Օրգանական հանածո վառելիք

Օրգանական հանածո վառելիք. վառելիքի և էներգիայի հիմնախնդիրը մարդկության առջև ծառացած կարևոր հարցերից մեկն է։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրական կարողությունների ընդարձակման, նոր արտադրաեղանակների ներդրման, ձեռքի ծանր աշխատանքի վերացման համար անհրաժեշտ է վառելիքի և էլեկտրաէներգիայի արտադրության մշտական աճ։ Հազարամյակներ առաջ իրար հետ շփելով փայտի երկու կտոր՝ մարդն առաջին անգամ կրակ ստացավ, խորհրդավոր կրակ, որից այնուհետև մնաց անբաժան։ Դրանից սկսած՝ մինչև ժամանակակից գերհզոր հրթիռային շարժիչների ստեղծումը, մարդն անընդհատ փնտրել է ուժի և էներգիայի աղբյուրներ։ Դարեր շարունակ պարզագույն սարքերում որպես բանող ուժ օգտագործվել է մարդկանց և կենդանիների մկանային ուժը։ Այնուհետև մարդը կարողացել է իրեն ծառայեցնել շարժվող ջրի էներգիան։ Որպես առաջին ջրամեքենա կարելի է հիշատակել ոռոգման նպատակով օգտագործվող ասորեստանյան և եգիպտական շերեփանիվները։ 11-րդ դարից սկսած՝ հատկապես եվրոպական երկրներում հողմաղացների ձևով օգտագործվել է քամու ուժը, որը մինչ այդ ծառայում էր որպես առագաստանավերի շարժման միջոց։ Շոգեմեքենայի գյուտը 18-րդ դարի կեսերին (Ջ. Ուատտ) շրջադարձային եղավ քաղաքակրթության համար։ Ջերմային շարժիչների մյուս խումբը ներքին այրման շարժիչներն են, որոնցով համալրված են ավտոմեքենաները։ Այդ շարժիչում վառելիքի այրման ջերմությունը վերածվում է մեխանիկական աշխատանքի։ Ինքնաթիռների, նավերի և հրթիռների շարժման համար ևս օգտագործվում է քիմիական վառելիքի էներգիան։ Որպես էներգիայի հիմնական աղբյուր մինչև այժմ ծառայում է վառելիքի, հատկապես օրգանական վառելիքի այրման ջերմությունը։

Օրգանական հանածո վառելիք

Ջերմությունը էներգիայի այլ տեսակների, մասնավորապես աշխատանքի փոխարկվելու մասին գիտությունը կոչվում է ջերմադինամիկա։ Ըստ այս ուսմունքի առաջին սկզբունքի, որը միաժամանակ էներգիայի պահպանման օրենքն է, էներգիան չի կարող առաջանալ ոչնչից և չի կարող անհետանալ։ Քարածխի նստվածքները Երկրի ընդերքի ոչ մեծ խորություններում են, այդ պատճառով առաջինը հենց այդ վառելիքն է սկսել օգտագործվել։ Նավթը և գազը ավելի մեծ խորություններում են (3000 մ և ավելի) և, բնականաբար, հայտնաբերվել ու օգտագործվել են ավելի ուշ։ Հարկ է իմանալ, որ վերջիններիս բաժինը օրգանական հանածո վառելիքի ընդհանուր պաշարի մեջ մեծ չէ։

Յուրաքանչյուր վառելիքի բաժինն ընդհանուր պաշարում.

Քարածուխ Նավթ Բնական գազ
80% 10% 10%

Աղբյուրներ խմբագրել

  • Քիմիայի 12-րդ դասարանի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի դասագիրք (Առլիկ Խաչատրյան, Լիդա Սահակյան)