Անուղղակի խնդիր

Բայական անդամի խնդիր լրացման տեսակ

Անուղղակի խնդիր, բայական անդամի լրացումներ, ցույց է տալիս բայի հետ կապվող այնպիսի առարկաներ, որոնք չեն դառնում գործողությունը կրողը, առարկան, այլ, ի տարբերություն ուղիղ խնդրին, անուղղակիորեն են լրացնում նրան։ Այն բայերը, որոնց լրացնում են պարագաները, դրվում են չեզոք և կրավորական, ավելի քիչ նաև ներգործական սեռերով։

Անուղղակի խնդիրներ են՝ հանգման (որի մեջ է մտնում նաև մատուցման խնդիրը), անջատման, միջոցի, ներգործող, վերաբերության։

ՀանգմանԽմբագրել

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ Հաղթողին առաջարկեցին ևս մեկ խնդիր։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

ՄատուցմանԽմբագրել

Մատուցման անուղղակի խնդիրը հիմնականում հանդես է գալիս որպես հանգման խնդրի մաս, սակայն կարող է դիտարկվել նաև որպես առանձին խնդիր։ Այս խնդիրը նույնպես դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որին տրվում, հանձնվում, մատուցվում է ինչ-որ բան։

Օրինակ՝ Արամը ծաղկեփունջը տվեց քրոջը։ Ես նրան նվիրեցի մի սքանչելի նկար։ Վիրավորվածին հանձնվեց իր տոմսը։

ԱնջատմանԽմբագրել

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։

Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

ՄիջոցիԽմբագրել

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։

ՆերգործողԽմբագրել

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

ՎերաբերությանԽմբագրել

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

ԱղբյուրներԽմբագրել

  • Վիգեն Ավագյան, «Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար», Անուղղակի խնդիրներ, էջ 47-49