Դադիվանք

վանական համալիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դադիվանք (այլ կիրառումներ)

Դադիվանք (հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով[1]), հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։

Դադիվանք
Դադիվանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունԱրցախ Շահումյանի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ներկա վիճակվերանորոգվող
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված9-րդ դար
Առաջին հիշատակում1-ին դար՝ դամբարան-մատուռ
Քարտեզ
Քարտեզ
 Dadivank Monastery Վիքիպահեստում

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները[2]։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է։ Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։

12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին վարպետ Աթանասի կողմից[3]։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։

Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական առաջին պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը, մտնում են Ռուսական կայսրության կազմ և հետագայում միավորվում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահագների մեջ։

Դադիվանքն ունեցել է 200 000 հեկտար կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։

1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման գործընթացում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գտնվում է տաճարի հյուսիսային պատից 1,5 մ հեռու։Նախքան կառուցումը տեղանքը մեծ թեքություն է ունեցել և 1211 թվականին ուղղվել է։ Այնուհետև վերականգնվել է Կաթողիկե եկեղեցին, որի մեկենասությունը ստանձնել է նյույորքաբնակ Էդիլ Հովնանյանը։ Նրան աջակցել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Արցախում ադրբեջանական հակահայկական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է։

Պատմական ակնարկ խմբագրել

Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։

Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. «Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին է եղել, իմացել է ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։

Վանական համալիրի կառուցվաք խմբագրել

 
Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին
 
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցի
 
Սուրբ Դադի եկեղեցին
 
Դադիվանքի գավիթը
 
Դադիվանքի զանգակատունը

Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցի խմբագրել

Դադիվանքի գլխավոր կառույցը Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին է, որը համարվում է բավականին արժեքավոր և յուրահատուկ կոթող։ Եկեղեցին ունի հայկական միջնադարյան պաշտամունքային ճարտարապետության մեջ տարածում չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր սրահի հորինվածք։ Կառույցի արտաքին չափերն են 12,30 x 10,60 մ, բարձրությունը՝ 18,50 մ։ Արտաքին և ներքին պատերը ծածկված են արձանագրություններով։ Դրանց մեծ մասը փորագիր են, առկա են սպիտակ և կարմիր ներկով արձանագրվածներ։ Միայն հյուսիսային պատին են բացակայում արձանագրություններ[1]։

Վիմագիր արձանագրություններից ամենաընդարձակը եկեղեցու շինարարության մասին է։ Այն թվագրվում է 1214 թվականով և գտնվում է հարավային ճակատին։ Այդ արձանագրության մեջ նշված է, որ Կաթողիկե եկեղեցու կառուցման ժամանակ համալիրում արդեն կային նշանակալի կառույցներ[1][4]։

Դադիվանքի պահպանված որմնանկարները գտնվում են Կաթողիկե եկեղեցում։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ հնարավոր է դրանցից բացի այլ որմնանկարներ չեն եղել։ Որմնանկարները գտնվել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի վրա։ Դրանց ուսումնասիրությամբ զբաղվել են բազմաթիվ ուսումնասիրողներ[1][4][5][6][7]։

Գմբեթավոր փոքր եկեղեցի խմբագրել

Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու կառուցման թվականի վերաբերյալ կան հակասական կարծիքներ։ Ըստ որոշ տվյալների՝ այն կառուցվել է 1180-ականներին և վերագրվում է իշխան Հասան Վախտաեգյանին։ Այլ տվյալների համաձայն եկեղեցին կառուցվել է 1190-ականներին, քանի որ պատերի մեջ ագուցված է 1190 թվականով թվագրվող խաչքար։ Մ. Հասրաթյանը եկեղեցու կառուցման թվական համարում է 13-րդ դարը՝ չներկայացնելով որևէ հիմնավորում[1][4][7]։ Մեկ այլ տեսակետի համաձայն եկեղեցին կառուցվել է 1211 թվականից հետո և որպես հիմնավորում ներկայացվում է տարածքի ռելևի, սողանքային գոտիով պայմանավորված ժամանակի ամրությունների կառուցման ժամանակագրությունը[1]։

Գմբեթավոր փոքր եկեղեցին գտնվում է տաճարի հյուսիսային պատից մոտ 1,5 կմ հեռու։ Արտաքին չափերն են՝ 6․45×7․93 մ։

Կառույցը երկու կողմերից մեծ ճաքեր ուներ և կարծես 2 տարբեր մասերի լիներ բաժանված։ Արևմտյան ճակատի վերին մասում ճաքը խորն էր, և ցանկացած պահի հնարավոր էր փլվեր։ Հենց դա էր այդ կառույցի ամրացման և պահպանման առաջնահերթության պատճառը։

Այն մեկ զույգ որմնանյութերով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Արևելքում՝ խորանի աջ և ձախ կողմերում ունի ավանդատներ։ Կառուցված է կոպտատաշ տեղական ամուր քարատեսակներով և աղյուսով[8]։

Միանավ եկեղեցի խմբագրել

Դադիվանքի միանավ եկեղեցին կառուցվել է 1283-1293 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ այն ժամանակ, երբ արդեն գոյություն ունեին Սուրբ Դադի և Կաթողիկե եկեղեցիները։ Նույն ժամանակահատվածում է կառուցվել նաև եկեղեցուն արևմուտքից կից թաղակապ գավիթը։ Եկեղեցին ունի ոչ մեծ լայնություն՝ 3,75 մ և մեծ բարձրություն՝ մինչև թաղի գագաթը 7,30 մ[1]։

Սուրբ Դադի եկեղեցի խմբագրել

Սուրբ Դադի եկեղեցին Դադիվանքի հնագույն կառույցն է, որը գոյություն ուներ արդեն մինչև 9-րդ դարը։ Այն հիմնվել է Սուրբ Դադիի գերեզմանատան վրա այնպես, որ սրբի հուղարկավորության վայրը հայտնվել է խորանում։ Գերեզմանաքարը եկեղեցու համար ծառայել է որպես սեղանի վեմ[1]։

Եկեղեցու ներքին չափերն են 20,70 x 9,40 մ։ Պատի հաստությունը արևմուտքում ժամատանը հպվող մասում 0,55 մ է, իսկ հարավում՝ 1,16 մ։ Պահպանված պատերի առավելագույն բարձրությունը 5 մ է։ Երեք մուտքերից երկուսը՝ հարավից կից թաղակապ գավթի և ժամատան մեջ բացվածները, ունեն սրբատաշ, քանդակազարդ շքեղ լուծումներ[1]։

Տաճար խմբագրել

Դադիվանքի տաճարը գտնվում է գմբեթավոր փոքր եկեղեցուց 1-2 մետր հարավ։ Կառույցի 1211 թվականով թվագրվող շինարարական արձանագրության մեջ «Տաճար» անվամբ հիշվող քառասյուն, «կեղծ գմբեթավոր» հորինվածքով, 10 x 10,1 մ ներքին չափերով, պատի 1մ հաստությամբ և 11 մ բարձրությամբ գրեթե քառակուսի հատակագծով շինություն է[1][4]։

Գավիթ խմբագրել

Դադիվանքի գավիթը կառուցվել է 1124 թվականին Սուրբ Դադի եկեղեցու արևմտյան կողմում։ Համարվում է վանական համալիրի այն կառույցներից, որի շինարարության թվականը ստույգ է։ Ունի 14.00 x 9.50 մ ներքին չափեր։ Գավիթի արևելյան պատի ամբողջ երկարությամբ տեղադրվել, ագուցվել են խաչքարեր, որոնք թվագրվում են 1199, 1233, 1291 թվականներով։Ներսում տեղադրված տապանաքարերը թվագրվում են 1305, 1306, 1333 թվականներով[1][4]։

Զանգակատուն խմբագրել

Համաձայն ուսումնասիրությունների՝ Դադիվանքի զանգակատունը առանձին կանգնած շենք է եղել, որի առաջին հարկի խիստ ինքնատիպ հորինվածքը առաջացել է զույգ խաչքարերը ներսում տեղադրելու գաղափարից։ Երկու խաչքարերը կերտվել են միաժամանակ՝ 1283 թվականին։ Հետևաբար ենթադրվում է, որ զանգակատան շենքն էլ է կառուցվել այդ ժամանակահատվածում։

Զանգակատունն ունի 14,6 մ բարձրություն։ Առաջին հարկում՝ արևելյան պատին կցված են դեպի արևմտյան կողմի կամարաձև բացվածքը նայող զույգ խաչքարերը։ Երկրորդ հարկը սրածայր վեղարով ռոտոնդայով հանդերձ ունի 6 մետր բարձրություն[1][4]։

Իշխանական ապարանք խմբագրել

Հայ-ադրբեջանական հակամարտություն խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի Դադիվանք բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[9][10][11][12][13]։

2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որԴադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ[14]։ Ըստ պայմանավորվածության Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր[15][16]

Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելել են այցելությունները, իսկ վանքում մնացած հոգևորականներին չեն թույլատրում փոխարինել[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում Արխիվացված 2021-11-13 Wayback Machine, Երևան, 1999 թվական։
  2. В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Մուրադ Հասրաթյան, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երևան, 1992, էջ 44-49։
  5. «Դիվան Հայ վիմագրության», պրակ 5, կազմող` Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1982։
  6. Л. А. Дурново, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, 1979,
  7. 7,0 7,1 Բ. Ուլուբաբյան, Մ. Հասրաթյան, Դադիվանք «Հայկազեան Հայագիտական Հանդէս», հ. Ը, Պէյրութ, 1980,
  8. Այվազյան, Սամվել (2015). Դադի վանքի վերականգնումը 1997-2011թթ․. Երևան: ՀՃՈՒ (RAA) հրատարակչություն. էջ 20.
  9. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  10. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  11. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  12. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  13. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  14. «Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ», (արխիվացված 15․07․2021թ․)։
  15. Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
  16. Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
  17. «Պատճառաբանում են, թե դա քաղաքական որոշում է, ես էլ ասում եմ՝ հավատքը, ուխտագնացությունը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի». Արցախի թեմի առաջնորդ, (արխիվացված 15․07․2021թ․)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 261  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: