Ֆյուրերի պալատ (Ֆյուրերպալաստ, գերմ.՝ Führerpalast), Ադոլֆ Հիտլերի և նրա իրավահաջորդների ծառայողական և անձնական նստավայրի նախագիծը, որը մշակվել է Ալբերտ Շպեերի կողմից։ Եղել է Բեռլինի՝ աշխարհի մայրաքաղաք դարձնելու նախագծի հիմնական մասերից մեկը։ Ֆյուրերի պալատի նախագծից պահպանվել են մակետների, նկարների և գծագրերի լուսանկարներ։ Ֆյուրերի պալատը պետք է կառուցվեր մինչև 1950 թվականը։ Շպեերի խոսքերով, Հիտլերը պալատի էսքիզները կազմել է 1936, 1937 և 1940 թվականներին։

Մեծ հրապարակի նախագիծը։ Ֆյուրերի պալատը նշված է 1 թվով։

Ֆյուրերի պալատը նախատեսվում էր կառուցել այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերի նստավայրը[1]։ Ազգերի սրահի և Ռեյխստագի հետ միասին, Ֆյուրերի ահռելի պալատը պետք է լիներ այն երեք կառույցներից մեկը, որոնք պետք է գտնվեին Մեծ հրապարակում։ Ֆյուրերի պալատի հյուսիսային մասնաշենքում պետք է լիներ 400 տեղանոց թատերասրահ, իսկ հարավային մասնաշենքում Շպեերը նախատեսում էր կառուցել 504 մետր երկարություն ունեցող սենեկաշարք, որի մի ծայրում գտնվում էր Ռեյխսքարտուղարությունը, իսկ մյուսում՝ Հիտլերի աշխատասենյակը։

Ֆյուրերի պալատի նախագիծը, որը պետք է կառուցվեր ազգային-սոցիալիստական մոնումենտալիզմի ոճով, իրականացնելու էր ներկայացուցչական գործառույթներ և պատկերում, առաջին հերթին, Երրորդ Ռայխի ղեկավարի իշխանությունը և մեծությունը։ Պալատն առանձնանալու էր իր մեգալոմանիկ չափսերով։ Շպեերը որոշել է Ֆյուրերի պալատի ճակատը, որը դուրս էր գալու Մեծ հրապարակ, զարդարել կարմիր մարմարով պատված սյունաշարով։ Սյուների վրա պետք է լինեին բրոնզե առյուծներ և մոնումենտալ խորաքանդակներով։ Ֆյուրերի պալատի մուտքի վրա Շպեերը պատրաստվում էր տեղադրել մեծ պողպատե դուռ։ Ճակատի պատշգամբի դռների լուսամուտներից բացի, կառույցի վրա չպետք է լինեին այլ լուսամուտներ, որը Ֆյուրերի պալատին հաղորդում էր ռազմական կառույցի տեսք և թույլատրում էր հաջողությամբ պաշտպանվել՝ բնակչության հնարավոր ապստամբությունների դեպքում։ Ֆյուրերի պալատի ներսի այգում նախատեսվում էր կառուցել շատրվաններ և արևադարձային ջերմոցներ։ Ֆյուրերի պալատի Ադոլֆի Հիտլերի մասին կառուցված աշխատասենյակը լինելու էր ռեյխսքարտուղարության աշխատասենյակի կրկնօրինակը, որը պետք է ունենար ներկայացուցչական գործառույթներ։ Աշխատասենյակից բացվում էր պատշգամբ դեպի այգի։ Աշխատասենյակի ընդհանուր տարածքը կազմելու էր 900 մ²։ Ֆյուրերի պալատում նախատեսված էր կառուցել նաև բնակարան, որի միայն ճաշասենյակն ունենալու էր 2940 մ²՝ նախատեսվախ 2000 հյուրերի համար։ Ֆյուրերի պալատի ընդհանուր տարածքը, համաձայն նախագծի, կազմում էր 2 մլն մ²։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Albert Speer: Architektur. Arbeiten 1933—1942. Propyläen, Frankfurt(M)/Berlin/Wien 1978, ISBN 3-45508941-0.
  • Hans J. Reichhardt, Wolfgang Schäche: Von Berlin nach Germania. Über die Zerstörungen der «Reichshauptstadt» durch Albert Speers Neugestaltungsplanungen. Transit, Berlin 1998, ISBN 3-88747127-X.
  • Альберт Шпеер. Третий рейх изнутри. Воспоминания рейхсминистра военной промышленности. М.: Центрополиграф, 2005

Արտաքին հղումներ խմբագրել