Անմեռուկ չռված
Անմեռուկ չռված | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ցեղ | Անմեռուկ (Xeranthemum) |
Տեսակ | Անմեռուկ չռված (X. squarrosum) |
Միջազգային անվանում | |
Xeranthemum squarrosum |
Անմեռուկ չռված (լատին․՝ Xeranthemum squarrosum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Անմեռուկը միամյա խոտաբույս է, որն ունի 10-60 սմ բարձրություն, թույլ զարգացած առանցքային արմատ, կողավոր ցողուն և ճյուղավոր հիմք։ Սրածայր տերևները համարյա նստադիր են, ամբողջաեզր և նշտարաձև։ Հետերոգամ ծաղիկներն, որոնք հավաքված են զամբյուղներում, ունեն բազմաշարք, կղմինդրաձև դասավորված փաթաթոց, որի արտաքին տերևիկները սպիտակավուն են, թափանցիկ, ներքիները՝ վարդագույն և փայլուն։ Զամբյուղների վարդագույն սռնակներով եզրային ծաղիկները ստերիլ են։ Խողովակաձև, կանոնավոր պսակով բազմաթիվ միջին ծաղիկները երկսեռ են։ Մուգ շագանակագույն սերմիկներն ունեն փուփուլիկներ[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ժայռերի վրա, լեռնային տափաստաններում, թփուտներում, անապատներում։ Հանդիպում է Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Երևանում։ Գեղազարդային բույս է, որն երբեմն աճեցվում է այգիներում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման շրջանում հավաքված տերևները, ցողունները և ծաղկազամբյուղները։ Օգտագործվում է ստամոքսի և սրտային որոշ հիվանդությունների բուժման համար։ Ատամնացվի դեպքում օգնում են անմեռուկի խոտային մասի ջրային թուրմով ողողումները[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.