Այծախոտ
Գիտական դասակարգում


Այծախոտ (Galega), այծամորուք, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ, կերային բույս։

Տարածվածություն

խմբագրել

Հայտնի է 4 (6) տեսակ Եվրոպայի հարավում և հարավ-արևելքում, Արևմուտքում, Ասիայում, ԽՍՀՄ-ի տարածքում՝ 2 տեսակ։ Արևելյանը (Gorientalis) տարածված է Կովկասի լեռնային, նախալեռնային և անտառային շրջաններում,Այսրկովկասում, հազվադեպ՝ Ղրիմում։ Փորձարկված է որպես մշակաբույս։ Կարելի է մշակել երեքնուկի աճման շրջաններում՝ սևահողերում, ճմապոդզոլային, ողողվող ջրաբերուկային հողերում և թեթև ավազակավերում։ Ցանքում պահպանվում է 8-10 տարի։ Երկհար է, ցրտակայուն, վաղահաս, երաշտադիմացկուն։

ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ենթալպյան բարձրախոտերում և մարգագետիններում, գետափերին ու անտառի բացատներում աճում են դեղատու և արևել յան այծախոտերը։

Նկարագրություն

խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները խոշոր են, բարդ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ կապույտ կամ սպիտակ։ Պտուղը նեղ գլանաձև բազմասերմ ունդ է։ Դեղատու ալրակերը պարունակում է ալկալոիդ (գալեգին),C վիտամին, ինսուլինանման նյութ։ Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ՝ շաքարախտի և բրոնխային հեղձուկի դեպքերում։ Ցանում են վաղ գարնանը լայնաշար եղանակով, միջշարային տարածությունը՝ 45–60 սմ, առանձին ցանքի չափաքանակները՝ 25–30 կգ/հա, դաշտավլուկազգիների հետ խառնուրդի դեպքում՝ 18–20 կգ/հա, խորությունը՝ 1,5–3 սմ։ Կանաչ զանգվածի բերքատվությունը 2 հնձից 500 ց/հա է, 100 կգ-ը պարունակում է 20–28, սիլոսը՝ 20–22 կերային միավոր։ Սիլոսի և կանաչ զանգվածի 1 կերային միավոր պարունակում է համապատասխանաբար 160–190 և 115-158 գ մարսելի պրոտեին։

Այծախոտից պատրաստում են սիլոս, խոտալյուր, սպիտակուցավիտամին. մածուկ, որոնք ախորժալի կեր են բոլոր կենդանիների համար։ Որպես արոտավայր՝ պիտանի չէ։ Վաղ մեղրատու է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։