«Աղավնիները թռչում են» (գերմ.՝ Tauben fliegen auf), հունգարա-շվեյցարացի գրող Մելինդա Նադյ Աբոնիի գերմաներեն վեպը, որը գրվել է 2010 թվականին։ Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա։ Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում։ Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ։ Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ[1]։

Աղավնիները թռչում են
Վեպի հայերեն թարգմանության շապիկ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄելինդա Նադյ Աբոնի

Վեպն արժանացել է ամենամյա «Գերմանական գրքի մրցանակին»։ Առաջին անգամ «Գերմանական գրքի մրցանակը» շվեյցարացի է ստացել, և առաջին անգամ այդ մրցանակին է արժանացել մեկը, որի մայրենի լեզուն գերմաներենը չէ։ Գիրքն արժանացել է նաև «Շվեյցարական գրքի մրցանակին»։

Հայերեն տպագրվել է 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Գայանե Գինոյան[2]։ Փետրվարի 16–ին Գերմաներենի ուսուցման կենտրոնում այն ներկայացվել է ընթերցողին։

Վեպի կառուցվածք և սյուժե խմբագրել

Վեպը բաղկացած է 14 գլխից, որոնցում իմաստային կապը և պատմվող դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը խախտված են։ Հեղինակը պատումը վարում է առաջին դեմքից և սյուժեն զարգացնում հիշողությունների վերապատման միջոցով։ Հիմնական գործողությունները տեղի են ունենում Շվեյցարիայում, երբ Հարավսլավիայի էթնիկական պատերազմը դեռ նոր է սկսվում։ Վեպի առաջին գլուխը սկսվում է գլխավոր կերպարներից մեկի՝ Իլդիի մանկությունից մի դրվագով, որ նկարագրում է Կոչիշ ընտանիքի այցելությունը իրենց հարազատ գյուղաքաղաքում՝ Վոյվոդինայում ապրող բարեկամների տուն։ Իլդին և քույրը՝ Նոմին, որ մի քանի տարի առաջ լքել էին իրենց հարազատ տունը՝ 1970–ականների սկզբին Շվեյցարիա արտագաղթած ծնողներին միանալու համար, վերապրում են իրենց մանկությունը յուրօրինակ կարոտով և սիրով, ինչը ստեղծում է նոստալգիկ տրամադրություն` ուղեկցվելով վեպի ամբողջ ընթացքում։ Իլդին և Նոմին վերհիշում են վաղուց լքած հարազատ տունը, մասնակցում բարեկամներից մեկի՝ Նանդորի հարսանիքին և կարոտած զրույցներ վարում տատիկի՝ մամիկայի հետ։ Վեպը լի է նմանատիպ հետադարձ հայացքներով, որ պատմում են անհոգ մանկության ուրախ օրերից՝ կարծես օգնելով Իլդիին հաղթահարելու օտարության մեջ հարազատ տան և դեմքերի նկատմամբ կարոտի ծանր զգացողությունը։ Անցում կատարելով ավելի մոտ անցյալին՝ Իլդին պատմում է, թե ինչպես արտագաղթից շատ տարիներ անց՝ լվացքատուն, ապա փոքր սրճարան աշխատեցնելուց հետո՝ 1993 թվականին, իր ընտանիքը վերջապես վարձակալում է համայնքի ամենահայտնի «Մոնդիալ» սրճարանը, որը նույն թվականի հունվարից սկսում են աշխատեցնել՝ փորձելով պահպանել նախկին տերերի վաստակած բարի համբավը։ Ծնողներին օգնելու համար սրճարանում աշխատանքի անցնելով՝ Իլդին ավելի մոտիկից է ուսումնասիրում շվեյցարական այդ փոքր քաղաքի առօրյան և բնակիչներին, դրանով իսկ փորձում հասկանալ օտարի մշակույթը և իր ու իր ընտանիքի հանդեպ տեղացիների տրամադրվածությունը։ Չնայած իրենց հունգարական ծագմանը՝ ընտանիքին դժվարությամբ է հաջողվում ինտեգրվել օտար մշակույթին, քանի որ իրենք արտագաղթել էին Հարավսլավիայից, որն Արևմուտքում բավականին վատ համբավ էր վայելում։ Կոչիշների ընտանիքը հայտնվում է երկու մշակույթների խաչմերուկում՝ հետադեմ Հարավսլավիայի և արդիականացող Շվեյցարիայի, վարում էմիգրանտի կղզիացած և մերժված կյանք, առերեսվում դժվարությունների, որոնց բախվում էին բոլոր նրանք, ովքեր հայտնվել էին թե՛ արտագաղթողի, թե՛ փախստականի ծանր կարգավիճակում։ Իլդին ինքը, նոր մշակույթի հետ ձուլման հեռանկարով խաբված, վերջիվերջո հուսախաբ է լինում, երբ, ստիպված լինելով հանդուրժել տեղացիների նախապաշարված և վիրավորական վերաբերմունքը, հանգում է իր ընտանիքի թափած ջանքերի ապարդյունության գիտակցմանը, մինչդեռ իր հայրենիքում լքված հարազատները ծանր զրկանքներ են կրում Բալկանյան պատերազմի հորձանուտում։ Դառը նոստալգիայով և կարեկցող ռեալիզմով հագեցած «Աղավնիները թռչում են» վեպում Նադյ Աբոնին, քաջ ծանոթ լինելով արտագաղթով պայմանավորված դժվարություններին, ցույց է տալիս, թե որքան ցավ ու կորուստ են պարունակում նույնիսկ ամենահաջող էմիգրանտական պատմությունները։

Վեպի գլուխներ խմբագրել

  1. Տիտոյի ամառը
  2. Կոչիշների ընտանիքը
  3. Սահմանապահ ոստիկաններ, լացող ուռիներ
  4. Բառեր, ինչպես
  5. Երկնային
  6. Աշխարհներ
  7. Յուլի
  8. Դալիբոր
  9. Մենք
  10. Real big
  11. Մամիկան և պապուցին
  12. Սերը։ Ծովը։ Գետը
  13. Ձեռքերը օդում
  14. Նոյեմբեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Նոր գիրք» 3/20. Մելինդա Նադյ Աբոնի «Աղավնիները թռչում են»». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  2. «Աղավնիները թռչում են». Zangak. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել