Ալբերտ Շահինյան

խորհրդային հայ գիտնական, կոնստրուկտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Սիմոնի Շահինյան (հունիսի 14, 1934(1934-06-14), Արմավիր, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2000(2000-08-20), Գոմել, Բելառուս), խորհրդային հայ[1] գիտնական, կոնստրուկտոր։ Բելառուսի ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, ԲՃԱ-ի Գոմելի մասնաճյուղի նախագահության նախագահ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ժողովուրդների բարեկամության շքանշանի ասպետ, Միջազգային ինժեներական ակադեմիայի մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի հիդրոտեխնիկական ընկերության պատվավոր անդամ, ԽՍՀՄ տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ, Բելառուսական ԽՍՀ վաստակավոր գյուտարար, Բելառուսի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]։

Ալբերտ Շահինյան
Ծնվել էհունիսի 14, 1934(1934-06-14)
Արմավիր, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2000(2000-08-20) (66 տարեկան)
Գոմել, Բելառուս
Մասնագիտությունգիտնական և նախագծող ճարտարագետ
Հաստատություն(ներ)Գոմելի Պավել Սուխոյի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Շաhինյանը ծնվել է 1934 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1957 թվականին Ռոստովի գյուղատնտեսական ինժեներական ինստիտուտի հաստոցաշինական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Արմավիրի փորձարարական մեքենաների գործարանում, որտեղ վարպետից հասել է մինչև կոնստրուկտորական բաժնի վարիչ։ 1973 թվականից՝ ստեղծման օրից մինչև 13 տարի, Շահինյանն աշխատել է որպես Գոմելի սեյսմիկ տեխնիկայի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյի (ներկայումս «Սեյսմոտեխնիկա» գիտաարտադրական միավորում) տնօրեն։ Այդ ժամանակահատվածում հատկապես վառ կերպով դրսևորվել է Շահինյանի տաղանդը որպես գիտնական, հետազոտող և կազմակերպիչ։ Ստեղծել է նավթի և գազի որոնման և ռազմական կիրառական խնդիրների լուծման համար օգտագործվող սեյսմիկ ազդանշանների իմպուլսի և վիբրացիայի աղբյուրների տեսությունը։ Մշակել է «սեյսմիկ ազդանշանների աղբյուր-երկրաբանական միջավայր» համակարգերի վերլուծության և սինթեզի մեթոդները։ Նրա անմիջական հսկողության ներքո և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են ստացիոնար և շարժական բազայի իմպուլսային և վիբրացիոն ազդանշանների նոր սեյսմիկ կայաններ, որոնք կիրառություն են գտել տարբեր ոլորտներում և նախատեսված են երկրի վիբրացիաների արձանագրման, երկրաշարժերի կանխատեսման, նավթի արդյունահանման ավելացման և սեյսմիկ կապի իրականացման համար[3]։

Շահինյանը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ մասնագետների և բարձրագույն գիտական որակավորում ունեցող անձնակազմի պատրաստման աշխատանքներին։ Պատրաստել է տաղանդավոր կոնստրուկտորների և մեքենաների հետազոտողների մի ամբողջ համաստեղություն, որոնցից ոմանք Ռուսաստանում ղեկավարել են խոշոր գործարաններ և կոնստրուկտորական բյուրոներ, որոնցից շատերը հաջողությամբ աշխատում են ԱՄՆ-ում և Իսրայելում։

Շահինյանը հեղինակ է 272 գիտական աշխատությունների, այդ թվում` գյուտերի, հեղինակային իրավունքի 182 վկայականի և 12 արտասահմանյան արտոնագրերի։

1986-2000 թվականներին Ալբերտ Շահինյանը եղել է Գոմելի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորը։ Նրա ղեկավարությամբ մշակվել է զարգացման ծրագիր, որն ուղղված է եղել կրթության որակի և մակարդակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գործունեության վերջնական արդյունքի համար պատասխանատվության ամրապնդմանը, կրթական և գիտական գործունեության մեջ ինքնաիրացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, հրատապ խնդիրները լուծելու և արտադրության պահանջները բավարարելու նպատակով կոլեկտիվի ջանքերի միավորմանը, հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից պահանջները։ Այդ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է բոլոր բնագավառներում՝ ընդլայնվել են համալսարանի ուսումնական տարածքները, բացվել են նոր ֆակուլտետներ, չորս ամբիոններ, ասպիրանտուրա, մագիստրատուրա և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության խորհուրդ, լույս է տեսել «Գոմելի Պ. O. Սուխոյի անվան տեխնիկական համալսարանի տեղեկագիր» գիտական և գործնական ամսագրի առաջին համարը, սկսվել է մասնագետների պատրաստումը յոթ նոր մասնագիտությունների գծով։

Ալբերտ Շահինյանը մշակել և դասընթացներ է կազմակերպել «Ռոբոտների և մանիպուլյատորների պնեվմոհամակարգեր», «Նյութերի և կառուցվածքների փորձարկման հիդրավլիկ և էլեկտրահիդրավլիկ համակարգեր», «Փորձարկման տեխնիկա» թեմաներով, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Իտալիայում կազմակերպել է համակարգերի դինամիկայի վերաբերյալ առանձին դասախոսությունների շարք։

1986 թվականի մայիսին և հետագա տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման գործում։ Սկսել է համատեղ աշխատանքային ծրագիր մշակել Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի համար` Չեռնոբիլի աղետի հետևանքները վերացնելու համար։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի միջոցով համագործակցության համար ներգրավել է գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Շոտլանդիայից և այլ երկրներից։ Որպես ակադեմիկոս և Միջազգային ինժեներական ակադեմիայի նախագահների խորհրդի անդամ՝ Շահինյանին հաջողվել է այդ ծրագրի վրա գրավել բազմաթիվ առաջատար փորձագետների ուշադրությունը, նրանց ջանքերը միավորել աղետի հետևանքների դեմ պայքարին ուղղված կոնկրետ խնդիրների լուծման գործում։

Անդամակցություն խմբագրել

  • Ֆրանսիայի հիդրոտեխնիկական ընկերության պատվավոր անդամ,
  • Միջազգային ինժեներական ակադեմիայի նախագահների խորհրդի անդամ,
  • ԽՍՀՄ տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշանի ասպետ,
  • Միջազգային ինժեներական ակադեմիայի մրցանակի դափնեկիր։

Հիշատակ խմբագրել

  • Գոմելի Պավել Սուխոլի անվան պետական տեխնիկական համալսարանի պատին փակված է Շահինյանի հուշատախտակը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել