«Օձամանուկ և Արևահատ», Ղազարոս Աղայանի հեքիաթներից։

Օձամանուկ և Արևահատ
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
Լեզուհայերեն
ՎիքիդարանՕձամանուկ և Արևահատ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

«Օձամանուկ և Արևահատ» հեքիաթը հայ գրող Ղազարոս Աղայանի գրչին է պատկանում։ Աղայանի հեքիաթներից յուրաքանչյուրում պատմվածքի սյուժեն զարգանում է բարի և չար ուժերի, դրական ու բացասական կերպարների միջև եղած հակադրությամբ։ Բայց ինչքան էլ ուժեղ, առաջին հայացքից ամենակարող ու անհաղթելի են թվում վատ, չար ուժերը կամ բացասական հերոսները, այնուամենայնիվ, նրանք ի վերջո պարտվում ու ոչնչացվում են։ Հեքիաթները մեծ մասամբ վերջանում են դրական հերոսների հաղթանակով[1]։

Սյուժե խմբագրել

Մասիս սարի մյուս կողմում, շատ հեռու մի երկրում մի թագավոր էր ապրում։ Նա շատ հարուստ էր, ուներ ոսկի, արծաթ, մեծ զորք, շատ ու շատ քաղաքների տեր էր, բայց չուներ զավակ։ Հեքիմներն ու բժիշկները չեն կարողանում օգնել նրան։ Հույսը դնում էր Աստծո վրա, ամեն օր մատաղ էր անում, աղքատներին բաժանում, օրը յոթ անգամ աղոթք էր անում, բայց ոչինչ չէր օգնում։ Մի օր իր պարտեզում զբոսնելիս սիրուն շահմար օձ է տեսնում՝ ճուտերը գլխին հավաքված։ Սրանք մոր վզովն են փաթաթվում, փորի տակը մտնում, խաղում։ Թագավորը արարչին է դիմում, թե օձի սիրտն էլ է սեր գցել, որ իր ձագերին սիրի, իսկ ահա իրեն, որ այդքան սեր ունի իր մեջ, ինչու մի օձի ձագ էլ չի տալիս։ Դու մի ասա, այդ պահին Աստծո դռները բաց են լինում ու թագավորի խոսքը Աստծո ականջն է հասնում։ Մի տարի չանցած, թագավորի կինը լույս աշխարհ է բերում մի օձի ճուտ։ Սկզբում թագավորից թաքցնում են այդ լուրը, բայց քանի որ օձը ամեն շունչ առնելիս մեծանում է, դառնում մի ահագին վիշապ, ծննդկանը, տատմայրն ու մյուսները վախից փախչում են։ Օձի ճուտը, մենակ մնալով, լաց է լինում։ Նրա ձայնից պալատը դղրդում էր։ Թագավորը իմանում է, որ իր որդին օձ է և հիշելով իր խնդրանքը, որոշում է պահել նրան։ Գիտուն մարդկանց հավաքելով՝ խորհրդակցում են և որոշում են ուրիշ երկրներից աղջիկներ փախցնել իբրև ուտելիք վիշապի համար։ Մասիսի այս կողմում Արևան անունով մի գյուղ է լինում։ Այստեղ մի մարդ ու կին են ապրում։ Մարդը առաջին ամուսնությունից մի գեղեցիկ աղջիկ ուներ՝ Արևահատ անունով, կինն էլ իր հետ է մի աղջիկ բերել՝ տգեղ, անունը՝ Մամխի։ Խորթ մայրը չար կին էր և անդադար աշխատացնում էր մարդու աղջկան, որ սա տգեղանա, բայց հակառակը, նա օրեցօր ավելի էր գեղեցկանում։ Խորթ մայրը ամուսնուն միշտ բողոքում էր Արևահատից, իսկ աղջիկն էլ չէր կարողանում պաշտպանել, արդարացնել իրեն և հայրը, հավատալով կնոջը, միշտ բարկանում էր նրա վրա։ Իր սրտի ցավերը Արևահատը թափում է մոր գերեզմանի վրա, որտեղ հաճախ քնում էր, երազում մորը տեսնում։ Նա խրատում էր աղջկան բարի մնալ, համբերել ամեն նեղության, շոյում էր նրան ու մխիթարում։ Այսպես աղջիկը միշտ ուժ էր հավաքում, հոգի ստանում ու մխիթարվում։ Վիշապի մասին լուրը տարածվում էր նաև այս գյուղում, և խորթ մայրը որոշում է աղջկան ուղարկել հանդ, որ գնա վիշապի բերանն ընկնի։ Արևահատը հասնում է մի կանաչկոտ տեղի, ուր դեռ արածացրած չէր, նստում է, իլիկը մանում, անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։ Հանկարծ մի պառավ կին է հայտնվում։ Սա ասում է, որ ինքը այս երկրից չէ, Արևի մայրն է, մարդիկ որ ասում են՝ «Արևամայր»՝ հենց ինքն է։ Եկել է օրհնելու նրան, որպեսզի վերջ տա նրա տարաբախտությանը։ Արևամայրն օրհնում է նրան, ուրիշ շատ բաներ ասում, խրատներ տալիս, ապագան գուշակում, մի կապոց տալիս, որի մեջ մի զգեստ կար՝ ասես ճառագայթներից գործած։ Աղջիկը դա պետք է պահի և հագնի իր հարսանիքի օրը։ Պառավն անհետանում է, արևն էլ մայր է մտնում։ Վերադարձին աղջկա ճանապարհը կտրում են մի քանի ձիավորներ։ Հեռվից հասկանալով, որ լավ մարդիկ չպիտի լինեն, ցեխ է քսում իր դեմքին, որ իր գեղեցկությունը նրանց չգրավի, սակայն ձիավորները նրան տանում են։ Արևահատն էլ մտածում է, որ ավելի լավ է տանեն, գոնե խորթ մորից կազատվի, ավելի վատ տեղ հազիվ թե լինի։ Նրան տանում են մի քարանձավ, որտեղ տեսնում է, որ շրջակա գյուղերից հավաքած երեսուն–քառասուն աղջիկներ կան, բոլորն էլ վիշապի համար։ Բոլոր աղջիկներին տանում են քաղաք։ Բնակիչները տեսնում են, որ սրանք բոլորը հայ աղջիկներ են, մեկը մյուսից գեղեցիկ ու ափսոսում են, որ վիշապի կերակուր պիտի դառնան։ Տեսնելով, որ ամենից տգեղը Արևահատն է, որոշում են առաջինը նրան տանել վիշապի մոտ։ Աղջիկը պարտեզում խնդրում է իրեն մի քանի րոպե տալ, որպեսզի իրեն կարգի բերի։ Նրան ասել են, թե մարդու են տանում, փեսացուն թագավորի որդին է։ Լվացվում է, հագնում պառավի տված հագուստը։ Նրա գեղեցկությունից զմայլված ուղեկիցները շփոթվում են։ Աղջիկը այս անգամ հրամայում է, որ իրեն տանեն թագավորի որդու մոտ։ Մտնելով ներս՝ տեսնում է մեծ վիշապին։ Մի պահ վախենում է, ապա հիշելով պառավի խոսքերը, կրկնում է դրանք։ Օձը կծկվում է, ապա պայթում։ Նրա միջից դուրս է գալիս հիասքանչ մի տղա։ Քիչ անց ծառաները բարի լուրը հասցնում են թագավորին։ Թագավորն ու թագուհին ներս են մտնում և տեսնում, որ սպիտակ սավանով նստած է մի հիասքանչ տղա՝ կողքին մի սքանչելի աղջիկ։ Նրանք զրուցում են ու ծիծաղում։ Երջանիկ թագավորն ու թագուհին փաթաթվում են նրանց, տղային գեղեցիկ զգեստներ հագցնում, անունը դնում են Օձամանուկ։ Արևահատն ու Օձամանուկն ամուսնանում են և հասնում իրենց մուրազին։

Կերպարներ խմբագրել

  • Թագավոր
  • Թագավորի կին
  • Թագավորի որդի
  • Արևահատ
  • Մամխի
  • Պառավ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ նոր գրականության պատմություն. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ. 1964. էջ 311.