Ադաբազարի հայկական համայնք

Ադաբազարը հիմնել են 14-րդ դարի վերջին Սեբաստիայից գաղթած մի խումբ հայեր և իրենց առաջնորդի անունով այն կոչել Տոնիկաշեն։ Հետագայում բնակչությունը ստվարացել է տարբեր վայրերից եկած հայերի հաշվին։ Երբ Տոնիկաշենը դարձել է բարեշեն և վաճառաշահ գյուղաքաղաք, այնտեղ հաստատվել են նաև թուրքեր և հույներ։ 15-րդ դարի վերջին թուրքերը գյուղաքաղաքն անվանել են Ադա (կղզի), ավելի ուշ՝ որպես բանուկ շուկա՝ Ադաբազար (Կղզեշուկա)։ 20-րդ դարի սկգբին Ադաբազարն ունեցել է 25 հազար բնակիչ, որից 12,5 հազարը՝ հայեր, ովքեր զբաղվել են արհեստներով, առևտրով, շերամապահությամբ, երկրագործությամբ։

Հայերն ունեցել են 4 եկեղեցի, դրանց կից՝ նախակրթարաններ, մանկապարտեզներ։

  • Սուրբ Հրեշտակապետ
  • Սուրբ Կարապետ
  • Սուրբ Լուսավորիչ
  • Սուրբ Ստեփանոս

1909 թվականին բացվել է տղաների Կենտրոնական երկրորդական վարժարանը, 1912 թվականին՝ աղջիկների դասրնթացր։ Գործել են Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, երգչախումբ, թատերախմբեր։ 1910 թվականին լույս է տեսել «Երկիր» թերթը (1911 թվականից տպագրվել է Կ. Պոլսում), 1912 թվականին «Բութանիա» շաբաթաթերթը։ Ադաբագարի հայերի զգալի մասը 1915 թվականին տեղահանվել է։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո Ադաբազար վերադարձած մոտ 4 հազար հայեր հունական բանակի նահանջի ժամանակ (1921) հարկադրված թողել են քաղաքը և գաղթել տարբեր երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։