Ֆեոդոր Ուշակով
Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակով (Фёдор Фёдорович Ушаков, փետրվարի 13 (24), 1745, Բուրմակովո, Q4397372?, Yaroslavl Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2 (14), 1817, Ալեկսեևկա, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս նավապետ, ծովակալ (1799)։ Ուշակովը ծնվել է ոչ հարուստ ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ծովային կադետական կորպուսը (1766), ծառայել է Բալթիական նավատորմում, 1769 թվականից՝ Դոնի (Ազովի) նավատորմիղում, մասնակցել է 1768-1774 թվականներիի ռուս-թուրքական պատերազմին։ 1780-1782 թվականներին «Վիկտոր» գծանավի հրամանատարն էր, որը պաշտպանում էր ռուսական առևտրական նավերն անգլիական նավատորմի ծովահենային գործողություններից։ 1783 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում, մասնակցել է գլխավոր բազայի շինարարությանը Սևաստոպոլում։ 1787-1791 թվականների ռուս–թուրքական պատերազմի սկզբին «Ս․ Պողոս» գծանավի հրամանատարն էր։ 1789 թվականից՝ դերծովակալ։ 1790 թվականից գլխավորել է Սևծովյան նավատորմը, փայլուն հաղթանակներ է տարել թուրքական նավատորմի նկատմամբ Կերչում (1790), Թենդրա կղզում (1790), Կալիակրիա հրվանդանի մոտ (1791)։ Առաջադիմական հայացքներ ուներ ռազամածովային արվեստի հարցում, մշակել և կիրառել է մանևրային տակտիկա։ Մեծ նշանակություն տալով անձնակազմի ծովային և կրակային հմտությանը՝ Ուշակովի կողմնակից էր ենթակաների դաստիարակության սուվորովյան մեթոդներին։ 1793 թվականից՝ փոխծովակալ։ 1798-1800-ի միջերկրածովյան արշավանքի ժամանակ ի հայտ եկավ Ուշակովի, որպես խոշոր նավատորմավարի, հմուտ քաղաքագետի և դիվանագետի տաղանդը, հատկապես Յոթ կղզիների Հունական հանրապետության (Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորության ներքո) ստեղծման գործում։ Բանակի և նավատորմի փոխգործողության կազմակերպման լավագույն օրինակներ է ցուցաբերել Հոնիական կղզիների (հատկապես Կորֆու կղզու) գրավման, Իտալիան ֆրանսիացիներից ազատագրելու ժամանակ։ 1800 թվականին Ուշակովի էսկադրան վերադարձել է Սևաստոպոլ։ Ուշակովի վաստակը չի գնահատվել Ալեքսանդր I-ի կողմից, նրան նշանակել են երկրորդական պաշտոններում, իսկ 1807 թվականից ուղարկել թոշակի։ 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ Ուշակովը ընտրվել է Տամբովի նահանգի աշխարհազորի պետ, սակայն հիվանդության պատճառով հրաժարվել է։ Մահացել է իր կալվածքում, թաղված է Սինաքսարի վանքում, Տեմնիկով քաղաքի մոտ (Մորդվական ԻՍՍՀ)։ Ուշակովի անունով են կոչվում ծովախորշ Բարենցի ծովի հարավ-արևելքում և հրվանդան Օխոտի ծովի հյուսիսային ափին, նավեր՝ ռուսական և ԽՍՀՄ ռազմածովային նավատորմներում։ 1944 թվականին ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը սահմանել է Ուշակովի երկաստիճան շքանշան և Ուշակովի մեդալ։
Ֆեոդոր Ուշակով Фёдор Ушаков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13 (24), 1745 |
Ծննդավայր | Բուրմակովո, Q4397372?, Yaroslavl Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 2 (14), 1817 (72 տարեկան) |
Մահվան վայր | Ալեկսեևկա, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Sanaksar monastery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Fyodor Ushakov Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |