Ալեքսանդր Բոբրովսկի
Ալեքսանդր Անդրեևիչ Բոբրովսկի (ռուս.՝ Александр Андреевич Бобровский, հոկտեմբերի 8, 1922, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 7, 1956, Հունգարիա), Խորհրդային բանակի կապիտան, 1956 թվականին խորհրդային զորքերի կողմից Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)։
Ալեքսանդր Բոբրովսկի | |
---|---|
հոկտեմբերի 8, 1922 - նոյեմբերի 7, 1956 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան վայր | Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ և Հունգարական հեղափոխություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բոբրովսկին ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Ռյազանի նահանգի Ռանենբուրգի շրջանի Լոմովոե գյուղում (ներկայում՝ Չապլիգինսկի շրջան, Լիպեցկի մարզ), գյուղացու ընտանիքում։ Ստացել է ոչ լրիվ միջնակարգ կրթություն։ 1940 թվականին զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ 1941 թվականին Բալաշով քաղաքում ավարտել է օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին նախ ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի պահեստային ավիագնդում, ապա այլ զորամասերում։ 1945 թվականից անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։ 1950-ական թվականներին Ալեքսանդր Բոբրովսկին ծառայել է խորհրդային բանակի հատուկ կորպուսում, որ գտնվում էր Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության տարածքում։ 1956 թվականի նոյեմբերին կապիտան Ալեքսանդր Բոբրովսկին եղել է 177-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիադիվիզիայի 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար։ Աչքի է ընկել 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման ժամանակ[1]։
1956 թվականի նոյեմբերի 7-ին Ալեքսանդր Բոբրովսկին՝ որպես Իլ-28 ռմբակոծիչի անձնակազմի հրամանատար, կատարել է ռազմական առաջադրանքը՝ լուսանկարել հունգարական ռազմական գործարանները։ Ինքնաթիռում նրա հետ միասին գտնվել են նաև ղեկապետ, գվարդիայի կապիտան Դմիտրի Կարմիշինը և ռադիստ ավագ լեյտենանտ Վլադիմիր Յարցևը։ Առաջադրանքը կատարելուց հետո՝ օդանավակայան վերադառնալու ճանապարհին, նրանց ինքնաթիռն Չեպել կղզու մոտ ենթարկվել է զենիթային գնդակոծման և ընկել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Բոբրովսկու, Յարցևի ու Կարմիշինի մարմինները տեղափոխվել են ԽՍՀՄ և թաղվել Ուկրաինական ԽՍՀ Լվով քաղաքի Լիչակովի գերեզմանատանը[1]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար գվարդիայի կապիտան Ալեքսանդր Բոբրովսկուն հետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Նրան շնորհվել են նաև Լենինի շքանշան և մեդալներ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ալեքսանդր Բոբրովսկին «Երկրի հերոսները» կայքում». warheroes.ru. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին.
Գրականություն
խմբագրել- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Дорогой славы и бессмертия. — Воронеж, 1966.