Քաղաքատեղու մելիքական ապարանք

Քաղաքատեղու մելիքական ապարանք գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մոտ 2 կմ արևմուտք, Թարթառ գետի աջ ափի բարձրադիր անտառալանջերին սփռված Քաղաքատեղ կամ Մայրաքաղաք անունով հայտնի միջնադարյան բերդավանի կենտրոնական մասում[1]։

Ապարանք
Քաղաքատեղու մելիքական ապարանք
ԵրկիրԼՂՀ
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրՄելիք Ադամ
Հիմնական թվականներ՝1783

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Քաղաքատեղու մելիքական ապարանքի տարածքը հյուսիսից ու հարավից սահմանափակված է ձորերով և կազմված է խիստ կտրտված, արևմտահայաց, անտառածածկ ժայռալանջերից, զբաղեցնում է 54 հա տարածք։ Կառուցապատման մեջ իրենց ակնառու դիրքով աչքի են ընկնում կենտրոնական մասի ժայռազանգվածի լանջին կառուցված ապարանքը և դրա հյուսիս-արևմտյան ու հարավ-արևմտյան կողմերի հանդիպակաց դարավանդեզրերին գտնվող երկու փոքր ամրությունները, որոնք և կազմել են բերդավանի հիմնական պաշտպանական կետերը։

Բերդավանն ունեցել է պարիսպներով ամրացված երկու մուտք՝ արևելքից և արևմուտքից։

Հնավայրը Արցախի հնագույն ամրացված բնակավայրերից է, և կա կարծիք, որ «Մայրաքաղաք անունով հիշվում է վաղ միջնադարից, 7-րդ դարում այստեղ են նստել Աղվանքի կաթողիկոսները»[2]։ Այս տեղեկության սկզբնաղբյուրը թեև չի նշվում, սակայն հայտնի է, որ Աղվանք-Արցախի կաթողիկոսության ամառանոցը եղել է Բերդակուր ամրոցը և որպես այդպիսին մնացել է 7-րդ դարից մինչև 9-րդ դարը[3]։

Միջին դարերում բերդավանի գոյատևման մասին են վկայում հնավայրի արևելյան եզրաբարձունքին գտնված գերեզմանոցի մատուռի 1260 թ. արձանագրությունը, 1250 թ. խաչքարը և 1551 թ. տապանաքարերը[4]։

Հենց այս դարերում է բնակավայրը իշխանանիստ դարձել և կոչվել «մայրաքաղաք» (ինչպես «Եղեգիս մայրաքաղաքը» Սյունիքի Վայոց ձոր գավառում)[5], սակայն, քանի որ գտնվում է գավառի հնագույն կենտրոն Չարաբերդ-Ջրաբերդ ամրոցից մոտ 1.5 կմ արևելք, իսկ վերջինիս անունը աղբյուրներում գործածվում էր և՛ գավառ, և՛ կենտրոն, և՛ ամրոց իմաստներով[6], կարելի է ենթադրել, որ Չարաբերդ-Ջրաբերդ անունը հնուց ի վեր, մասնավորապես միջին դարերում և հետո, ներառում էր ամրոց-բերդավան ամբողջությունը։

Բերդավանի ուսումնասիրությունները վկայում են , որ ապարանքի կառուցումը կապված է Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամի անվան հետ, իսկ Քաղաքատեղ-Մայրաքաղաքը համարում նրա աթոռանիստ բնակավայրերից մեկը։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապարանքը, ինչպես նկատել են Մ. Բարխուդարյանցն ու Րաֆֆին[7], կառուցվել է հնի ավերակների վրա և բաղկացած է սկզբնական՝ քարաշեն ծածկերով մասից և դրան կցված փայտածածկ սենյակներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  2. Կաղակատվացի, Մ. (1860). Պատմութիւն Աղուանից աշխարհի. էջեր էջ 297.
  3. Բ. Ուլուբաբյան. Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում. էջեր էջ371.
  4. Մ. Բարխուտարեանց. Արցախ. էջ 222.
  5. Ղ. Ալիշան. Սիսական. էջ 146.
  6. Մ. Կաղանկատվացի. Պատմութիւն Աղուանից աշխարհի. էջեր 157, 354.
  7. Մ. Բարխուտարեանց. Արցախ. էջ 224.

Աղբյուրներ խմբագրել