Ականջաբուրդ

բույսերի ցեղ
Ականջաբուրդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Ականջաբուրդ
Լատիներեն անվանում
Gnaphalium


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ականջաբուրդ (լատին․՝ Gnaphalium), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։ Հայրենիքը Հարավային Եվրոպան է։

Նկարագրություն խմբագրել

50 սմ բարձրությամբ փռված ճյուղերով, մանր, սպիտակափայլ խավով պատված տերևներով խոտաբույս է։ Բազմանում է կտրոններով, ջերմատան պայմաններում։ Վաղ գարնանը կտրոնները աճեցնում են ջերմատանը պահվող մայրակներից, գետի մաքուր, լվացած ավազով լի արկղերի մեջ։ Անհրաժեշտ է խուսափել ավելորդ խոնավությունից, որը կարող է կտրոնների նեխման պատճառ դառնալ։ Հուլիս-օգոստոս ամիսներին արմատակալած առողջ կտրոններն անհրաժեշտ է տնկել սկզբում 7-9, իսկ հետագայում՝ 11-12 սմ-անոց թաղարներում։ Մշակության մեջ հանդիպում են G.lanatum Hort. և G. minimum Hort. տեսակները։ Վերջինիս տերևները համեմատաբար փոքր են։ Ականջաբուրդը նախընտրում է լուսավոր վայրերը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Պահանջում է չափավոր ոռոգում[1]։

15-25 սմ բարձրություն ունեցող ուղիղ ցողունների վրա հերթադիր դասավորված են պարզ ամբողջաեզր նստադիր տերևները։ Երկարավուն արմատամերձ տերևները հակաձվաձև են, իակ ցողունայինները՝ գծային-նշտարաձև։ Ցողուններն ու տերևները ծածկված են խիտ սպիտակ մազիկներով։ Դեղին կամ նարնջագույն, մանր, խողովակաձև ծաղիկները հավաքված են ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա դասավորված միածաղիկ զամբյուղներում, որոնք հիմքային մասում շրջապատված են բարակ փշանման կոշտ մազիկների փնջերով։ Փաթաթոցի արտաքին բաց-երկնագույն երկարավուն տերևիկները ավարտվում են երկար փշերով։ Երկսեռ խողովակաձև ծաղիկները բաց երկնագույն են կամ սպիտակ, իսկ ծաղկաբույլերն ունեն ամպագույն-մոխրագույն երանգ։ Ծաղկաբույլի ընդհանուր փաթաթոցի տերևիկները կարճ են, խոզանաձև, ետ ծալված և ցողունին կպած։ Պտուղները գլանաձև երկարավուն սերմիկներ են՝ ծածկված խիտ մազիկներով և խոզաններից կազմված փուփուլիկ[2]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետափերին, աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում[2]։

Նշանակություն խմբագրել

Ձմռան ընթացքում բույսերը լավ խնամելուց հետո վաղ գարնանը կարելի է օգտագործել որպես մայրակներ։ Ծաղկային ձևավորումներում կարելի է օգտագործել եզրաշերտերի և խմբերի ձևավորման համար։ Լավ արդյունք է ստացվում բույսը բույսից 8-10 սմ հեռավորության վրա տնկելու դեպքում։ Լավ է դիմանում խուզմանը, ինչի շնորհիվ բույսին կարելի է տալ ցանկացած ձև։ Ավելի ձևավոր դարձնելու նպատակով կարելի է փայտե կարթերով ամրացնել գետնին[1]։

Բուժական նպատակներով գործածում են սերմնապտուղները, որոնք պարունակում են ճարպային յուղեր, ալկալոիդներ (էխինոպսին և այլ)։ Օգտագործում են որպես քրտնաբեր և միզամուղ միջոց։ Ճարպային յուղը արտաքին կիրառման եղանակով գործածվում է մի շարք մաշկային հիվանդությունների բուժման համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 *Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  2. 2,0 2,1 2,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջաբուրդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջաբուրդ» հոդվածին։