«P/F», Արամ Պաչյանի վեպը, որը լույս է տեսել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին «Էջ» հրատարակչության կողմից, վեպի վերջաբանը գրել է կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը։ Հեղինակը վեպն ընծայագրել է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին։ 2021 թվականին «P/F»-ը արժանացել է Եվրոպական միության գրական մրցանակին[1]

P/F
ՀեղինակԱրամ Պաչյան
Ժանրվեպ
Կազմված էֆրագմենտներից
Լեզուհայերեն
Էջեր152
ԽմբագիրՍևակ Ղազարյան
Կազմի հեղինակԳարեգին Մարտիրոսյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԷջ
Հրատարակման տարեթիվ2020
ԳՄՍՀ978-9939-9244-2-7
ՀՏԴ821.19-31
ԳՄԴ84(5Հ)-44

Վեպի մասին խմբագրել

«P/F»-ը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։

Վեպում P/F ծածկանունով համանուն հերոսը, ով տարբեր իրավիճակներում և հատվածներում ներկայանում է նաև այլ անուններով՝ Սև, Ֆիլ, Արամ, իր հիշատակարանը ավարտում է մենախոսական ձոներգով առ Գետառը։ «P/F»-ի շուրջ մտորող իր էսսեում արվեստաբան, երաժշտագետ Մարինե Կարոյանը գրում է՝ «Հետզհետե խտացող անցյալի, ներկայի ու վարագույրի ետևից թափանցող ապագայի կտորտանքները Պաչյանն ամրացնում է ճապոնական Քինցըգի տեխնիկայով։ Ու այդ ոսկեջրած մածուկն այս անգամ Գետառն է։ Հայնե/Շուման-ի պոետի նման («Պոետի սերը») Պաչյանի անսպասելի պոստլյուդիան ձոն է մի գետի, որի մեջ նա թողնում է իր հիշողությունները, սերն ու երգերը։ Սա ասերգ է աղբի մասին, որին ամեն մի Հռենոս կնախանձեր։ Սեփական վերքերը լիզող կատվի նման, իրեն Գետառին նույնացրած հեղինակը անցավ ապրում է իր էկզիստենցիալ միայնությունը։ Ու այդ միայնության մեջ Պաչյանն «օգնություն չի խնդրում»։ Նա դրա կարիքը չունի։ Ես հանգիստ եմ նրա համար»[2]։

Տիգրան Ամիրյանը՝ «Վերադարձրեք տրամվայը Երևանին» հոդվածում գրում է՝ «Հիշողությունը՝ իր թերությունների, տրավմաների ու մոռացության օվկիանոսների հետ միասին, դառնում է պաչյանական արձակի գլխավոր շարժիչը, իսկ «P/F»-ը վերածվում է նման արձակ ստեղծելու տասնամյա փորձառության պոստֆակտումի։ Պատմողը հրաժեշտ է տալիս իր նախկին տեքստերին, ինչը կրկնօրինակում է և ուժգնացնում վեպի ինքնապատումայնությունը։ Նոր տեքստը երևան է գալիս որպես ժամանակակից բանահյուսության power factor, որ հետարդիական իրականության վիճակում փորձում է վերհիշել սեփական անցյալը՝ միաժամանակ արձանագրելով հարափոփոխ ու մտապահելու համար մեզ ոչ մի վայրկյան չտվող ներկայի բեկորները»[3]

«P/F» վեպի դեռևս անտիպ տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EU Prize for Literature». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  2. «P/F. Արամ Պաչյանի «սափորած ասելիքը»
  3. «Վերադարձրեք տրամվայը Երևանին Արամ Պաչյանի վեպի մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  4. Aram Hovhannisyan - Pachyan Fragments (2015) - World Premiere

Աղբյուրներ խմբագրել