Ալեկոծություն կովկասյան ափերին (նկար)

Ալեկոծություն կովկասյան ափերին, Վարդան Մախոխյանի ծովանկարներից է, իր տեղանքով կովկասյան ափերին բնորոշ տեսարան։

Ալեկոծություն կովկասյան ափերին
տեսակգեղանկար
նկարիչՎարդան Մախոխյան
ժանրգեղանկարչություն
հիմնական թեմաալեկոծված ծով
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Ալեկոծությունը նոր է սկսվել.դա զգացվում է ծովի խորքում գոյացած սպիտակափրփուր ալիքներից, որոնք մերթ հայտնվում են, մերթ` անհետանում։ Այդ պահն արտահայտված է նաև պատնեշի նման ափին մոտեցած մի մեծ ալիքով, որը պատկերի ամբողջ լայնքով առաջ է շարժվում` պատրաստ փլվելու ափի ավազներին, որտեղ քիչ առաջ իր վախճանն էր գտել մեկ ուրիշը։ Հիացմունք են առաջացնում հմտորեն պատկերված ափի բարձրաբերձ, ուղղաձիգ հսկայական ժայռերը, որոնք, լուսավորված մայր մտնող արևի շողերով, իրենց բազմաթիվ կտրվածքներով տեղանքին հանդիսավորություն են տալիս։ Ժայռերի ծերպերին թառած են սպիտակ ճայերը, որոնք կարծես հանդիսատես լինեն` սպասելով ալեկոծության ավարտին։ Նրանցից մի քանիսը, ահաբեկված ալեբախության դղրդյունից, անհանգիստ ճախրելով, օդ են բարձրացել։ Ժայռի այս հատվածը ուշագրավ է իր վեհաշուք տեսքով։ Ժայռի ստորոտում կատաղի ալիքների ու մեծ ժայռաբեկորների բախումից առաջ եկած աննկարագրելի իրադրությունը` ժայռնիվեր շպրտվող ալիքների շեղջերով, ցայտերով, կատաղությունից փրփուրների վերածված ջրի հսկայական տեղատվությամբ իր բազում գուներանգներով սքանչելի տեսարան է ներկայացնում։ Պատկերին հանդիսավորություն է տալիս կիսով չափ ամպամած երկինքը, որտեղից արևի շողերը ճառագայթել են ծովի վրա։ Հորիզոնում առագաստանավակ է, որը սոսկ կոմպոզիցիոն լրացում է։ Մախոխյանի ծովանկարներում չկան ո'չ նավեր, ո'չ նավբեկության երևույթներ։

Արձագանքներ խմբագրել

Թիեպո Սիսոն, նկատի ունենալով ալեկոծության այդպիսի տեսարանները, գրել է. «Ծով ու երկինք, հեղուկ զանգվածներ, որ հավիտենական կշռույթին հետների հոսանքով գահավիժաբար հարձակվում են, վեհապանծ խոյանքով գալիս են ընկնում ծովափին կամ փրփուրների հոսանքով գահավիժաբար հարձակվում են ապառաժ քարաժայռերի վրա, թախծալից ու խոր տխրության գորշ անսահմանություններ, որտեղ փոթորկից առաջ խտանում է օվկիանոսի ամբողջ կատաղությունը։ Վարպետ նկարչի դիմագծի և նկարների միջև նույն արտահայտիչ բնորոշումը և կորովն է կարգում, նույն ազնվականությունը և կնիքը, բնության անզուսպ ուժերն ու ներդաշնակությունը։ Դեռ երբեք չէի տեսել այս նյութը, այս ահարկու կյանքը այդչափ ճշմարտությամբ և այդպիսի գծագրությամբ ներկայացված, նրանք մնում են անմրցելի»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987