Ազգերի լիգան և Հայկական հարցը
Ազգերի լիգան և Հայկական հարցը։ Ազգերի լիգան միջազգային կազմակերպություն էր՝ ստեղծված Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմամբ, 1919-ին ինչպես ասված էր այդ կազմակերպության կանոնադրության մեջ՝ խաղաղությունը պահպանելու և ժողովուրդների միջև համագործակցություն զարգացնելու նպատակով։ Ազգերի լիգայի ղեկավար մարմինները գտնվում էին ժնևում (Շվեյցարիա), որտեղ գումարվում էին նրա համաժողովները (ասամբլեա)։ Ազգերի լիգայում ղեկավար դեր էին խաղում Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ԱՄՆ-ը չմտավ այդ կազմակերպության մեջ, իսկ ԽՍՀՄ-ին թույլատրեցին անդամագըրվել միայն 1934-ին։ Լիգան գոյություն ունեցավ մինչև 1939 թվականը. սկսված երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում նա փաստորեն դադարեց գործել՝ անկարող լինելով կատարել իր հիմնական դերը՝ խաղաղության պահպանումը։ Պաշտոնապես լուծարվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո. 1946 թվականին։ Ազգերի լիգան քանիցս անդրադարձել է Հայկական հարցին․ այդ կազմակերպության անդամ դառնալու՝ Հայաստանի դիմումի քննարկաման, Հայաստանի նկատամամբ մանդատի հաստատման, 1920-ի թուրք-հայկական պատերազմի, Թուրքիայում, այսպես կոչված «Հայկական ազգային օջախի» ստեղծման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և այլնի կապակցությամբ։ Հայաստանը Ազգերի լիգայի մեջ ընդունելու դիմումը հայկական կառավարությունը ներկայացրել էր 1920 թվականի մայիսին։ Ձեռնարկելով այդ՝ նա ենթադրում էր, որ միջազգային հանրությունը կպարտավորվի պաշտպանել Հայաստանը (որպես Լիգայի անդամի) Թուրքիայի ոտնձգություններից։ Դիմումը մի քանի ամիս քննարկվելուց հետո մերժվեց. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրակացրին, որ «ներկայումս ցանկալի չէ այդպիսի քայլը», քանի որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում Էր անկախ պետություն, դեռ վավերացված չէր։ Բացի այդ, Վ. Վիլսոնի գծած Հայաստանի սահմանները այնքան ձգված էին, որ Ազգերի լիգայի անդամ տերությունները «ներկա պայմաններում դժվարությամբ կարող էին ստանձնել դրանք երաշխավորելու կամ պաշտպանելու պատասխանատվությունը» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 691)։ Իրականում այդ մերժումը պայմանավորված էր նախ և առաջ Թուրքիայի շահերը պաշտպանելու՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ձգտմամբ. Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը անհանգստացրել էր Ազգերի լիգայի առաջատար տերություններին, որոնք վախենում էին կորցնել իրենց ազդեցությունը Թուրքիայում։ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու հարցը Ազգերի լիգայում դրվել է 1919-ին։ Սակայն փոփոխված քաղաքական իրադրությունը (խորերդ. կարգերի հաստատումը Հայաստանում), ինչպես նաև ԱՄՆ-ի կոնգրեսի բացասական դիրքորոշումը այդ հարցի նկատմամբ պրեզիդենտ Վ. Վիլսոնին հարկադրեցին հրաժարվել մանդատը ստանձնելու մտքից (տես Հայաստանի մանդատ 1920)։ 1920-ի հոկտեմբերին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը ներխուժեցին Հայաստան և սպառնում էին նրա գոյությանը, Հայաստանի կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ օգնության խնդրանքով։ Դիմումը քննարկելուց հետո, 1920-ի նոյեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խորհուրդը որոշեց դիմել Լիգայի անդամ պետություններին ու ԱՄՆ-ին՝ փորձելով պարզել, թե այդ երկրներից որևէ մեկը առանձին կամ ուրիշների հետ մեկտեղ, կհամաձայնի՞ արդյոք միջոցներ ձեռնարկել երկու պետությունների միջև ռազմ, գործողությունները դադարեցնելու համար։ Պրեզիդենտ Վ. Վիլսոնը պատրաստակամություն հայտնեց միջնորդ լինել, պայմանով, որ մյուս տերությունները բարոյական և դիվանագիտական աջակցություն ցույց տան իրեն։ Բայց մինչդեռ հարցը քննարկվում էր Ազգերի լիգայում, Հայաստանը պարտություն կրեց քեմալականների հետ պատերազմում և հարկադրված ստորագրեց 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ 1920-ի նոյեմբերին էլ հաստատվեց խորհրդային իշխանություն։ Այդուհանդերձ, Ազգերի լիգան՝ քննարկեց հարցը և դեկտեմբերի 16-ին ընդունեց մի բանաձև, որով ԱՄՆ-ը պատրաստակամություն էր հայտնում ջանքեր գործադրել հայ ժողովրդին փրկելու և կայունությունը Հայաստանում ապահովելու համար, բանաձևը ընդունվում էր այն ժամանակ, երբ Հայաստանը արդեն գոյություն չուներ։ Հայկական հարցը Ազգերի լիգայի փաստաթղթերում հիշատակվել է «Հայկական ազգային օջախի» ստեղծման գաղափարի քննարկման ժամանակ։ Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանում կամ Կիլիկիայի և Սիրիայի սահմանագծում հայերի համար այդպիսի «ազգային տուն» ստեղծելու գաղափարը տվել էր Մեծ Բրիտանիան, որին պաշտպանել էին եվրոպական մյուս պետությունները, երբ պարզվել էր, որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները չեն կատարվելու, իսկ Անտանտի տերությունները համաձայն են դրանց փոփոխմանը։ Սակայն Թուրքիայի խիստ բացասական դիրքորոշումը Հայկական հարցում, որն ըստ էության շահախնդրորեն պաշտպանեցին նաև եվրոպական առաջատար տերությունները, հանգեցրեց նրան, որ այդպիսի «օջախ» ստեղծելու գաղափարը գործնական զարգացում չունեցավ։ Հետագայում այդ տերմինը հիշատակվել է Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց արդեն «օջախի» ստեղծումը նախատեսվում էր ոչ թե Թուրքիայում, այլ ՀԽՍՀ տարածքում։ Ազգերի լիգայում բավական երկար քննարկվեց նաև աշխարհի շատ երկըրներում ցրված գաղթական հայերին օգնություն կազմակերպելու հարցը։ Այդ ուղղությամբ ջանքերը նույնպես քիչ արդյունք տվեցին։ 1922-ին Ազգերի լիգան փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար մտցրեց, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրերը»՝ անձը հաստատող ժամանակավոր վկայականներ, որոնցից ստացան մոտ 320 հազար գաղթական հայեր։ 1925 թվականին Ազգերի լիգան քննության առավ Ֆ. Նանսենի զեկուցագիրը՝ Սովետական Հայաստան այցելության արդյունքների մասին (Եկել էր իր գլխավորած հանձնախմբովպարզելու Հայաստանի հնարավորությունները փախստականներին ընդունելու վերաբերյալ)։ Զեկուցման մեջ նշվում էր, որ անհրաժեշտ օգնության դեպքում Սովետական Հայաստանը ի վիճակի է ընդունել 25-30 հազար գաղթականների։ Համոզվելով, որ Ազգերի լիգան ձգձգում է հարցի լուծումը, Նանսենը ձեռնամուխ եղավ սեփական ուժերով այդ մարդասիրական օգնությունը կազմակերպելուն։ 1929-ին նա առաջարկեց դադարեցնել հարցի քննարկումը, և սեպտեմբերի 21-ին Լիգայի ասամբլեան հարցը օրակարգից հանեց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |