Ապաանհատականացում կամ դեինդիվիդուալիզացիա, սոցիալական հոգեբանության մեջ հասկացություն, որն ընդհանուր առմամբ համարվում է սոցիալական խմբերում ինքնագիտակցման կորուստ[1], թեև դա վիճաբանության առարկա է (տես ստորև)։ Սոցիալական հոգեբանի համար վերլուծության առարկան անհատն է սոցիալական իրավիճակի համատեքստում։ Որպես այդպիսին, սոցիալական հոգեբանները շեշտը դնում են ներքին հոգեբանական գործընթացների դերի վրա։ Այլ հասարակագետները, ինչպիսիք են սոցիոլոգները, ավելի շատ մտահոգված են սոցիալական, տնտեսական, քաղաքական և պատմական լայն գործոններով, որոնք ազդում են տվյալ հասարակության իրադարձությունների վրա[2]։

Ընդհանուր ակնարկ

խմբագրել

Ապաանհատականացման տեսություններն ենթադրում են, որ դա ցածր ինքնագնահատականի և գնահատման նվազման մտավախության հոգեբանական վիճակ է, որն առաջացնում է հականորմատիվային և անզուսպ վարք[3]։ Ապաանհատականացման տեսությունը փորձում է բացատրություն տալ հականորմատիվ կոլեկտիվ վարքագծի բազմազանության համար, ինչպիսիք են ագրեսիվ ամբոխները, լինչի ենթարկող ամբոխները այլն[4]։ Ապաանհատականացման տեսությունը կիրառվում է նաև ցեղասպանության նկատմամբ[5] և ներկայացվում է առցանց և համակարգչային միջնորդավորված հաղորդակցություններում հականորմատիվ վարքի բացատրություն[6]։

Թեև ընդհանուր առմամբ ապաանհատականացումը վերլուծվում է բացասական վարքագծի համատեքստում, ինչպիսիք են ամբոխի բռնությունը և ցեղասպանությունը, պարզվել է, որ այն դերակատարում ունի նաև դրական վարքագծի և փորձառության մեջ։ Դեռևս գոյություն ունեն որոշ տատանումներ՝ հասկանալու ապաանհատականացման դերը հականորմատիվ վարքագծերի առաջացման գործում, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես են համատեքստային ազդանշաններն ազդում ապաանհատականացման կառուցվածքի կանոնների վրա։ Ապաանհատականացումը խմբում սեփական անձի զգացումը կորցնելն է։

Հիմնական տեսական մոտեցումներ և պատմություն

խմբագրել

Ժամանակակից սոցիալական հոգեբանության մեջ ապաանհատականացումը վերաբերում է անձի ինդիվիդուալության զգացողության նվազմանը, որի տեղի ունենալը կապված չէ անձի անձնական կամ սոցիալական վարքագծի մասին ունեցած չափանիշների հետ։ Օրինակ, ինչ-որ մեկը, ով ամբոխի անանուն անդամ է, ավելի հավանական է, որ բռնություն գործադրի ոստիկանի նկատմամբ, քան հայտնի անդամը։ Ինչ-որ իմաստով, ապաանհատականացման վիճակը կարող է գրավիչ համարվել, եթե ինչ-որ մեկի վրա այնպիսի ազդեցություն է ունենում, որ նա զգում է, թե ազատ է իրեն իմպուլսիվ կերպով դրսևորելու՝ չմտածելով հնարավոր հետևանքների մասին։ Այնուամենայնիվ, ապաանհատականացումը նմանապես կապված է «բռնի և հակասոցիալական վարքագծի հետ»[7]։

Դասական տեսություններ

խմբագրել

Գուստավ Լը Բան

խմբագրել

Գուստավ Լը Բոնը այս երևույթի` որպես ամբոխների վրա ազդեցություն, վաղ հետազոտողն է: Լը Բոնը ներկայացրել է իր ամբոխի հոգեբանության տեսությունը 1895 թվականի իր «Ամբոխ. հանրային կարծիքի ուսումնասիրություն» (The Crowd: A study of the Popular Mind) հրապարակման մեջ: Ֆրանսիացի հոգեբանը բնութագրել է ամբոխի մտածելակերպի իր ձևակերպած ազդեցությունը, երբ առանձին ինդիվիդների վրա գերակշռում է ամբոխի հավաքական մտածելակերպը: Լը Բոնը ամբոխի վարքը համարել է «միահամուռ, զգացմունքային և ինտելեկտուալ տկար»[8]:

Ըստ նրա տեսության, ամբոխի մեջ անձնական պատասխանատվության անկումը հանգեցնում է ամբողջ խմբի կողմից պարզունակ և հեդոնիստական վարքագծի հակվածության: Սա առաջացնում է մտածելակերպ, որն ըստ Լը Բոնի, ավելի շատ պատկանում է կոլեկտիվին, քան որևէ անհատի, այնպես, որ անհատական հատկանիշները թաքնված են մնում:

Արդեն Լը Բոնը հակվել է ապաանհատականացման հայեցակարգին, որպես վիճակի, որն առաջացել է պատասխանատվության նվազման հետևանքով, որը պայմանավորված է ամբոխին անդամակցելու պատճառով անանունության աստիճանով, որտեղ ուշադրությունը ես-ից տեղափոխվում է խմբի գործողությունն ավելի խթանող, արտաքին որակների վրա (որը կարող է ծայրահեղ լինել)[7]:

Ըստ էության, Լը Բոնը համարել է, որ ամբոխում անհատները գերի են դառնում խմբավորման մտածելակերպին և ընդունակ են իրականացնելու ամենադաժան ու հերոսական արարքներ: Լը Բոնի ամբոխի վարքագծային երևույթների վերաբերյալ խմբային մակարդակի ֆենոմենը Ֆրոյդին, Մակդուգալին, Հերբերտ Բլյումերին և Օլպորտին ոգեշնչել է ստեղծել հետագա տեսություններ կոլեկտիվ հոգեբանության վերաբերյալ:

Ֆեստինգեր և մյուներ

խմբագրել

Ֆեստինգերը, Պեպիտոնը և Նյուքոմբը վերանայել են Լը Բոնի գաղափարները` 1952 թվականին ստեղծելով ապաանհատականացում տերմինը՝ նկարագրելու համար, թե ինչ է տեղի ունենում, երբ խմբում մարդկանց չեն վերաբերվում որպես անհատների[9]: Ըստ այս տեսաբանների, այն, ինչ գրավում է ինդիվիդին լինել որոշակի խմբում, նրանցից յուրաքանչյուրին ստիպում է ավելի շատ շեշտը դնել խմբի վրա, քան անհատների վրա[7]: Խմբի ներսում այս անպատասխանատվությունն ազդում է «ներքին սահմանափակումների նվազման վրա և գերազանցում է սովորաբար զսպվող վարքագիծը»[9]:

Ֆեստինգերը և մյուները համաձայնվել են Լը Բոնի ամբոխում վարքագծի ընկալման հետ այն իմաստով, որ անհատները լուծվում են ամբոխի մեջ, ինչը հանգեցնում է նրանց պատասխանատվության նվազմանը: Այնուամենայնիվ, այս համեմատաբար ժամանակակից տեսաբանները զանազանում են ապաանհատականացումը ամբոխի տեսությունից՝ բարեփոխելով այն գաղափարը, որ ամբոխի ներսում անհատականության կորուստը փոխարինվում է խմբի մտածելակերպով: Փոխարենը, Ֆեստինգերը և մյուները պնդում են, որ անհատականության կորուստը հանգեցնում է ներքին կամ բարոյական սահմանափակումների նկատմամբ վերահսկողության կորստի[10]:

Ռոբերտ Զիլլեր

խմբագրել

Որպես այլընտրանք, ըստ Ռ. Ս. Զիլլերի (1964)[11]` անհատները ենթակա են ապաանհատականացման ավելի կոնկրետ իրավիճակային պայմաններում: Օրինակ, ըստ արժանվույն գնահատվող պայմաններում անհատները խթան են ունենում դրսևորելու անհատականացված որակներ՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար. մինչդեռ, պատժիչ պայմաններում, անհատները հակվածություն ունեն դառնալու անկազմակերպ՝ խմբի մեջ ընկղմվելու միջոցով՝ որպես պատասխանատվությունը ցրելու միջոց[7]:

Ֆիլիպ Զիմբարդո

խմբագրել

Ֆիլիպ Զիմբարդոն (1969) ենթադրել է, որ «հիմնականում զսպված վարքի արտահայտությունը» կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Նա ընդլայնել է առաջարկվող գործոնների տիրույթը, որոնք անանունության և անձնական բարոյական պատասխանատվության կորստի հետ միասին նպաստում են ապաանհատականացմանը[9]` ներառելով «գրգռումը, զգայական գերբեռնվածությունը, համատեքստային կառուցվածքի կամ կանխատեսելիության բացակայությունը և թմրամիջոցների կամ ալկոհոլի պատճառով գիտակցության փոփոխությունը», ինչպես նաև «փոփոխված ժամանակի հեռանկարները... և խմբի գործունեության մեջ ներգրավվածության աստիճանը»:

Ըստ Զիմբարդոյի` այս գործոնները հանգեցնում են «ինքնության կորստի կամ ինքնագիտակցման կորստի», ինչը հանգեցնում է անհատի կողմից արտաքին գրգռիչները չզգալուն և «մոտիվացիաների և հույզերի նկատմամբ ճանաչողական վերահսկողության» կորստի: Հետևաբար, անհատները նվազեցնում են իրենց համապատասխանությունը լավ և վատ պատժամիջոցներին, որոնք ունեն խմբից դուրս գտնվող ազդեցությունների պայմաններում[7]:

Զիմբարդոն համաձայն է Ֆեստինգերի և այլոց հետ իր ենթադրությամբ, որ անհատականության կորուստը հանգեցնում է վերահսկողության կորստի, որի պատճառով ազդված անձինք դրսևորում են ինտենսիվ և իմպուլսիվ վարք՝ բաց թողնելով ներքին սահմանափակումները: Այնուամենայնիվ, նա մշակել է այս մոդելը՝ նշելով «մուտքային փոփոխականները» (իրավիճակային գործոնները), որոնք հանգեցնում են անհատականության այս կորստի, ինչպես նաև արդյունքում առաջացած վարքագծի բնույթը (հուզական, իմպուլսիվ և ռեգրեսիվ):

Զիմբարդոն հետագայում զարգացրել է գոյություն ունեցող ապաանհատականացման տեսությունը՝ ենթադրելով, որ այս արդյունքի վարքագիծը «ինքնաուժեղացնող» է և, հետևաբար, այն դադարեցնել դժվար է: Ավելին, Զիմբարդոն չի սահմանափակել իր խմբային իրավիճակներում կիրառությունը. նա նաև կիրառել է ապաանհատականացման տեսությունը «ինքնասպանության, սպանության և միջանձնային թշնամանքի» նկատմամբ[10]:

Ժամանակակից տեսություններ

խմբագրել

Յոթանասունականների վերջին Էդ Դայները սկսել է դժգոհություն արտահայտել ներկայիս ապաանհատականացման վարկածի վերաբերյալ, որը նա համարել է անվավեր՝ առանց հատուկ ուշադրություն դարձնելու հոգեբանական պրոցեսներին, որոնք հանգեցնում են ապաանհատական վիճակի։ Ըստ նրա` Զիմբարդոյի մոդելը ոչ միայն այդ առումով թերի է, այլև նրա մուտքային փոփոխականների (իրավիճակային գործոնները) դերը հականորմատիվ վարքագիծ առաջացնելու գործում միատեսակ չէ։ Հետևաբար, Դիները ձեռնարկել է կատարելագործել Զիմբարդոյի մոդելը՝ հետագայում հստակեցնելով այն ներքին գործընթացները, որոնք հանգեցնում են ապաանհատականացման:

1980 թվականին նա պնդել է, որ սեփական անձի արժեքներին ուշադրություն դարձնելը ինքնաճանաչման միջոցով մեծացնում է այդ անձի ինքնակարգավորման կարողությունը: Խմբային համատեքստում, երբ ուշադրությունը բաշխվում է դեպի արտաքին (այս մոդելի համաձայն)՝ հեռու ինքն իրենից, անհատը կորցնում է իր գործողությունները ռացիոնալ պլանավորելու ունակությունը և պլանավորված վարքագիծը փոխարինում է շրջակա միջավայրի նշաններին բարձր արձագանքողությամբ[10]: Այսպիսով, ըստ Դիների, ինքնագիտակցման նվազումը «ապաանհատականացման որոշիչ հատկանիշն է»։ Դիները երնթադրում է, որ անանունության վրա խիստ ուշադրություն դարձնելը, որպես ապաանհատականացման առաջնային գործոն, ստեղծել է էմպիրիկ խոչընդոտ, որը պահանջում է վերահասցեավորել թեմայի վերաբերյալ էմպիրիկ հետազոտությունները[9]:

Թեև ապաանհատականացման տեսական էվոլյուցիայի մեջ Դիներին հաջողվել է հեռացնել ուշադրությունը անանունությունից, նա չի կարողացել էմպիրիկորեն պարզաբանել նվազեցված ինքնագիտակցման գործառույթը անարգելված (արգելվածի սահմաններից դուրս) վարքագիծ առաջացնելու գործում:

Ի պատասխան այս երկիմաստության՝ Պրենտիս-Դանը և Ռոջերսը (1982, 1989) ընդլայնել են Դայների մոդելը՝ տարբերելով հանրային ինքնագիտակցությունը մասնավոր ինքնագիտակցությունից: Հասարակական ինքնագիտակցությունը, ըստ նրանց կարող է կրճատվել «պատասխանատվության ազդակներով», ինչպիսիք են պատասխանատվության ցրումը կամ անանունությունը: Նման գործոնները, ըստ այս տեսաբանների, պատճառ են դառնում, որ ամբոխի անդամները կորցնեն իրենց գործողությունների հետևանքների զգացումը: Այսպիսով, նրանք ավելի քիչ են անհանգստանում գնահատվելու մասին և չեն ակնկալում պատիժ:

Անհատական ինքնագիտակցումը (որտեղ ուշադրությունը շեղվում է ես-ից), այնուամենայնիվ, կրճատվում է «ուշադրության ազդակներով», օրինակ՝ խմբային համախմբվածությամբ և ֆիզիոլոգիական գրգռմամբ: Այս կրճատումը հանգեցնում է «ներքին ապաանձնավորված վիճակի» (որը ներառում է մասնավոր ինքնագիտակցման անկում և փոփոխված մտածողություն՝ որպես բնական կողմնակի հետևանքի արդյունք), որը հանգեցնում է «վարքագծի ներքին չափանիշներին համապատասխանող ինքնակարգավորման և ուշադրության նվազմանը»: «Դիֆերենցված ինքնագիտակցման» տեսաբաններն ենթադրել են, որ ինքնագիտակցման երկու ձևերն էլ կարող են հանգեցնել «հականորմատիվային և արգելակող վարքագծի», բայց այս տեսաբանների դեանհատականացման սահմանման մեջ միայն հաշվի է առնված անհատական ինքնագիտակցման նվազման գործընթացը[10]:

Ապաանհատականացման էֆեկտների սոցիալական ինքնության մոդել (SIDE)

խմբագրել

Ապաանհատականացման ամենավերջին մոդելը` Ապաինդիվիդավորման էֆեկտների սոցիալական ինքնության մոդելը ( SIDE -Social identity model of deindividuation effects), մշակվել է Ռասել Սփիրսի և Մարտին Լիի կողմից 1995 թվականին: SIDE մոդելը պնդում է, որ ապաանհատականացման մանիպուլյացիաները կարող են նվազեցնել ուշադրությունը անհատական հատկանիշների և խմբի ներսում միջանձնային տարբերությունների վրա: Նրանք ուրվագծել են իրենց մոդելը՝ բացատրելով, որ սոցիալական ինքնությունը կարող է կատարել երկու ընդհանուր գործառույթ.

  1. անհատական կամ խմբային նույնականության հաստատում, համապատասխանություն կամ ամրապնդում
  2. հանդիսատեսներին համոզել հատուկ վարքագիծ ընդունել:

Այս մոդելը փորձում է իմաստավորել մի շարք ապաանհատական էֆեկտներ, որոնք բխում են իրավիճակային գործոններից, ինչպիսիք են խմբի մեջ խորասուզվելը, անանունությունը և նույնականացման նվազեցումը: Հետևաբար, ապաանհատականացումը խմբային ինքնության աճող կարևորությունն է, որը կարող է առաջանալ նման գործոնների մանիպուլյացիայի արդյունքում[12]: SIDE մոդելը հակադրում է այլ դեանհատականացման բացատրությունները, որոնք ներառում են ես-ի նվազեցված ազդեցությունը: Ռայխերի և այլոց հետագա բացատրությունները նշում են, որ ապաանհատականացման մանիպուլյացիաները ազդում են նորմերի հաստատման վրա՝ ոչ միայն իրենց ազդեցությամբ ինքնորոշման վրա, այլև խմբի անդամների և նրանց լսարանի միջև ուժային հարաբերությունների վրա[13]:

Դասական և ժամանակակից մոտեցումները համակարծիք են ապաանհատականացման տեսության հիմնական բաղադրիչի շուրջ, որ ապաանհատականացումը հանգեցնում է «հականորմատիվ և արգելակված վարքագծի»[9]:

Հիմնական էմպիրիկ բացահայտումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Deindividuation». changingminds.org.
  2. Aronson, Wilson, and Akert. Social Psychology. 7th ed. Rentice Hall:2010.
  3. Diener, Ed; Lusk, Rob; Defour, Darlene; Flax, Robert (1980). «Deindividuation: Effects of group size, density, number of observers, and group member similarity on self-consciousness and disinhibited behavior». Journal of Personality and Social Psychology. 39 (3): 449–459. doi:10.1037/0022-3514.39.3.449.
  4. doi:10.1037/0022-3514.33.2.1788
  5. Staub, Ervin (1996). «Cultural-societal roots of violence: The examples of genocidal violence and of contemporary youth violence in the United States». American Psychologist. 51 (2): 117–132. doi:10.1037/0003-066X.51.2.117. PMID 8746147.
  6. Kiesler, Sara; Sproull, Lee (1992). «Group decision making and communication technology». Organizational Behavior and Human Decision Processes. 52: 96–123. doi:10.1016/0749-5978(92)90047-B.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Roeckelein, Jon. "Deindividuation theory". Elsevier's Dictionary of Psychological Theories. Amsterdam: Elsevier B.V., 2006.
  8. «The Crowd». Encyclopædia Britannica. 15 April 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Postmes, Tom (2001). «Deindividuation». Արխիվացված է օրիգինալից 2009-03-07-ին. Վերցված է 2002-02-12-ին. (Անհատականացման տեսության, ամբոխի մեջ անհատի սոցիալական հոգեբանական նկարագրության և հականորմատիվ կոլեկտիվ գործողությունները բացատրելու փորձի մասին)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Postmes, T. & Spears, R. (1998). "Deindividuation and antinormative behavior: A meta-analysis". Psychological Bulletin, 123, 238–259.
  11. Ziller, Robert C. Individuation and socialization: A theory of assimilation in large organizations. 1964
  12. Reicher, S. D.; Spears, R.; Postmes, T. (1995). «A Social Identity Model of Deindividuation Phenomena». European Review of Social Psychology. 6: 161–198. doi:10.1080/14792779443000049.
  13. Reicher, S. D. (1987). "Crowd behaviour as social action". In J. C. Turner, M. A. Hogg, P. J. Oakes, S. D. Reicher, & M. S. Wetherell (Eds.), Rediscovering the social group: A self-categorization theory (pp. 171–202). Oxford, England: Basil Blackwell

Արտաքին հղումներ

խմբագրել