Ախտարական գրականություն

Ախտարական գրականություն, գրականության տեսակ, որը պարունակում է երդմնեցուցչական բանաձևեր և աղոթքներ, կենցաղային, հասարակական և քաղաքական երևույթների մասին հմայագրեր։ Հիմքը ժողովրդական բանահյուսությունն է։

Սկզբնավորում խմբագրել

Սկզբնավորվել է հեթանոսական շրջանում բնության չար ուժերի, գազանների և հիվանդությունների դեմ մարդու մղած պայքարի ընթացքում, զարգացել միջնադարյան Մերձավոր Արևելքի երկրներում։ Հայ մատենագրության մեջ Ախտարական գրականություն անունով հայտնի են կախարդական ու սնապաշտական կարգի և բժշկական սնոտիաբանություններ պարունակող գրվածքները։ Ախտար անունը, որ գալիս է պահլավական axtar (կենդանակերպ, համաստեղություն), պարսկկական axtar (աստղ, բախտ) բառից, ձեռագրերում հաճախ պատահում է «աղթար» ձևով։ Ախտարական «արվեստը» հիմնվում էր մարդու ֆիզիկական ու հոգեկան կյանքում և բնության մեջ ենթադրվող գերբնական ուժերի օգտագործման գաղափարի վրա՝ աներևույթ ոգիների գործունեությունը համարելով շարժիչ ուժ հասարակական ու բնական անհասկանալի երևույթների համար։ Այսպես՝ հիվանդությունը, անհաջողությունը, դժբախտությունը, աղետները վերագրվում էին դևերի չար ազդեցությանը, ինչպես և առողջությունը, հաջողությունը, բարեբախտությունը, երջանկությունը համարվում էին ոգիների բարյացակամության և շնորհի արդյունք, ըստ որում, միջոցներ էին ենթադրվում չար դևերին կապելու (չեզոքացնելու), հալածելու և բարի ոգիների օգնությունն ապահովելու համար։

Կիրառում խմբագրել

Միջնադարյան հայ հասարակության կյանքում, ինչպես և այլ երկրներում, լայն ասպարեզ կար այս «արվեստը» կիրառողների համար, որոնց տրվում էին դյութ, թովիչ, կախարդ, մոգ, վհուկ, հմայ, ձեռնածու, աղանդավոր և այլ անուններ։ Ախտարական արվեստը սկզբում սերտորեն կապված էր աստղաբաշխության հետ, սակայն վերջինս, որպես աստղերի զննության հետ կապված «արվեստ», ունեցել է ուրույև զարգացում, այնպես որ համապատասխանաբար մշակված աստղաբաշխական գրականությունն իր բնույթով հետզհետե մեկուսացել է Ախտարական գրականությունից։ Ախտարական «արվեստը» կապված էր նաև բժշկական արվեստի հետ՝ օգտագործելով բույսերի և հանքային արտադրությունների բուժական հատկությունները, հիվանդներին ներշնչելու մեթոդը ևն։ Միջնադարյան բժշկությունը իր հերթին օգտագործում էր ախտարական «արվեստի» միջոցները։ Ախտարական գրականությունյան նյութերը լայն հնարավորություններ են տալիս հասարակական երևույթների ուսումնասիրության համար։ Դրանց նյութերի մեջ ժողովրդի պատկերացումների հետ միասին արտահայտվում են և նրա գաղափարները, ցանկություններն ու ձգտումները՝ կյանքի բարելավման, աևհատի բարօրության մասին։

Հայերեն նյութերը խմբագրել

Ախտարական գրականությունյանը պատկանող հայերեն նյութերի հիմնական մասն իր ծագումով հայկական է. կան նաև հունական, ասորական և մանավանդ արաբամուսուլմանական ծագում ունեցող նյութեր։ Ախտարական գրվածքները խիստ հարուստ նյութ են պարունակում հայկական ազգագրության համար՝ հայկական հին կենցաղի և ժողովրդական հավատալիքների նկարագրություններով, հայկական բժշկության պատմության համար՝ ժողովըրդական բժշկության ավանդներով, հայկական լեզվաբանության համար՝ ախտաբանական, բուսաբանական, կենդանաբանական և այլ տերմիններով և բարբառային բառապաշարով ու քերականության բարբառային տարրերով, հայկական անգիր դպրության համար՝ ժողովրդական բանահյուսության հետաքրքիր նմուշներով։ Հայկական Ախտարական գրականությունյան մի շարք նմուշներ իրենց երկերում վարպետորեն օգտագործել են մեր գրողները (Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 203