Ֆոքսի էֆեկտ կամ Դոկտոր ֆոքսի էֆեկտ (անգլ.՝ Dr. Fox effect), սոցիալական հոգեբանության փորձարարական գիտափորձ, հոգեբանական ազդեցության արդյունք, որը ցույց է տվել, որ բանախոսի վաստակը, առոգանությունը և տպավորիչ խոսքը կարող է ավելի կարևոր լինել, քան նրա մատուցած ինֆորմացիան և ամբողջովին քողարկել դասախոսության անարդյունավետ, անբովանդակ լինելը։

Այն վարկածը, որ եթե հետազոտողը չափազանց դրական տպավորություն է թողնում հետազոտության մասնակիցների վրա, ապա դա կարող է առաջացնել չափազանց մեծ լավատեսություն, վստահություն, ոչ քննադատական վերաբերմունք, հաստատվել է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված գիտափորձով, որը հրապարակվել է 1973 թվականին[1]։

Հաստատվել է, որ բանախոսելու տաղանդը կարող է քողարկել ոչ միայն դասախոսության ցածր որակը, արհեստականությունը և անբովանդակ լինելը, այլ նաև, ուսանողներին կարող է թվալ, որ ինչ-որ բան են սովորել։ Որոշ կրթական համակարգերում ուսանողները գնահատում են դասախոսներին և դասախոսության որակը։ Ֆոքսի էֆեկտի հիպոթեզի հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ գնահատականները զգալիորեն ճշգրտելու գործում։

Ֆոքսի էֆեկտը վկայում է նաև հոգեբանական ուսումնասիրությունների ժամանակ վերապահումների մեծ հավանականության մասին, երբ գիտափորձի մասնակիցները դրականորեն են գնահատում հոգեբանին և չափազանց վստահությամբ են վերաբերվում նրան. Ֆոքսի էֆեկտին նպաստում են հետազոտության ընթացքում հոգեբանի հանգստությունը, ավելորդ էքսպրեսիաներից կամ զգացմունքներն արտահայտելուց խուսափելը։

Դոկտոր Ֆոքսի գիտափորձ խմբագրել

Ֆոքսի էֆեկտ անվանումը կապված է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում անցկացրած մի դասախոսության հետ։ Դասախոսության թեման էր «Խաղերի տեսության կիրառումը բժշկական կրթության մեջ» (անգլ.՝ Mathematical Game Theory as Applied to Physician Education.)[2]: Դասախոսությունը գիտափորձ էր, որն իրականացրել են Դոնալդ Նաֆթուլինը, Ջոն Վեյրը և Ֆրանկ Դոննելլին[3]։ Նրանց նպատակն էր պարզել, թե որքանով իմաստ ունի հաշվի առնել ուսանողների կողմից դասախոսներին գնահատելը։

Դասախոսության նյութը Scientific American ամսագրում հրապարակված «Խաղերի տեսության» մասին բարդ, բայց ըմբռնելի գիտահանրամատչելի հոդվածն էր[2]։ Բանախոսության համար պատրաստված նյութը պարունակում էր այդ հոդվածից որոշ արտահայտություններ, մտքեր, բայց ո՛չ` բովանդակային իմաստը։ Այդ մտքերը մատուցվում էին առարկայի հետ կապ չունեցող ասոցիացիաների հետ միախառն մտքերով, որոնք զուտ բանավոր մակարդակով կարող էին թվալ նյութի հետ կապ ունեցող։

Հիպոթեզ և նպատակ խմբագրել

Հետազոտության հիպոթեզը կայանում է հետևյալում. տպավորիչ դասախոսությունը կարող է գոհացնել անգամ փորձված մասնագետներին չնայած դասախոսության անմիտ, հակասական և անիմաստ բովանդակությանը։

Հետազոտւթյան նպատակն էր պարզել ուսանողների կողմից դասախոսներին գնահատելու օբյեկտիվությունը։

Մեթոդ խմբագրել

Դասախոսությունը կարդալու էր պրոֆեսիոնալ դերասան, ում խոսքը և արտաքինը վստահություն էին ներշնչում։ Բարձր վարկանիշով իմիջ ապահովելու համար նա ներկայանալու էր իբրև Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջի դոկտոր Մայրոն Ֆոքս, որը Ֆոն Նեյմանի աշակերտն է և հեղինակություն է վայելում Մարդու վարքագծի մոդելավորման մեջ մաթեմատիկայի կիրառման բնագավառում։

Դասախոսության մեթոդը ընտրված էր կրթության մեջ լայնորեն տարածված ձևաչափով, երբ դասախոսության մեծ մասը նվիրվում է ուսանողների հարց ու պատասխանին[4][5][6][7]։ Դոկտոր Ֆոքսի դասախոսությունը տևել է 1 ժամ, որից հետո 30 րոպե տրամադրվել է հարց ու պատասխանին։

Դոկտոր Ֆոքսը իրականում ոչինչ չէր հասկանում դասախոսության թեմայից։ Ելույթի բովանդակությունը կառուցված էր գիտական ոճով, սակայն թեմային չէր համապատասխանում, անավարտ էր, հակասական և նեոլոգիզմներով լեցուն։ Այնուամենայնիվ որևէ կասկած չէր հարուցել։ Նա այնքան վստահ էր խոսում, կատակում էր և այնպես վարպետորեն էր ասոցիացիաները խառնում, որ ունկնդիրների մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ելույթ ունեցողն իր գործին գիտակ փայլուն գիտնական է[8]։

Ունկնդիրներ խմբագրել

Փորձարկումը կատարվել է երեք խմբերի հետ։

  • Առաջին խումբը կազմված էր 11 մանկավարժներից, հոգեբաններից և հոգեբույժներից, ովքեր հավաքվել էին վերապատրաստման դասընթացի համար։ Ունկնդիրները բանախոսին լսել են մեծ հետաքրքրությամբ, բազմաթիվ հարցեր են տվել և հիմնականում բավարարված էին նրա պատասխաններով[1][9]։ Դոկտոր Ֆոքսն ունկնդրին գրավել էր ոչ վերբալ հաղորդակցության և դիմախաղի միջոցով, չափազանց էքսպրեսիվ՝ վառ արտահայտչականությամբ[10]։
  • Երկրորդ խումբը կազմված էր 11 հոգեբաններից, հոգեբույժներից և սոցիալական աշխատողներից, ովքեր բոլորն էլ դասավանդում էին. նրանց առաջարկվել է դիտել 1-ին խմբին ներկայացրած դասախոսության տեսանյութը։ Ավարտից հետո հարցաթերթիկների պատասխաններից պարզվել է, որ որևէ մեկը չի հասկացել դասախոսության բովանդակությունը, իսկ մյուս հարցերին ավելի պակաս դրական պատասխաններ են տրվել։ Լրացուցիչ առանձնահատկությունների մասին հարցին նույնպես ոչ այնքան դրական պատասխաններ են տրվել. չափից ավելի շատ են ժեստերը, իրար չկապակցված մտքերը և այլն։ Բայց այնուամենայնիվ դոկտոր Ֆոքսը լսարանի վրա դրական տպավորություն է գործել, նույնիսկ փորձարկվողներից մեկը պատասխանել է, որ կարդացել է նրա աշխատանքները։
  • Երրորդ խումբը կազմված էր համալսարանի 33 մանկավարժներից և ղեկավարներից, որոնք հոգեկան առողջության մասնագետ չէին, սակայն հոգեբանական խորհրդատվության փորձ ունեին։ Փորձարկումից հետո նրանց տվծ պատասխաններն ավելի մոտ են եղել առաջին խմբի պատասխաններին, չնայած ընդամենը 28%-ն է ասել, որ դասախոսը պարզորոշ է շարադրել մտքերը։

Գիտափորձի ավարտից հետո բոլոր փորձարկվողներին բացահայտել են դասախոսության էությունը, սակայն նույնիսկ դրանից հետո էլ նրանք շարունակել են համարել, որ դոկտոր Ֆոքսը դասախոսության նյութի նկատմամբ հետաքրքրություն է արթնացրել և ավելին իմանալու ցանկություն է առաջացրել[1][11]։

Արդյունքներ խմբագրել

Առաջին դասախոսության ավարտից հետո 11 ունկնդիրները, որոնք բարձրակարգ մանկավարժներ էին, ստանդարտ հարցաթերթիկներում գերազանց գնահատական են տվել Դոկտոր Ֆոքսին[12]։ Ունկնդիրները Դոկտոր Ֆոքսի դասախոսության վերաբերյալ անկետայի հարցերին այսպես են պատասխանել.

  • 100%-ը, որ դասախոսությունն իրենց անձնական մտածողությունը խթանել է
  • 90% -ը, որ նյութը լավ կազմակերպված է ներկայացվել
  • 90% -ը, որ նյութը հետաքրքիր է ներկայացվել և այլն։
Հարցեր Խումբ 1 Խումբ 2 Խումբ 3
Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ
Did he dwell upon the obvious?
Դասախոսին հաջողվե՞լ է միտքը հստակ շարադրել
50 50 0 100 28 72
Did he seem interested in his subject?
Դասախոսը հետաքրքրվա՞ծ էր իր նյութով
100 0 91 9 97 3
Did he use enough examples to clarify his material?
Բավականաչափ օրինակներով հիմնավորե՞լ է նյութը
90 10 64 36 91 9
Did he present his material in a well organized form?
Կազմակերպվա՞ծ է ներկայացրել նյութը
90 10 82 18 70 30
Did he stimulate your thinking?
Խթանե՞լ է ձեր անձնական մտածողությունը
100 0 91 9 87 13
Did he put his material across in an interesting way?
Հետաքրքիր ձևո՞վ է ներկայացրել նյութը
90 10 82 18 81 19
Have you read any of this speaker's publications?
Բանախոսի գիտական որևէ հրապարակում կարդացե՞լ եք
0 100 9 91 0 100
Specify any other important characteristics of his presentation.
Այս դասախոսության որևէ այլ կարևոր առանձնահատկություն
 

Հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների համար կարդացված դասախոսության արդյունքները գրեթե չեն տարբերվել մանկավարժների արդյունքներից (ընդամենը 55 հոգի) և հաստատել են առաջադրված հիպոթեզը։ Սա, իհարկե, վաղեմի պատմություն է, սակայն խորհելու տեղիք է տալիս, հատկապես Նաֆթուլինի տրամադրած տեսանյութերը դիտելիս[1][13]։

Եզրակացություն խմբագրել

Որոշ հետազոտողներ համանման գիտափորձեր են կատարել և հաստատել են, որ դասախոսից ստացած ոչ վերբալ տեղեկույթը էականորեն ազդում է ունկնդիրների նյութի ըմբռնման վրա։

Ֆոքսի էֆեկտի գիտափորձի կազմակերպիչների եզրակացությունները նեղ, միայն մանկավարժական հոգեբանության շրջանակներում են կատարվել։ Դոկտոր Նաֆթուլինը եզրակացրել է, որ մանկավարժները դերասանական ունակություններով պետք է օժտված լինեն, որ ուսանողները լավ ըմբռնեն նյութը։

Սակայն հետազոտության արդյունքներն առավել բարդ սոցիալական երևույթները հասկանալու հնարավորություն են տալիս. օրինակ, որոշ քաղաքական և կրոնական առաջնորդների ազդեցությունն իրենց հետևորդների վրա բացատրելու համար։ Իրավիճակային առումով նրանց խոսքը միանման անիմաստ է, չկապակցված, իսկ հետևորդների համար բացարձակապես ոչ պետքական հայացքները դառնում են կյանքի իմաստ միայն իրենց մատուցման ձևից ելնելով, այլ ոչ թե բովանդակության համար։

Ֆոքսի էֆեկտին նպաստող պայմաններ խմբագրել

Դոկտոր Ֆոքսի էֆեկտը կգործի կամ ունկնդիրները կամ մասնակիցները ելույթ ունեցողի խոսքը հալած յուղի տեղ կընդունեն, եթե.

  • համատեքստը կառուցված է ըստ հավուր պատշաճի. ելույթ ունեցողը ներկայացրել է իր ձեռքբերումները կամ շնորհները, միջոցառումը հեղինակավոր ձևով է ներկայացված, ինչպես օրինակ հանդիպում փորձագետի հետ, գիտական կոնֆերանս, գերարդյունավետ վերապատրաստում, ինչ-որ մարաթոն և այլն
  • բանախոսը կիրառում է գիտական կամ գիտականին մոտ տերմիններ և ամբողջական եզրահանգումներ, ընդ որում, էական չէ դրանց տրամաբանական կապը
  • բանախոսը հանդես է գալիս փորձագետի դերում. խոսում է վստահ, չի շփոթվում, ունկնդրի համար նոր տեղեկությունը գիտականացված ձևով է մատուցում
  • բանախոսը բարեհամբույր է, ունկնդրին գրավում է, տեղին կատակում է, բացահայտ նայում է ունկնդրի աչքերին, ժպտում է և այլն։

Ինչպես պաշտպանվել Ֆոքսի էֆեկտից խմբագրել

Ֆոքսի էֆեկտի ազդեցությունից խուսափելու համար ուշադիր լինելն այնքան էլ չի գործում։ Ավելի արդյունավետ է.

  • ելույթը ձայնագրել, հետագայում ստուգելու համար. որևէ որոշում ընդունելուց առաջ ստուգել ստացած ինֆորմացիան,
  • չամաչել հիմար հարցեր տալուց. ավելի լավ է ծիծաղի արժանանալ, լսարանից դուրս հրավիրվել, քան թե հիմարացված լինել,
  • աշխատել գիտական կամ գիտականանման տերմինները և ձևակերպումները թարգմանել պարզ առօրեական լեզվով. Լուք դե Վովենարգն ասել է. «կեղծ միտքը պարզեցնելու դեպքում ինքնուրույն կհերքվի»,
  • խորհել հանդիպման (դասախոսության, թրեյնինգի) գնալու, տեսանյութ դիտելու, գիրք կարդալու նպատակի մասին. ինչ արդյունք եք ակնկալում,
  • խորհել, թե արդյոք ինքնուրույն եք կայացրել միջոցառման, դասախոսության մասնակցելու որոշումը, թե ներքաշվել եք դրա մեջ[14]։

Այլ բնագավառներում խմբագրել

Դերասանական և հռետորական տաղանդով օժտված մարդիկ կարող են իրենց տաղանդով հզոր ազդեցություն ունենալ այլ մարդկանց վրա։ Դոկտոր Ֆոքսի էֆեկտով է բացատրվում բազմաթիվ բանախոսների հաջողությունը, որոնք բարեհամբույր, գրավիչ տոնով, փորձագետի ոճով գիտականանման անհեթություններ են ասում։ Բազմաթիվ կեղծ դասախոսություններ, տեսահոլովակներ, հոդվածներ և գրքեր հեղինակություն են ձեռք բերել դոկտոր Ֆոքսի էֆեկտի միջոցով։ Բազմաթիվ կազմակերպություններ, օրինակ, տոտալիտար ապակառուցողական աղանդները, դիանեմիկայի[15] նման փսիխոկուլտերը (հոգեթերապիայի և հոգեբանական ուսուցման) զանգվածային դասախոսություններով իրենց շարքերն են ներգրավում նորանոր անդամներ։ Դոկտոր Ֆոքսի էֆեկտի մասին գիտելիքները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչու է մարդկանց ներգրավման այդ մեթոդը արդյունավետ գործում։

Հղումների կրկնօրինակման տեսություն խմբագրել

Ֆոքսի էֆեկտի երևույթը նոր երանգ է ստացել, երբ բացահայտվեց, որ գիտական մեջբերումների 80%-ը հեղինակները չեն կարդում, այլ դրանք արտագրում են ուրիշ հոդվածներում բերված գրականության ցանկերից[16]։ Եվ դա պատահական չէ, քանի որ հոդվածի հրապարակումը կախված է հղումների քանակից։ Հետևաբար գիտական մեջբերումները չեն կարող համարվել հոդվածագրի անկախ գնահատականի և որակյալ մեջբերում լինելու ապացույց, այլ կարող են լինել մեկ ուրիշ հեղինակի ընտրած մեջբերման կրկնօրինակում։ Հղումների կրկնօրինակման արդյունքում այն հոդվածը, որից հղում է կատարվել, կրկին հղվելու ավելի մեծ հնարավորություններ ունի, իսկ երբ նրան կրկին հղեն, ապա այն կունենա է՛լ ավելի շատ հղումներ ունենալու շանսեր։ Այս շղթայական ռեակցիայի շնորհիվ հոդվածը կարող է դառնալ շատ հղվող` անկախ նրա բովանդակությունից։ Գիտնականի հեղինակության աստիճանը որոշվում է նրա հոդվածներին արված հղումների քանակով։ Հետևաբար, գիտնականը կարող է հեղինակություն ձեռք բերել, անկախ իր աշխատանքի բովանդակությունից[17]։ Սա տարօրինակ է թվում, քանի որ դժվար է պատկերացնել, որ ոչինչ չիմացող մարդը կարող է հեղինակություն ձեռք բերել։ Դոկտոր Ֆոքսի դասախոսությունները ցույց են տալիս, որ դա իրո՛ք հնարավոր է։ Այս վաղուց մոռացված գիտափորձը հիմնավորում է հղումների տեսության վերաբերյալ եզրակացությունները[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Donald H. Naftulin, M.D., John E. Ware, Jr., and Frank A. Donnelly. THE DOCTOR FOX LECTURE: A PARADIGM OF EDUCATIONAL SEDUCTION. Արխիվացված 2017-06-03 Wayback Machine Journal of Medical Education, vol. 48, July 1973, p. 630-635
  2. 2,0 2,1 Anatole Rapoport, The Use and Misuse of Game Theory. Scientific American, 207: 108-118, December 1962. (անգլ.)
  3. Donald H. Naftulin, M.D., John E. Ware, Jr., and Frank A. Donnelly THE DOCTOR FOX LECTURE: A PARADIGM OF EDUCATIONAL SEDUCTION. Արխիվացված 2016-10-20 Wayback Machine Journal of Medical Education, vol. 48, July 1973, p. 630-635
  4. Gage, N. L. (Ed.). Handbook of Research on Teaching. New York: Rand McNally, 1963, pp. 506, 464, and 481.
  5. [1]
  6. Rainer Knauf. Klaus P. Jantke Towards an Evaluation of (e-) Learning Systems. Արխիվացված 2015-10-27 Wayback Machine(անգլ.)
  7. N. L. Gage Psychological Research on Teacher Education for the Great Cities. First Published April 1, 1965 (անգլ.)
  8. Anatol Rapoport The Use and Misuse of Game Theory - Department of Mathematics.
  9. Doctor Fox Lecture 1970 (անգլ.)
  10. Doctor Fox Lecture 1970 (անգլ.)
  11. Эффект доктора Фокса. 1999 LiveJournal
  12. Людмила Копец. Эффект Фокса. Классические эксперименты в психологии — К., 2010 (ռուս.)
  13. Dr. Fox Foxes the Muggles but not the Mavens. (անգլ.)
  14. Previous Entry Share Next Entry. Эффект доктора Фокса.
  15. Մարդկային մտքի և հոգեբանության օրինաչափությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն, հոգեկան առողջության պահպանման արվեստ
  16. Михаил Симкин. Опиум учёных. 11.9.2007
  17. M.V. Simkin, V.P. Roychowdhury. Stochastic modeling of citation slips. Scientometrics, 62, No.3, pp. 367-384 (2005) Սխալների ստոխաստիկ մոդելավորումը մեջբերումներում (անգլ.)
  18. Doctor Fox Lecture (անգլ.), Лекция доктора Фокса. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութեր խմբագրել