Ազիզբեկյաններ, Ազիբեկենք (Ազիզբեկ Ա իշխանի անունով), իշխանական տոհմ ուշ միջնադարյան Հայաստանում։ Ազիզբեկյանների տիրույթները տարածվում էին Արայի լեռան հարավարևմտյան մատույցներում, կենտրոնն էր Եղվարդը։ XIV դարում վասալական կախման մեջ էին Զաքարյաններից։ Ազիզբեկյանների մասին մեզ հասած առաջին գրավոր փաստաթուղթը Ներսես գրչի՝ Եղվարդում գրած մի հիշատակարանն է (1318), որի համաձայն, Ազիզբեկյանների նշանավոր ներկայացուցիչ Ազիզբեկ Ա-ն վերաշինել է թշնամիների ավերած Եղվարդը և իշխել այնտեղ՝ ծառայելով Շահնշահ Զաքարյանին։ Ազիզբեկ Ա-ն Քասաղ գետից ջրանցք է բացել, կառուցել Եղվարդի Ս. Հակոբ եկեղեցին։ XIV դարում Ազիզբեկյանների տոհմի հայտնի գործիչներից էր Արարատյան թեմի արքեպիսկոպոս Մանվելը։

XIV-XV դարերում Եղվարդում Ազիզբեկյանների հովանավորությամբ ծաղկում է կրթական գործը։ 1394-1404 թվականներին հայ մանկավարժ Սիմեոն Այրիվանեցու ջանքերով կազմվել են արժեքավոր տեղեկություններ պարունակող ձեռագիր հիշատակարաններ։ XV դարի երկրորդ կեսից Ազիզբեկյանների հոգևոր և աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր Եղվարդի արքեպիսկոպոս Մանվել III-ի ձեռքում։ Ազիզբեկյանների 1491 թվականից 1667 թվականի գործունեության մասին հիշատակություն չկա։ 1667 թվականին Բջնիում Ազիզբեկյանները նորոգել են Ազիզբեկ Ա-ի և նրա տիկնոջ՝ Վախախի ավետարանը։

Գրականություն խմբագրել

  • Հովսեփյան Գ., Ազիբեկենք և նրանց շինարարական գործը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստ-ի», գիրք 1-2, 1921-22։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 116