Աշխատանքի տարակարգ, ցուցանիշ, որը բնութագրում է աշխատանքի բարդության աստիճանը և որոշվում տարիֆաորակավորման տեղեկատուին համապատասխան)։ Աշխատանքի վարձատրության կազմակերպման ժամանակ աշխատանքի որակը գնահատելու համար արտադրության բոլոր ճյուղերում կատարվող աշխատանքները, ըստ դրանց բարդության, ճշտության և պատասխանատվության աստիճանի, խմբավորվում են, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի որակավորման տարիֆային կարգ։ Արտադրության ճյուղերի մեծ մասում բոլոր աշխատանքներն ըստ որակավորման աստիճանի բաժանվում են վեց կարգի։ Աշխատանքի տարակարգ համարը ցույց է տալիս, թե որակավորման որ խմբին է այն պատկանում։ Պարզ աշխատանքները վերագրվում են առաջին տարիֆային կարգին։ Ըստ աշխատանքի բարդացման աստիճանի բարձրանում է նաև դրա տարակարգի համարը։ Այն աշխատանքները, որոնք վերագրվում են ավելի բարձր տարիֆային կարգերի և հետևաբար պահանջում են ավելի որակավորված աշխատանքի ծախսումներ, առավել բարձր են վարձատրվում։ Տեխնոլոգիապես համասեռ աշխատանքների բարդության աստիճանը սահմանվում է վերլուծական մեթոդով։ Դրա համար աշխատանքային պրոցեսը տրոհում են առանձին ֆունկցիաների՝ աշխատանքի նախապատրաստման, աշխատանքային պրոցեսի իրականացման, սարքավորումների կառավարման (սպասարկման), կատարման հուսալիության ապահովման և այլն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է բալային համակարգով։ Կոնկրետ աշխատանքի վերագրումն այս կամ այն տարակարգին իրականացվում է բոլոր ֆունկցիաների գծով հավաքած բալերի գումարի հաշվառմամբ։ Եթե աշխատանքները տարբերվում են կատարման տեխնոլոգիայով, ապա դրանց ճիշտ գնահատման համար փորձարարական մեթոդով որոշվում է որոշակի բարդության աշխատանքի կատարման ունակություններ և որակավորում ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամանակի քանակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 610