Օնկոսային ճնշում
Օնկոսային ճնշումը (հին հունարեն՝ ὄγκος՝ ծավալ, զանգված) կամ կոլոիդ-օսմսային ճնշումը (Po) արյան պլազմայի սպիտակուցներով պայմանավորված ճնշումն է՝ օսմոտիկ ճնշման այն մասը, որն ստեղծվում է լուծույթի բարձրամոլեկուլային բաղադրիչներով։ Այն հավասար է օսմոսային ճնշման 1/200 մասին, որը կազմում է 25-30 մմ սնդիկի սյուն։ Չնայած իր փոքր չափերին օնկոսային ճնշումը պայմանավորում է արյան և հյուսվածքային հեղուկի միջև ընթացող ջրի փոխանակությունը։
Նկարագիր
խմբագրելՀյուսվածքաարյունային պատնեշների շնորհիվ արյան սպիտակուցները միջբջջային տարածության մեջ գրեթե չեն թափանցում։ Մազանոթներում ջրի մոլեկուլների մուտքն արյունից դեպի հյուվածքային հեղուկ տեղի է ունենում արյան հիդրոստատիկ ճնշման (Ph) ազդեցությամբ։
Մազանոթների զարկերակային բաժնում Ph-ը հասնում է 30-40 մմ սս-ի, իսկ երակային բաժնում՝ 8-12 մմ սս-ի։ Հիդրոստատիկ ճնշմանը հակազդում է Po-ն, որը օսմոսի օրենքի համաձայն ջրի մոլեկուլները հյուսվածքային հեղուկից ձգում է դեպի արյուն։
Այսպիսով Ph-ի և Po-ի տարբերությունից ածանցվում է մի նոր ճնշում, որը կոչվում է քամման կամ ֆիլտրացիոն ճնշում՝ Pֆ և արտահայտվում է հետևյալ բանաձևով ՝ Pֆ=Pհ-Po։ Հենց այս ճնշմամբ է իրականանում ջրի փոխանակության պրոցեսը։ Մազանոթի զարկերակային բաժնում Pֆ=40-25=15 մմ սս։ Այս ճնշման տակ ջուրը քամվում է արյունից դեպի հյուսվածքային հեղուկ։ Մազանոթի երակային բաժնում Pֆ=12-25=-13 մմ սս։ Այս ճնշման տակ ջրի մոլեկուլները հյուսվածքային հեղուկից շարժում են դեպի արյուն, իրենց հետ տանելով նաև նյութափոխանակության արգասիքները։ Քամման ժամանակ այս մեխանիզմը գործում է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և օրգաններում։ Նպաստում է
- միզագոյացմանը
- ավշագոյացմանը
- հյուսվածքային հեղուկի առաջացմանը
Հյուսվածքային հեղուկի ավելցուկ ջուրը թափանցում է ավշային մազնոթների մեջ։ Օնկոսային ճնշման դերը ցուցադրելու համար փորձարարական ճանապարհով կենդանու արյան պլազմայի մի մասը հեռացնում են և փոխարենը ներարկվում նույն քանակով ֆիզիոլոգիական լուծույթ (կերակրի աղի (NaCl) 0.9%-անոց լուծույթ)։ Կենդանու արյան սպիտակուցները նոսրանում են, օնկոսային ճնշումն ընկնում է, որի հետևանքով ջրի մուտքը դեպի հյուսվածքային հեղուկ մեծանում է, իսկ ելքը՝ փոքրանում։ Արդյունքում հյուսվածքներն այտուցվում են։
Գրականություն
խմբագրել- Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ, պրոֆ․ Դ.Ն.Խուդավերդյանի և ակադեմիկոս Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 546)։ |