Ականջի հիվանդություններ

Ականջի հիվանդություններ, հիվանդություններ, որոնք կապված են ականջի և լսողական համակարգի օրգանների ֆունկցիաների խանգարման հետ։

Լսողության խանգարում

խմբագրել
 
Կամերտոն

Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ՝ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով (գործիք, որն արձակում է վայրկյանում որոշակի թվով տատանումներ)։ Լսողությունն ավելի ստույգ որոշվում է հատուկ ապարատների՝ լսաչափերի (աուդիոմետր) միջոցով։ Վերջին տարիներին ավելի լայնորեն կիրառվում է լսողության հետազոտության նոր մեթոդ՝ պատկերընկալ լսաչափություն (համակարգչի օգնությամբ)։ Մեթոդը հիմնված է ականջում ի պատասխան ձայնի առաջացող լսողական նյարդի կենսահոսանքների գրանցման վրա։ Պատկերընկալ լսաչափության մեթոդով լսողության հետազոտումը հատկապես կարևոր նշանակություն ունի վաղ մանկական տարիքում։

Ականջաբորբ

խմբագրել

Ականջի բորբոքային հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է ականջաբորբը։ Կախված նրանից, թե ականջաբորբի որ բաժինն է ախտահարված, տարբերում են՝ արտաքին, միջին և ներքին ականջաբորբեր։ Եթե բուժումը ժամանակին է կատարվում, ապա մեծ մասամբ ականջի բորբոքումը բուժվում է, իսկ բժշկի նշանակումներին չհետևելուց կամ ինքնաբուժումից հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական, երբեմն էլ՝ առաջանալ բարդություններ՝ ուղեղապատյանաբորբ (մենինգիտ), արյան վարակում (սեպսիս), գլխուղեղի հյուսվածքների թարախակույտերի առաջացում և այլն։

Միջին, ներքին ականջաբորբի, լսողական նյարդի բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև օտոսկլերոզի ոչ ժամանակին բուժումը կարող է հանգեցնել լսողության թուլացման (ծանրալուրություն) կամ խլության։ Ծանրալուրության և խլության մասնակի պատճառներ են նաև վարակիչ հիվանդությունները (գրիպ, ուղեղապայանաբորբ, կարմրուկ, խոզուկ), ինչպես նաև հակաբիոտիկների առանց հսկողության օգտագործումը (հատկապես ինքնաբուժման ժամանակ), աղմկոտ արտադրամասում աշխատելը, որտեղ չեն պահպանվում տեխնիկայի անվտանգության կանոնները և ամբողջությամբ չեն օգտագործվում անհատական պաշտպանության միջոցները։ Անհրաժեշտ է հիշել, որ ծանրալուրությունը կարող է աստիճանաբար առաջանալ և երկար ժամանակ աննկատ մնալ։ Դա վտանգավոր է հատկապես մանկական տարիքում, քանի որ կարող է ազդել երեխայի զարգացման վրա։ Կարելի է որոշել նույնիսկ կրծքի երեխաների լսողության արձագանքը, նրանք գլուխը շրջում են դեպի ձայնը։

Բավական հաճախ (հատկապես՝ երեխաների) ականջ են ընկնում օտար մարմիններ (մետաղե գնդիկներ, փոքրիկ կոճակներ և այլն), սողոսկում են փոքրիկ միջատներ, որոնց դուրս հանելը վտանգավոր է։ Ականջ թափանցած միջատներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է լսողական անցուղի կաթեցնել մի քանի կաթիլ բուսական յուղ (վազելինի, ձիթապտղի) կամ բորաթթվի սպիրտային լուծույթ։ Ականջից օտար մարմինը սխալ դուրս հանելիս հնարավոր է այն ներս մղվի (կամ վնասի ականջը), և այդ դեպքում հեռացնելը դառնում է շատ վտանգավոր, ուստի պետք է դիմել բժշկի։ Ականջի ախտահարումներից ավելի հաճախակի հանդիպում է ականջախեցու ցրտահարությունը։

Կանխարգելում

խմբագրել

Ականջի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի քթային շնչառությունը, ուստի պետք է ժամանակին բուժել (հատկապես՝ երեխաների) գեղձանմանները, քթի պոլիպները, հայմորիտը, վերացնել քթի միջնապատի ծռումները և այլն։ Նույնիսկ այնպիսի սովորական հիվանդությունից, ինչպիսին սուր հարբուխն է, կարող է առաջանալ ծանրալուրություն (քթի խոռոչում օդի ճնշումը բարձրանալիս և քիթը մաքրելիս լորձը միջին ականջ թափանցելիս)։ Քթանցքերը պետք է մաքրել առանձին-առանձին՝ քթի միջնապատին սեղմելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։