Աչքի պրոթեզ, ապակե կամ պլաստմասսայե արհեստական աչք։ Ըստ ծիածանաթաղանթի և սպիտապատյանի գույնի՝ աչքի պրոթեզը պետք է համապատասխանի առողջ աչքին, ըստ ձևի և չափի՝ շաղկապենային խոռոչին։

Աչքի պրոթեզ

Խորհուրդ է տրվում աչքի պրոթեզը գիշերը հանել, մշակել բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ) և պահել չոր վիճակում։ Դպրոցական և պատանեկան տարիքում պրոթեզը մշակելուց հետո նորից հարկավոր է տեղադրել ակնաճեղքում (գիշերն այն հանել խորհուրդ չի տրվում, քանի որ հնարավոր է բացակայող աչքի ակնախոռոչի ոսկրերի աճի կասեցում)։

Աչքի պրոթեզի մաշվելու դեպքում (առաջանում են խորդուբորդություն, ճաքեր) անհրաժեշտ է փոխարինել նորով (սովորաբար՝ 1,5-2 տարի անց)։

Աչքի պրոթեզ ակնաճեղք դնելու համար լայն ծայրն ուղղում են դեպի քունքը՝ գոգությամբ դեպի վեր, վերին կոպը վեր են բարձրացնում և դրա տակ տեղադրում պրոթեզի լայն եզրը, ստորին կոպը հետ են քաշում այնքան, որ այն գտնվի պրոթեզի եզրից ցած։ Կոպը բաց թողնելիս պրոթեզն ակնակապիճում ճիշտ դիրք է գրավում։ Պրոթեզը հանում են՝ ստորին կոպը հետ քաշելով և դրա վրա սեղմելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչքի պրոթեզ» հոդվածին։