Ագուլիսի գրչության կենտրոն

Ագուլիսի գրչության կենտրոն, գործել է 14-18-րդ դարերում Ագուլիսի Սբ Թովմա առաքյալի վանքում, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույն ձեռագիրը Վարդան գրիչի՝ 1375 թվականին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմն է։ Ագուլիսի գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը 15-րդ դարում՝ Հակոբ րաբունապետի ջանքերով։ 1425 թվականին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447 թվականին՝ «Տօնական», իսկ Թումա գրիչը 1432 թվականին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը», ապա՝ Վարդան Արևելցու «Հաւաքումն պատմութեան», Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկերը։ 16-րդ դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ 17-րդ դարից պահպանվել է 8 ձեռագիր[1]։

Ագուլիսի գրչության կենտրոնը 1752 թվականին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789 թվականին՝ Մուստաֆա խանի հրոսակները։ Վանքի սպասքից բացի՝ նրանք հափշտակել են նաև ձեռագրերը (1477 թվականի ճաշոցը 3900 ար­ծաթով Պետրոս տիրացուն գնել է և վերադարձրել վանքին)։ Ագուլիսի գրչության կենտրոնում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 21, էջեր 21 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։