Քիմիական միացություններ

Քիմիական միացություններ, քիմիական կապերով իրար միացած ատոմներ պարունակող նյութեր։ Ըստ դասական քիմիայի՝ քիմիական միացություններ են բարդ նյութերը։ Քիմիական միացությունների բաղադրությունն արտահայտում են քիմիական բանաձևերի օգնությամբ։ Հայտնի քիմիական միացություններից շատերն ունեն հաստատուն բաղադրություն, ենթարկվում են հաստատուն բաղադրության օրենքին և բազմապատիկ հարաբերությունների օրենքին։ Բազմաթիվ քիմիական միացություններ ունեն փոփոխական բաղադրություն՝ ոչ ստեխիամետրական միացություններ են (բերթուիդներ)։ Քիմիական միացություններին հատուկ է համասեռությունը։ Նրանց ստացումը և հետազոտումը քիմիայի հիմնական խնդիրն է։ Քիմիական միացություններն ստացվում են ռեակցիաների հետևանքով և բնորոշվում են որոշակի քիմիական և ֆիզիկական հատկություններով։ Հայտնի են միևնույն բաղադրություն, սակայն տարբեր կառուցվածք և հատկություններ ունեցող քիմիական միացություններ (իզոմերիա)։ Տարբերում են անօրգանական և օրգանական քիմիական միացություններ։ Հայտնի է ավելի քան 300 հազար անօրգանական և 4 մլն օրգանական միացություն։

Քիմիական միացություններ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։