Մելիքական ապարանքներ

մելիքների նստավայր

Մելիքական ապարանքներ, հայ մելիքների (արաբ․՝ ملك - malik - թագավոր‎‎) նստավայրեր կամ նստոց-կենտրոններ, որոնք կառուցվել են վաղ միջնադարից սկսած և հատկապես ուշ միջնադարում։ Թշնամի ցեղերի անընդմեջ կրկնվող արշավանքներին դիմակայելու նպատակով է, որ Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում, հիմնականում անմատչելի լեռնային տարածքներում, կառուցվել են բերդեր և պաշտպանական այլ ամրություններ։ Կառուցվել են նորատիպ աշխարհիկ շենքեր, պալատներ, ուր լայնորեն օգտագործվել են ժողովրդական բնակարանի շինարարության դարավոր ավանդույթները։ Դրանցից առավել հայտնի են Հասան Ջալալ իշխանի ապարանքը՝ Խոխանաբերդում (13-րդ դարի սկիզբ), Վախտանգյանների աարանքը՝ Դադիվանքում (12-13-րդ դարեր), Դոփյանների ապարանքը՝ Ծարում (13-րդ դար, վերակառուցված 1658 թվական), Դադիվանքի առաջնորդական ապարանք-«տաճարը» (1211 թվական), որն ամբողջական վիճակում այսօր էլ կանգուն է։

Մելիքական ապարանքներ
Երկիր Արցախ,  Ադրբեջան և  Իրան
Անվանված էՄելիք

Պաշտպանական կառույցներ խմբագրել

Վաղ միջնադարից սկսած և հատկապես ուշ միջնադարում թշնամիների անընդմեջ կրկնվող արշավանքներից պաշտպանվելու նպատակով Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում, հիմնականում անմատչելի լեռնային բավիղներում, կառուցվել են բերդեր և պաշտպանական այլ ամրություններ։ Դրանցից հայտնի են Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը, Շիկաքարը, Խաչենաբերդը, Ծիրանաքարը, Ականաբերդը, Հանդաբերդը, Ջրաբերդը, Գյուլիստանի, Փառիսոսի բերդերը, Մայրաբերդը, Մածնաբերդը, Դողը, Գոռոզը, Ցորաբերդը, Խոժոռաբերդը, Ամատուկը, Դիզափայտը, Քոչիզը, Շոշի բերդը և այլն։ Պաշտպանական կարևոր նշանակության այս շինություններն իրար հետ կապված են եղել հատուկ ազդանշանային համակարգով և վտանգի դեպքում շրջակա գյուղերի բնակիչներն անարգել կարող էին պատսպարվել վերոհիշյալ բերդերում։

Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո (18-19-րդ դարեր) երկրամասում ռազմաքաղաքական իրավիճակը ինչ-որ չափով կայունացել է։ Արցախի հզոր բերդերն ու ամրությունները կորցրել են իրենց նախկին դերն ու նշանակությունը։ Բնական աղետների և մարդու անտարբեր վերաբերմունքի հետևանքով, տարիների ընթացքում քաղաքակրթության այդ նմուշների զգալի մասը անվերադարձ աներևութացել են՝ թողնելով միայն մի բարի հուշ նախնիների հերոսական անցյալի և հզոր կամքի մասին։

12-13-րդ դարերում Արցախում առավել հատկանշական է դարձել ճարտարապետության աշխարհիկ ճյուղի աննախընթաց զարգացումը։ Կառուցվել են նորատիպ աշխարհիկ շենքեր, պալատներ, ուր լայնորեն օգտագործվել են ժողովրդական բնակարանի շինարարության դարավոր ավանդույթները։ Դրանցից առավել հայտնի են Հասան Ջալալ իշխանի ապարանքը՝ Խոխանաբերդում, Վախտանգյանների աարանքը՝ Դադիվանքում, Դոփյանների ապարանքը՝ Ծարում, Դադիվանքի առաջնորդական ապարանք-«տաճարը», որն ամբողջական վիճակում այսօր էլ կանգուն է։

Պաշտպանական կառույցների տեղանուններ խմբագրել

16-18-րդ դարերում Արցախում մելիքական կարգի հաստատման ու ամրապնդման և դրանց հետագա ճյուղավորման շնորհիվ աշխարհիկ այդ տերերի բնակարանների՝ ապարանքների շինարարությունը լայն թափ է ստացել։ Դրանց մի հատվածի վերաբերյալ պատկերացում ենք կազմում պատմական սկզբնաղբյուրներից, իսկ մյուս մասն էլ պահպանվել է կիսավեր վիճակում։ Ծարի և Սոդքի Մելիք Շահնազար Ա-ն ու նրա տոհմակիցները ապարանքներ ունեին Ականաբերդում (15-16-րդ դարեր) և Մեծ Մազրայում (16-17-րդ դարեր), Քաշաթաղի Մելիք Հայկազ Ա-ը և նրա հաջորդները՝ Քաշաթաղ գյուղում (15-րդ դար, Քաշաթաղի մելիքական ապարանք) և Խնածախում (16-րդ դար, Խնածախի մելիքական ապարանք), Դիզակի Մելիք Եգանը Տող ավանում (1737 թվական, Տողի մելիքական ապարանք), Գյուլիստանի տերերը Գյուլիստանի բերդում (17-18-րդ դարեր, Գյուլիստանի մելիքական ապարանք), և Հոռեկավանում (Հոռեկավանի մելիքական ապարանքներ․ Մելիք Թամրազինը (1727 թվական), Մելիք Հովսեփինը (13-րդ դարի երկրորդ կես), Գյուլիստան գյուղի Աբրահամ սպարապետի որդի Հակոբինը՝ նույն գյուղում (1772 թվական), Ջրաբերդի Մելիք֊Իսրայելյաններինը՝ համանուն ամրոցում (17-18-րդ դարեր) և Քաղաքատեղու ապարանքը Բերդավանում (17-18-րդ դարեր), նույն տոհմի Մելիք-Ադամը՝ Մոխրաթող գյուղում (1771 թվական), Մելիք-Ալավերդյանները Գյուլաթաղ գյուղում (1799 թվական), Վարանդայի Մելիք Շահնազարյան Մելիք-Բաղի Բ-ը, Մելիք Հուսեյն Ա և Մելիք Շահնազար Բ-ը՝ Ավետարանոցում (18-րդ դարի սկիզբ, 1786 թվական), նույն տոհմը Շուշիում՝ 18-րդ դար, նույն գավառում Մելիք Դոլուխանյանները՝ Թուխնակալ գյուղում (18-րդ դար) և Ավան Սպարապետը՝ Շուշիում (18-րդ դարի սկիզբ), Մելիք Շահնազարյանների մի ուրիշ ճյուղը՝ Ոսկանապատում, Մելիք-Առստամը՝ Բարս գյուղում, Մելիք-Մովսեսը՝ Խաչակապում, Մելիք-Մնացականը՝ Գետաշենում (18-րդ դար)[1]։

Մելիքական նստոց-կենտրոններում`բերդերում և ամրացված ավաններում, ապարանքները կառուցվել են Հայաստանի համար ծանրագույն պատմական դարաշրջանում՝ 15-18-րդ դարերում։ Մելիքական ապարանքների ավերակներ են պահպանվել Ականաբերդում, Քաշաթաղում, Տողում, Գյուլիստանում, Հոռեկավանում, Ջրաբերդում, Մոխրաթաղում, Քաղաքատեղում, Գյուլաթաղում, Ավետարանոցում, Շուշիում, Թուխնակալում։ Ապարանքներն ունեցել են պատմական աղբյուրներում վկայված շինարարական արձանագրություններ, որոնց մի մասը պահպանվել է։ Պատմական վկայություններ կան մեզ չհասած այլ ապարանքների մասին։ Մելիքական ապարանքներ են կառուցվել նաև Սյունիքում։

Շինարարություն խմբագրել

Իրենց տեղադրությամբ և շինարարական հնարքներով մշտապես ներկայացել են իբրև պաշտպանական և ռազմական հենակետ, իբրև փոքր, բայց անառիկ ամրոց, որոնց հիմնական շինանյութը քարն է[2]։

Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Արցախում, քարի բազմատեսակ ու բազմագույն հարուստ պաշարների առկայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել ճարտարապետական կառուցողական արվեստի զարգացման համար։ Դեռևս հնագույն ժամանակներից հայ մարդը, օգտագործելով քարը, մշակել է պարզ ու հասարակ, սակայն իմաստավորվածությունից ոչ զուրկ կառուցվածքներ։ Դրա հետ մեկտեղ բարդ ռելիեֆի պայմաններում նա մշակել է ամրացված բնակավայրերի՝ բերդշենների կառուցապատման ամենապարզ սկզբունքները, լուծել տեղանքի ընտրության, այն պաշտպանական տարրական միջոցներով և ջրամատակարարմամբ ապահովելու, ինչպես նաև բնակելի տներ կառուցելու հարցերը։

Երկրամասի անդորրը պահպանելու համար Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում ժամանակի ընթացքում կառուցել էին տասնյակ ամրոցներ, որոնք բազմիցս դիմակայել են ահարկու թշնամու գերազանցող ուժերին և այդ նպատակով բրոնզի դարաշրջանում Հայոց Արևելից գավառներում կառուցել են կիկլոպյան բերդեր։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերի, գետակների, առվակների ափերին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ և բարեբեր դաշտերի մեջ։ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին, պահպանվում են կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդները։ Սա ակնհայտորեն իր նպատակին է ծառայել նաև միջին դարերում։ Կա այն կարծիքը, որ դա Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է։

Արցախում հայտնի են նստվածքային ծագումով որձաքարի տարբեր տեսակները, Սյունիքում նաև՝ բազալտը, հետևաբար փոքր ինչ տարբեր է նաև քարի մշատման աստիճանը։ Արցախի հուշարձաններում շարվածքը կատարված է բացառապես կոպտատաշ քարից և միայն բացվածքների, խորշերի, բուխարիների և անկյունամասերի քարերն են սրբատաշ։

Ապարանքների շինարարության ժամանակ լայնորեն օգտագործվել է նաև փայտը։ Որոշ հուշարձաններում փայտից են որոշ շինությունների ծածկերը (Քաշաթաղ, Խնածախ), իսկ մի քանիսում ծածկերի մեծ մասը՝ Ջրաբերդ, Քաղաքատեղ, Գյուլիստանի բերդ, որոնք բացի գերանատիպ ծածկերից ունեցել են նաև փայտաշեն շինվածքների այլ մասեր՝ բարձր հարկերի ձորահայաց պատշգամբներ և աստիճաններ, իսկ Քաղաքատեղի ապարանքի պատերի շարվածքում կիրառել են բացվածքների ու խորշերի փայտե հեծաններ ու փայտե գոտիներից կազմված հորիզոնական կապեր։

Մի շարք հուշարձաններում փայտն օգտագործվել է շինարարական տախտակամածերի և կամարների կաղապարների համար։ Փայտը նման գործածություն է ունեցել նաև ուշ միջնադարյան պաշտամունքային շենքերի ու համալիրների կառուցման ժամանակ։

Մելիքական ապարանքներում որպես շարվածքի կապակցող նյութ օգտագործվել է բարձրորակ կրաշաղախը, որի ամրությունը կարևորվել է հատկապես այն պատճառով, որ կոպտատաշ շարվածքով պատի կամ թաղի կրողունակությունն ապահովվել է հիմնականում բուտոբետոնի հոծ միջուկի հաշվին, որը հաճախ քարերի արանքներից դուրս գալով՝ միաձույլ զանգվածի է վերածել ողջ շինվածքը։ Դրա վկայությունն են շատ հուշարձաններում պահպանված այն կառուցամասերը, որոնք այսօր էլ կիսականգուն են, չնայած շարվածքի արտաքին քարերը թափվել կամ պոկվել են։

Արցախի և Սյունիքի ուշ միջնադարյան հուշարձաններում աղյուսը հազվադեպ է օգտագործվել։ Ապարանքի կառուցման համար տրամադրված ժամանակահատվածը հայտնի չէ, սակայն դրանց պաշտպանական բնույթն ու երկրի անհանգիստ վիճակը ենթադրում է շինարարության արագ իրականացում։

Ի տարբերություն նույն շրջանի որոշ եկեղեցական շենքերի, մելիքական տներում իսպառ բացակայում են զարդաքանդակային կամ այլ երկարատև աշխատանք պահանջող հարդարանքի թեկուզև նվազագույն տեսակներ։

Սեյսմիկություն խմբագրել

Հայ միջնադարյան ճարտարապետության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ վաղ շրջանից սկսած ճարտարապետ-շինարարները մեծ կարևորություն են տվել շենքերի սեյսմակայունությանը և այդ մտահոգությամբ հատակագծային ու ծավալատարածական հորինվածքներում տվել են դրանց առավել հավաք ու հավասարակշռված լուծումներ։ Հետագայում միջնադարի ճարտարապետական համալիրներում միմյանց կից տարաբնույթ շենքերը մեծ մասամբ դարձյալ լուծվել են կենտրոնագմբեթ, կենտրոնակազմ կամ այլ հավաք ու հավասարակշիռ հորինվածքներով՝ ամբողջանալով միմիայն համադրվածքային լուծմամբ, որտեղ երկհարկ շինությունները կամ առանձնացված են միահարկ սենյակաշարքից (ինչպես, օրինակ, Խնածախ, Գյուլիստանի բերդ, Տողի մելիքական ապարանքներում), կամ անջատված՝ կրկնակի պատերով ստեղծված ամրացնող կարով (Քաշաթաղ)։ Առանձնացված են նաև բաժանմունքների այլ՝ երկայնական առանցքային համադրվածք ունեցող շինությունները (Մոխրաթաղ, Հոռեկավան), որոնք դարձյալ լուծված են կենտրոնական երեսբաց դահլիճին սիմետրիկ։

Պատերի թանձր զանգվածեղության համեմատ ծածկերը բարակ են ու թեթև, հաճախ ծակոտկեն քարից, զուրկ ծանր՝ քարասալ կամ կղմինդրե ծածկույթից, իսկ երբեմն էլ՝ առավել թեթև կառուցվածքներից՝ փայտաշեն կամ գերանակապ։

Մելիքական ապարանքների սեյսմակայունությունն ապահովող հիշյալ միջոցները արդյունք են ճարտարապետաշինարարական հին ավանդույթների իմացության վրա հիմնված հատակագծային ու ծավալատարածական լուծումների և դարերի փորձություն բռնած շինարարական արվեստի[2]։

Վիճակագրական տեղեկությունների աղյուսակ խմբագրել

Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքներ
Ապարանքի անվանումը Գտնվելու վայրը Ե՞րբ է կառուցվել Ու՞մ կողմից Ներկայիս վիճակը Ապարանքի նկար
Ականաբերդ ԱՀ Մարտակերտի շրջան գ. Ականաբերդ 15-16-րդ դարեր Դոփյաններ Ավերակ
Քաշաթաղ ԱՀ Քաշաթաղի շրջան գ. Մլիքաշեն 15-18-րդ դարեր Մելիք Հայկազ Ա Պահպանված  
Տող ԱՀ Հադրութի շրջան գ. Տող 18-րդ դար Մելիք Եգան Կիսաավերակ  
Գյուլիստանի բերդ ԱՀ Շահումյանի շրջան 18-րդ դար Վաչագան Բարեպաշտ Կիսաավերակ  
Մոխրաթաղ ԱՀ Մարտակերտի շրջան գ. Մոխրաթաղ 16-րդ դար Մելիք Ադամ Ավերակ
Հոռեկավան ԱՀ Մարտակերտի շրջան գ. Թալիշ 13-րդ դար Հովհաննես շինարար Կիսաավերակ
Մելիք Բեգլարյաններ ԱՀ Մարտակերտի շրջան 18-րդ դար Մելիք Բեգլարյաններ Կիսաավերակ
Քաղաքատեղ ԱՀ Մարտակերտի շրջան գ. Մաղավուզ 17-18-րդ դար Մելիք Ադամ Կիսաավերակ
Ջրաբերդ ԱՀ Մարտակերտի շրջան Գ. Տոնաշեն 18-րդ դար Աթաբեկյաններ Կիսաավերակ
Գյուլաթաղ ԱՀ Մարտակերտի շրջան գ. Գյուլաթաղ 18-րդ դար Մելիք Առուշան Ավերակ
Ավետարանոցի առաջին
Ավետարանոցի երկրորդ
Ավետարանոցի երրորդ
ԱՀ Ասկերանի շրջան գ. Ավետարանոց 18-րդ դար Մելիք Բաղի
Մելիք Հուսեյն
Հուսեյն Բեկ
Կիսաավերակ
Շուշի առաջին ԱՀ ք, Շուշի 18-րդ դար Ավան Յուզբաշի Կիսաավերակ
Թուխնակալ ԱՀ Ասկերանի շրջան գ. Թուխնակալ 18-րդ դար Մելիք Շահնազարյաններ Կիսաավերակ
Խնածախ ՀՀ Սյունիքի մարզ գ. Խնածախ 16-րդ դար Մելիք Հայկազ Բ Պահպանված  
Խնձորեսկ ՀՀ Սյունիքի մարզ գ. Խնձորեսկ 18-րդ դար Մելիք Փարամազի տոհմ Կիսաավերակ

 

Տեղ ՀՀ Սյունիքի մարզ գ. Տեղ 18-րդ դար Մելիք Բարխուդարյաններ Պահպանված  

Իրանի պաշտպանական կառույցներ խմբագրել

 
Պերսեպոլիսի գահական դահլիճ Պարսկաստանի նախկին մայրաքաղաք Պերսեպոլիսում

Իրանի ճարտարապետության զարգացման ուշագրավ շրջան է համարվում 8-13-րդ դարերը։ Այն արտահայտվել է մասնավորապես մզկիթների, մեդրեսեների, քարավանսարայների, դամբարանների և այլ շինությունների կառուցմամբ։ Միջնադարյան շինարարական կառուցապատումներում օգտագործվում էր միայն թրծված աղյուսը, այդ են վկայում 8-13-րդ դարերում հայտնի մի շարք ճարտարապետական շինություններ, որոնցից և ոչ մեկը քարից չէր։ Նույնիսկ ամրոցները կառուցվում էին տարբեր չափերի թրծված աղյուսով։

Շենքերը դրսի և ներսի կողմից երեսապատվում էին տարբեր գույների աղյուսով կամ գաջակրով։ Ավելի ուշ շենքերը սկսեցին նախշազարդվել գունավոր հախճապակյա խճանկարով, որոնք շինությանը մի առանձնահատուկ տեսք էին տալիս։ Պալատները հիմնականում կառուցվել են այգիների ու զբոսայգիների մեջ՝ (հնագույն աքեմենյան պարադիսների), որոնք շրջապատված են եղել բարձր պարիսպներով։ Փասարգադում է գտնվում մոտ 46 մ բարձրություն ունեցող մի քարե շինություն, որն այսօր ստացել է «Սողոմոնի գահ» անվանումը՝ («Թախթ-ի Սուլեյման»)։

Պերսեպոլիսը՝ «Թախթ-ի Ջեմշիդ» («Ջեմշիդի գահ»), գտնվում է Շիրազից 50 կմ հյուսիս՝ «Քուհ-ի Րահմաթ» («Գթության լեռ») լեռան մոտ։ Մուսուլմանական շրջանում Պերսեպոլիս անվանումը մատնվել է մոռացության և նրա ավերակներն անվանվել են «Թախթ-ի Ջեմշիդ» իրանական էպոսի առասպելական հերոսի անունով։ Պերսեպոլիսի պալատները իրենցից ներկայացնում են մի միասնական ճարտարապետական համալիր, որոնք բաղկացած են շենքերի երկու տիպից. «տաչարա»՝ բնակելի պալատ, և «ապադանա»՝ շքահանդեսային դահլիճ։

Աքեմենյանների շրջանում նշանակալից զարգացման հասած ճարտարապետական կառույցներից էր վիթխարակերտ շինությունները, որոնք արքայից արքաները կառուցում էին իրենց նստավայրերում։ Առավել աչքի ընկնող կառույցներից հիշատակման են արժանի Կյուրոսի դամբարանը Փասարգադի վաղ աքեմենյան նստավայրում, Սուզայի արքայական պալատը և Դարեհի ու Քսերքսեսի պալատները Պերսեպոլիսում։ Այդ կառույցի տարածական, վեհանիստ հատակագծումը, Աքեմենյան արքաների ծավալային քանդակները, որմնաքանդակները, քանդակազարդերը, ներքին հարդարանքի շքեղությունը (ոսկեպատ սյուներ, արծաթազարդ պատեր, գունագեղ որմնանկարներ), խոսում են Աքեմենյանների ունեցած աշխարհակալության, գերագույն իշխանության մասին՝ այլ երկրների ու ժողովուրդների վրա։

Դարեհ Ա-ից սկսած աքեմենյան արքաները իրենց պալատներն էին կառուցում նաև Էկբաթանում, որտեղ շինությունները զարդարված էին առասպելական կենդանիներ պատկերող արձաններով, նախշանկարներով, ոսկյա զարդաքանդակներով, փայտի ու փղոսկրի վրա արված փորագրություններով։ Պերսեպոլիսից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Նախշ-ի Ռուստամի Աքեմենյան դարաշրջանի կրոնական հուշարձանների համալիրը, որը հանդիսանում է հնագույն Իրանի սրբավայրը։

Պարթևական շրջանի մշակույթի վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները աչքի են ընկնում հարստությամբ ու բազմազանությամբ։ Առաջին գահանիստ պալատ-քաղաք Նիսայի (մ.թ.ա. II-I դդ.), պեղումները որոշակի պատկերացումներ են տալիս պարթևական շրջանի մշակութային ձեռքբերումների մասին։ Կառուցվող քաղաքները մասամբ հատակագծվում էին շրջանաձև՝ պահպանելով միջինասիական քոչվոր ցեղերին բնորոշ բնակավայրերի պաշտպանական կառուցաձևը։ Կառույցների դեկորատիվ հարդարանքում լայն կիրառում է ստանում որմնաքանդակը հետաքրքիր արքունական, կրոնական և սյուժետային ծանրադիր հորինվածքներով, որտեղ ընդգծվում են ճարտարապետության առավել հետաքրքիր մոտեցումներ։

Իսլամի տարածումը Իրանում նպաստեց նոր տիպի կառույցների (մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ և այլն) ստեղծմանը, որոշակի վերափոխման ենթարկվեցին նաև կենցաղային շինությունների ճարտարապետական մոդելավորումները՝ ծածկեր ունեցող շուկաներով, բաղնիսներով, իջևանատներով և այլն։

Սելջուկների տիրապետության շրջանում իրանական մշակույթը ապրել է նոր էվոլյուցիա։ Նրանք յուրացնելով իրանական բարձր զարգացած մշակույթը, իրենց ուրույն ձեռագիրն են դրել իրանական ճարտարապետության մեջ, դրսևորելով առանձնահատուկ մոտեցումներ։ Այդ ժամանակաշրջանին բնորոշ է կառուցվածքի և հարդարային ձևավորման հստակությունը, որը ստեղծվում է գունավոր աղյուսաշարերի դեկորատիվ շարվածքով և ծեփափորվածքի տեխնիկայով իրականացվող պարզ զարդահորինվածքով՝ (պալատական տեսարաններ, հեծյալներ և այլն)։ Իրանական զարդարվեստի մեջ մուտք են գործում արաբատառ նախշազարդումները[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] Արցախի պատմություն.հնադարից մինչև մեր օրերը
  2. 2,0 2,1 Արտակ ՂուլյանԱրցախի և Սյունիքի մելիքական ապարանքները գրքի 30-ից 35 էջեր Արխիվացված 2021-05-02 Wayback Machine
  3. Վահան Բայբուրդյան Իրանի պատմություն՝//ijevanlib.ysu.am/irani_patmutyun 234, 566, 573 էջեր։