Ալնվիքի ճակատամարտ, մեկը երկու ճակատամարտերից, որոնք տեղի են ունեցել Ալնվիք քաղաքի մոտ, Նորթումբերլանդիայում, Անգլիա։ Այս ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1093 թվականի նոյեմբերի 13-ին, Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ը, նաև հայտնի որպես Մալքոլմ Քենմոր, սպանվել է իր որդի Էդվարդի հետ Ռոբերտ դե Մոուբրեյի գլխավորած ասպետների բանակի կողմից։

Ալնվիքի ճակատամարտ
Թվականնոյեմբերի 13, 1093
ՎայրAlnwick?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

Այն ժամանակ, երբ Անգլիայի Ուիլյամ II թագավորը, որը հայտնի էր որպես Ուիլյամ Ռուֆուս, եկել էր իշխանության գլուխ, հյուսիսային Նորթումբրիայի կառավարման հարցը դեռ բաց էր։ Ուիլյամը ձեռնամուխ է եղել դա ուղղելուն, նշանակելով հզոր բարոնների, որոնք կհսկեին սահմանն ու կկանխեին շոտլանդական ներխուժումները։ Պարզվում է, որ Մալքոլմ Քենմորը նպատակներ է ունեցել Քումբրիայի ու Նորթումբրիայի հետ կապված, և 1091 թվականի մայիսին արշավել է Նորթումբրիա ու պաշարել Դուրհամը։ Դա ստիպել է Ռուֆուսին մեծ բանակով շարժվել հյուսիս՝ այդ սպառնալիքին դիմագրավելու։ Նա առաջացել է դեպի Շոտլանդիա, և Մալքոլմը նահանջել է նրա զորքի առաջ։ Ի վերջո կնքվել է զինադադար ու Ուիլյամը հետ է քաշվել։

Հաջորդ տարի Ուիլյամն ուժեղացրել է իր դիրքը Քումբրիայում, որպեսզի կանխի շոտլանդական ներխուժման հնարավորությունն այնտեղ։

Հաջորդ ներխուժմանը դրդած իրադարձությունները որոշակի չեն, բայց 1093 թվականի նոյեմբերին Մալքոլմը բանակ է առաջնորդել դեպի Նորթումբրիա ու սկսել Ալնվիքի պաշարումը։

Ճակատամարտ խմբագրել

 
«Մալքոլմի խաչը»․ ասում են, որ այն գտնվում է հենց այն վայրում, որտեղ Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ը սպանվել է 1093 թվականին՝ Ալնվիք ամրոցի վրա հարձակվելիս

Այդ ժամանակ Ռոբերտ դե Մոուբրեյը Նորթումբրիայի կոմսն էր, որին ներել էին Ուիլյամ II-ի դեմ 1088 թվականի ապստամբությանն իր մասնակցությունը։ Նա նաև Բամբուրգ ամրոցի կառավարիչն էր, որը գտնվում էր նորթումբրիական ափին։ Մոուբրեյը բավականաչափ զորք չի ունեցել իր հրամանատարության տակ բաց ճակատամարտում շոտլանդացիներին դիմադրելու համար։ Այդուհանդերձ նա ձեռնամուխ է եղել Ալնվիքն ազատագրելուն։ Նա այնտեղ է ժամանել նոյեմբերի 13-ին (որը հայտնի է որպես սուրբ Բրայսի օր) և հանկարծակիի բերելով շոտլանդական բանակին, անգլիացի ասպետները հարձակվել են նրանց վրա Ալնվիքի դարպասների դիմաց։

Կռվի ժամանակ զոհվել են և՛ Մալքոլմ Քենմորը, և՛ իր որդի Էդվարդը։ Աղբյուրը, որի մոտ նրանք մահացել են, հետագայում կոչվել է «Մալքոլմի աղբյուր», կամ «Մալքոլմի ջրհոր»։ Մալքոլմի մահը թողել է շոտլանդական բանակն առանց առաջնորդի, և նրանք հետ են վերադարձել Շոտլանդիա։ Մալքոլմի ու իր որդու մարմինները թաղվել են Թայնմաութի մենաստանում։ Հստակություն չկա, արդյոք Մալքոլմի մարմինը վերաթաղվել է Դանֆերմլայն վանքում, թե ոչ։

Հետևանքներ խմբագրել

Մալքոլմի մահին անմիջապես հաջորդել է իր թագուհի Մարգարեթի մահը։ Մալքոլմի ու իր ժառանգորդի մահը նշանակում էր, որ վեճ է առաջացել Մալքոլմի կենդանի որդիների ու իր կրտսեր եղբայր Դոնալդ Բեյնի միջև՝ գահը ժառանգելու իրավունքի համար։ Դոնալդը դարձել է թագավոր, բայց քաղաքացիական պատերազմ է սկսվել մալքոլմի որդիների կողմից նրան գահընկեց անելու համար։ Շոտլանդիայում ուժեղ ու անվիճելի թագավորի բացակայությունը շահեկան էր նաև Ուիլյամ Ռուֆուսի համար։

Ռոբերտ դե Մոուբրեյը, որը հաղթել էր Մալքոլմին, հետագայում միացել է բարոնական դավադրության Ուիլյամ Ռուֆուսի դեմ 1095 թվականին, որի արդյունքում ունեզրկվել ու ցմահ բանտարկվել է։

Մի կոպիտ քարե հուշարձան է տեղադրվել մատնանշելու ճակատամարտի վայրը Ալնվիքից դեպի հյուսիս։ 1774 թվականին դրան փոխարինել է ավելի ժամանակակից հուշարձան՝ Մալքոլմի խաչը, որը տեղադրվել է Նորթումբերլնդիայի դքսուհու կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել


  • John Sadler, Battle for Northumbria, 1988, Bridge Studios, 0-9512630-3-X
  • Norman McCord and Richard Thompson, The Northern Counties from AD 1000', 1998, Addison Wesley Longman Limited, 0-582-49334-X