1812 օվերտյուրա (Չայկովսկի)

1812 օվերտյուրա (Չայկովսկի) (ռուս.՝ Торжественная увертюра «1812 год»), ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունն է նվագախմբի համար՝ նվիրված 1812 թվականին ռուսական հայրենական պատերազմում նապոլեոնյան բանակի դեմ տարած հաղթանակին։ Ստեղծագործությունն արժանացել է համաշխարհային հանրաճանաչության՝ շնորհիվ գեղեցիկ հնչողության և հիմքում ընկած պատմական իրադարձության կարևորության։ Պրեմիերան կայացել է 1882 թվականի օգոստոսի 20-ին՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում։ Իսկ 1891 թվականին ստեղծագործությունը կատարվել է Քարնեգի հոլում՝ իր իսկ Չայկովսկու ղեկավարմամբ։

1812 օվերտյուրա
ռուս.՝ Торжественная увертюра «1812 год»
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրpatriotic music?
ԿոմպոզիտորՊյոտր Չայկովսկի
Ստեղծման տարեթիվ1880
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 20, 1882
ՏոնայնությունՄի-բեմոլ մաժոր
 1812 Overture Վիքիպահեստում

Պատմական հենքը խմբագրել

1812 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայից 125 կմ արևմուտք գտնվող Բորոդինո գյուղի մոտ ռուսական բանակը զորավար Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ դիմավորեց մինչ այդ անպարտելիի համբավ ունեցող ֆրանսիական զորքերին, որին գլխավորում էր Նապոլեոն Բոնապարտը։ Ֆրանսիական կողմն ուներ 135.000 զինվոր և 587 թնդանոթ, իսկ ռուսականը՝ 130-140.000 մարտիկ և 624 թնդանոթ։ Ճակատամարտը սկսվեց առավոտյան 5:30-ին՝ ֆրանսիական ավելի քան հարյուր հրանոթի համազարկով՝ ուղղված ռուսական զորքերի ձախ թևի վրա։ Մարտերը տևեցին տասներկու ժամ, որի ընթացքում ֆրանսիացիներին հաջողվեց գրավել ռուսական բանակի դիրքերը կենտրոնում և ձախ թևում։ Բայց մարտական գործողություններից հետո ֆրանսիացիները նահանջեցին դեպի իրենց նախնական դիրքերը։ Այս պատճառով էլ արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են։ Կորուստների մասին տվյալները ևս հակասական են։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիրավորներով և գերիներով, իսկ ռուսները՝ 40-45.000, այսինքն, ընդհանուր առմամբ այս ճակատամարտի ընթացքում զոհվել է շուրջ 100 հազար մարդ։ Այսպիսով, ֆրանսիացիները չկարողացան լիարժեք հաղթանակ տանել, որով էլ կասեցվեց նրանց հաղթարշավը դեպի Ռուսաստանի խորքերը և սասանվեց նրա անպարտելի բանակ լինելու համբավը։

Երաժշտական կառուցվածքը խմբագրել

«1812. հանդիսավոր նախերգանք» ստեղծագործությունը գրվել է 1880 թվականին և նախատեսված է կատարել համերգային մեծ սրահներում կամ բացօթյա վայրերում։ Մոնումենտալ, ծրագրային այս երաժշտական պիեսը գրված է սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմի համար՝ համալրված հարվածային նվագարանների խմբով, մեծ զանգերով ու կախովի թմբուկներով, որոնք օգտագործվում են օպերային նվագախմբերում՝ հրազենային ձայներ ստանալու համար, և, ցանկության դեպքում, նաև ռազմական նվագախմբի նվագարաններով։ Նախերգանքի համար Չայկովսկին չի տվել գրական ծրագիր, բայց պիեսի կերպարներն այնքան հստակ են, որ պարզաբանման կարիք չկա։ Սոնատային երկար allegro-յից հետո հերթականությամբ հաջորդում է երեք երաժշտական թեմա. «Փրկիր, Տեր, քո արարածներին» հաղթանակ աղերսող աղոթքը և երկուսն էլ՝ կոմպոզիտորի ինքնուրույն աշխատանքն են՝ տագնապներ և հերոսական մարտական ազդանշաններ։ Սոնատային Allegro-ն ունի մի քանի երաժշտական թեմա։ Բացի հիմնական և օժանդակ հատվածներից, որոնք միմյանց խիստ հակասական են, ալլեգրոյում առանձնանում են թեմաներ, որոնք ներկայացնում են երկու հակառակորդ կողմերին՝ ռուսական «У ворот, ворот батюшкиных» ժողովրդական երգը և ֆրանսիական «Մարսելյեզ»-ը։ Երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն ստեղծագործության մեջ։ Հանդիսավորապես կրկին լսվում է աղոթքի երաժշտական թեման՝ պղնձափողային նվագարանների ազդեցիկ հնչողությամբ։ Դրանից հետո հնչում է ռուսական «Տեր, պահպանիր ցարին» («Боже, Царя храни!») օրհներգի մեղեդին։ Ծածկագրում Չայկովսկին պատկերել է ռուսական զորքերի հաղթանակի վառ տեսարանը՝ գործածելով զանգերի ղողանջի և հրանոթների համազարկի ձայներ։

Նախերգանքի թեմատիկան հիմնված է հստակ ժանրային տիպերի վրա։ Երկրորդական մեղեդիները հիշեցնում են ժողովրդական քնարական երգեր։ «У ворот, ворот батюшкиных» երգով կոմպոզիտորը մարմնավորել է ռուս զինվորների մարտական ոգին ու դիմադրությունը։ Ռուսական կողմին բնութագրելու համար Չայկովսկին լավագույն կերպով օգտագործել է բանահյուսական նյութեր, իսկ ֆրանսիացիների ներխուժումն արտահայտելու համար նա օգտագործել է «Մարսելյեզ» երգի երաժշտական թեման։ Չնայած «Մարսելյեզ» եվրոպացիների համար ազնվության ու ազատության խորհրդանիշ է, սակայն նախերգանքում այն ունի չարագուշակ, լարված հնչողություն՝ հակադրվելով երկրորդ պլանին, ինչը տրամաբանական որոշում է, քանի որ ռուս ազնվականությունը երկրպագում էր ֆրանսիական մշակույթը, խոսում էին ֆրանսերեն, ընդօրինակում էին ֆրանսիացիների շարժուձևը և նորաձևությունը։ Բայց ահա նապոլեոնյան բանակը մոտեցել է Մոսկվային, և բնականաբար, «հինալաի ֆրանսիական» ամեն բան վայրկյանաբար ստանում է այլ երանգ, և «Մարսելյեզ»-ն արդեն մարմնավորում է թշնամուն, արտահայտում ֆրանսիացիների ներխուժումը, որը լրացուցիչ դրամատիզմ է մտցնում ստեղծագործություն ընդհանուր կառուցվածքի մեջ։

«1812. նախերգանք»-ը տպավորիչ ստեղծագործություն է։ Հայրենասիրական գաղափարը նրան հաղորդում է հերոսական նկարագիր, իսկ վսեմ ավարտը ամրապնդում է այն։

Աղբյուրներ խմբագրել

  • Lax, Roger; Frederick Smith (1989). The Great Song Thesaurus. Oxford: Oxford University Press. p. 230. ISBN 978-0-19-505408-8.
  • Cross, Milton (1969). The Milton Cross New Encyclopedia of the Great Composers and Their Music, Volume 2. Doubleday. p. 1034.
  • Tchaikovsky's 1812: The Multimedia Festival Overture. Future Vision Multimedia. Nanuet, NY, 1994.
  • "Battle of Borodino". Encyclopædia Britannica. 2010. Archived from the original on January 21, 2010. Retrieved January 6, 2010.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1812 օվերտյուրա (Չայկովսկի)» հոդվածին։