Ակնկալվող պարտքային կորուստներ

Ակնկալվող պարտքային կորուստներ, պարտքային կորուստների միջին կշռված մեծությունը, որը որոշվում է՝ որպես կշռող գործակիցներ օգտագործելով պարտազանցման տեղի ունենալու համապատասխան ռիսկերը[1]։

Պարտքային կորուստը կազմակերպությանը հասանելիք բոլոր պայմանագրային դրամական հոսքերի և կազմակերպության կողմից ակնկալվող ստացվելիք դրամական հոսքերի միջև տարբերությունն է (այսինքն` բոլոր դրամական պակասուրդները)` զեղչված սկզբնական արդյունքային տոկոսադրույքով (կամ պարտքային ռիսկով ճշգրտված արդյունքային տոկոսադրույքով՝ գնված կամ սկզբնավորված պարտքային առումով արժեզրկված ֆինանսական ակտիվի համար)։ Կազմակերպությունը պետք է գնահատի դրամական հոսքերը՝ դիտարկելով ֆինանսական գործիքի պայմանագրային բոլոր պայմանները (օրինակ՝ վաղաժամ մարումը, երկարացումը, գնման կամ նմանատիպ օպցիոնները) տվյալ ֆինանսական գործիքի ակնկալվող ժամկետի ընթացքում։ Դիտարկվող դրամական հոսքերը պետք է ներառեն պահվող գրավի վաճառքից կամ պարտքի որակի բարելավման այլ միջոցներից հոսքերը, որոնք կազմում են պայմանագրային պայմանների անբաժանելի մասը։ Ենթադրվում է, որ ֆինանսական գործիքի ակնկալվող ժամկետը հնարավոր է արժանահավատորեն գնահատել։ Այնուհանդերձ, այն հազվագյուտ դեպքերում, երբ ֆինանսական գործիքի ակնկալվող ժամկետը հնարավոր չէ արժանահավատորեն գնահատել, կազմակերպությունը պետք է օգտագործի ֆինանսական գործիքի մնացորդային պայմանագրային ժամկետը։

ՃանաչումԽմբագրել

Կազմակերպությունը պետք է ճանաչի կորստի պահուստ ակնկալվող պարտքային կորուստների գծով կամ չափվող ֆինանսական ակտիվի, վարձակալության գծով դեբիտորական պարտքի, պայմանագրի գծով ակտիվի կամ փոխատվության հանձնառության և ֆինանսական երաշխավորության պայմանագրի համար, որոնց նկատմամբ կիրառվում են արժեզրկման պահանջները։

Կազմակերպությունը պետք է կիրառի արժեզրկման պահանջները իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների համար կորստի պահուստի ճանաչման և չափման համար։ Այնուամենայնիվ, կորստի պահուստը պետք է ճանաչվի այլ համապարփակ ֆինանսական արդյունքում և չպետք է նվազեցնի ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում։

ԳնահատումԽմբագրել

Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը պետք է ֆինանսական գործիքի համար կորստի պահուստը չափի ամբողջ ժամկետի ընթացքում ակնկալվող կորուստներին հավասար գումարով, եթե այդ ֆինանսական գործիքի համար պարտքային ռիսկը սկզբնական ճանաչումից ի վեր նշանակալիորեն մեծացել է։

Արժեզրկման պահանջների նպատակը ամբողջ ժամկետի ընթացքում ակնկալվող պարտքային կորուստների ճանաչումն է այն ֆինանսական գործիքների համար, որոնց պարտքային ռիսկը սկզբնական ճանաչումից ի վեր նշանակալիորեն աճել է՝ կա՛մ անհատական, կա՛մ խմբային հիմունքով գնահատման արդյունքում՝ դիտարկելով ողջամիտ և հիմնավորվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ նաև ապագայամետ։

Եթե հաշվետու ամսաթվի դրությամբ ֆինանսական գործիքի գծով պարտքային ռիսկը սկզբնական ճանաչումից ի վեր նշանակալիորեն չի մեծացել, կազմակերպությունը պետք է այդ ֆինանսական գործիքի համար կորստի պահուստը չափի 12-ամսյա ակնկալվող պարտքային կորուստներին հավասար գումարով։

Փոխատվության հանձնառությունների և ֆինանսական երաշխավորության պայմանագրերի համար անշրջելի հանձնառության կողմ դառնալու ամսաթիվ է համարվում արժեզրկմանը վերաբերող պահանջների կիրառման նպատակով սկզբնական ճանաչման ամսաթիվը։

Եթե կազմակերպությունը ֆինանսական գործիքի կորստի պահուստը նախորդ ժամանակաշրջանում չափել է ամբողջ ժամկետում ակնկալվող պարտքային կորուստների գումարով, սակայն ընթացիկ հաշվետու ամսաթվի դրությամբ որոշում է, որ կազմակերպությունը ընթացիկ հաշվետու ամսաթվի դրությամբ կորուստների գծով պահուստը պետք է չափի 12-ամսյա ակնկալվող պարտքային կորուստների գումարով։

ՉափումԽմբագրել

Կազմակերպությունը պետք է չափի ֆինանսական գործիքի գծով ակնկալվող կորուստների պահուստը այնպիսի ձևով, որն արտացոլում է՝

ա) անկողմնակալ և հավանականությամբ կշռված գումար, որը որոշվում է՝ գնահատելով հնարավոր արդյունքների տիրույթը,

բ) փողի ժամանակային արժեքը,

գ) անցյալ դեպքերի, ընթացիկ պայմանների և ապագա տնտեսական պայմանների կանխատեսումների վերաբերյալ ողջամիտ և հիմնավորվող տեղեկատվությունը, որը հասանելի է հաշվետու ամսաթվի դրությամբ առանց անհարկի ծախսումների կամ ջանքերի։

Ակնկալվող պարտքային կորուստները չափելիս կազմակերպությունը պարտավոր չէ նույնականացնել բոլոր հնարավոր իրավիճակները կամ զարգացումները։ Այնուամենայնիվ, այն պետք է դիտարկի պարտքային կորստի տեղի ունենալու ռիսկը կամ հավանականությունը՝ արտացոլելով պարտքային կորուստ տեղի ունենալու հնարավորությունը և պարտքային կորուստներ տեղի չունենալու հնարավորությունը, նույնիսկ եթե պարտքային կորստի տեղի ունենալու հնարավորությունը շատ փոքր է։

Առավելագույն ժամկետը, որը դիտարկվում է ակնկալվող պարտքային կորուստները չափելիս, պայմանագրի առավելագույն ժամկետն է (ներառյալ երկարացման հնարավորությունները), որի ընթացքում կազմակերպությունը ենթարկված է պարտքային կորստին և չպետք է գերազանցի այդ ժամանակաշրջանը, նույնիսկ եթե այն համապատասխանում է գործարար պրակտիկային։

Այնուամենայնիվ, որոշ ֆինանսական գործիքներ ներառում են ինչպես փոխատվություն, այնպես էլ չօգտագործված փոխատվության հանձնառության բաղադրիչ, և պայմանագրով նախատեսված կազմակերպության կարողությունը՝ փոխառության մարումը պահանջելու և չօգտագործված հանձնառությունը դադարեցնելու, չի սահմանափակում կազմակերպության ենթարկվածությունը պարտքային կորուստներին միայն պայմանագրով նախատեսված ծանուցման ժամանակաշրջանով։ Այդպիսի և միայն այդպիսի ֆինանսական գործիքների համար կազմակերպությունը պետք է չափի ակնկալվող պարտքային կորուստները այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում կազմակերպությունը ենթարկված է պարտքային ռիսկին և ակնկալվող պարտքային կորուստները չեն մեղմվի պարտքային ռիսկի կառավարմանն ուղղված գործողություններով, նույնիսկ եթե այդ ժամանակաշրջանը գերազանցում է պայմանագրային առավելագույն ժամանակաշրջանից։

ՀաշվառումԽմբագրել

Կազմակերպությունը շահույթում կամ վնասում, որպես արժեզրկումից օգուտ կամ կորուստ, պետք է ճանաչի ակնկալվող պարտքային կորուստների (կամ դրանց հակադարձումների) այն գումարը, որն անհրաժեշտ է, որպեսզի հաշվետու ամսաթվի դրությամբ կորստի պահուստը ճշգրտվի մինչև այն գումարը, որը պահանջվում է ճանաչել։

Առևտրական դեբիտորական պարտքերի գծով ակնկալվող պարտքային կորուստների պահուստի հաշվառման նպատակով կարող է օգտագործվել 223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը։ 223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը նախատեսված է առևտրային գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Հաշիվը պասիվային է, կարգավորող։ Կրեդիտում արտացոլվում են պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում` անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումները, ինչպես նաև մնացորդի ճշգրտումները։ Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ։ Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով։ Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների, ձևավորման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ