տևականությունը շրջանառության ուղիներում։ Կապիտալիստական հասարակարգում ապրանքաշրջանառությունը զարգանում է անհամաչափորեն։ Մանրածախ աաճը սահմանափակվում է բնակչության հիմնական զանգվածի ցածր գնողունակությամբ։

Արտաքին ապրանքաշրջանառության հիմնական մասերըԽմբագրել

Արտաքին ապրանքաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնում տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներին։ Ընդ որում, այդ երկրները հիմնականում արտահանում են արդյունաբերության պատրաստի ապրանքներ, իսկ թույլ զարգացած և կախյալ երկրները՝ հումք ու պարեն։ Սոցիալիզմի պայմաններում ապրանքաշրջանառության ոլորտը ընդգրկում է ինչպես արտադրության միջոցների, այնպես էլ սպառման առարկաների շարժումը։ Աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով ապրանքաշրջանառության ֆունկցիան իրագործում են ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերը (առևտուր, նյութատեխնիկական մատակարարում, մթերումներ)։ Արտադրության միջոցների շրջանառությունն իրագործվում է ինչպես ձեռնարկությունների ուղղակի կապերի, այնպես էլ մատակարարող, վաճառահանող և մթերող կազմակերպությունների միջոցով։ ժողովրդական սպառման առարկաների շրջանառությունն իրագործում են առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունները։ Սոցիալիստական բոլոր երկրներում ապրանքաշրջանառությունը զարգանում է պլանաչափորեն։ Բարձր տեմպերով աճում է մանրածախ ապրանքաշրջանառությունը և բարելավվում նրա կառուցվածքը։ Սովետական Հայաստանում ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 1928 թվականի 39 մլն. ռուբլու դիմաց 1970 թվականին կազմել է 1254 մլն. ռուբլի, իսկ մեկ շնչին ընկնող ապրանքաշրջանառության համապատասխանորեն՝ 4 մլն. և 498 մլն. ռուբլի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։