Տիբուլլուս
Ալբիուս Տիբուլլուս (լատին․՝ Albius Tibullus, մ.թ.ա. 55 - 19 թթ.), հին հռոմեացի բանաստեղծ, էլեգիայի ժանրի վարպետ։ Նրա կենսագրության մասին հիմնական տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա ստեղծագործություններն են։ Սերվել է ունևոր, սակայն ոչ ազնվական ընտանիքից, պատկանել է «հեծյալների» դասին։ Եղել է քաղաքականությունից հեռու մարդ, նրա բանաստեղծություններում գրեթե չեն հիշատակվում Հռոմի հասարակական կյանքը, քաղաքական իրադարձությունները։ Կարելի է եզրակացնել, որ նա ներքուստ չի ընդունել Օգոստոս կայսեր հաստատած կարգերը։ Իր ստեղծագործություններում երազում է հանգիստ, հասարակական խժդժություններից հեռու գյուղական միջավայր, խիստ ատելությամբ խոսում արյունահեղ պատերազմների, կուտակման տենչի և շահամոլության մասին։
Տիբուլլուս լատին․՝ Albius Tibullus | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 54 և ոչ ուշ քան մ. թ. ա. 48 |
Ծննդավայր | Գաբիի, Իտալիա |
Վախճանվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 19 և ոչ ուշ քան մ. թ. ա. 18 |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և elegist |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Corpus Tibullianum? |
Tibullus Վիքիպահեստում |
Մեզ են հասել Տիբուլլուսի էլեգիաների երկու գրքույկ և դրանց մեջ չմտնող մեկ էլեգիա ու մեկ էպիգրամ։ Մի շարք այլ գործեր, որոնք միջնադարյան ձեռագրերում վերագրված են հռոմեացի բանաստեղծին, ներկայումս համարվում են նրա գրչին չպատկանող։ Նրա պոեզիայի հիմնական թեման սերն է առ բանաստեղծի երկերում Դելիա և Նեմեսիս կեղծանուններով հիշատակվող երկու կնոջ։ Սիբուլլուսի սիրային քնարերգությունը չունի Կատուլլուսի կենդանի անմիջականությունը, բայց դրա փոխարեն այն օժտված է ապրումների առավելագույն նրբությամբ, կառուցվածքային ու լեզվական կատարելությամբ։
Տիբուլլոսի անունով պահպանվել է եղերերգությունների մի ժողովածու՝ բաղկացած 3 գրքից (նոր հրատարակչությամբ՝ 4 գիրք), որոնցից հաստատապես նրան են պատկանում առաջին երկուսը և 2 բանաստեղծություն՝ 3-րդից։ Տիբուլլոսի եղերերգությունների թեմաներն են՝ ընտանեկան օջախը, ընկերուհու նկատմամբ հավատարմությունը, աստվածների մեծարումը, գյուղական և ընտանեկան հանդեսները, պատերազմի, ինչպես և փառասիրության ու հարստության ունայն մոլուցքի դատապարտումը։ Տիբուլլոսի քնարերգությանը բնորոշ են թեմաների ու տրամադրությունների ճկուն անցումները, ոճի նրբագեղությունը, անբասիր ճաշակը և չափի զգացումը։ Լեզուն պարզ է և խիստ գրական։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբուլլուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 695)։ |