Քիմեռներ (կենսաբանություն)

Քիմեռներ, օրգանիզմ կամ օրգանիզմի մաս, որը բաղկացած է գենետիկորեն տարբեր հյուսվածքներից կամ բջիջներից։ Տերմինն առաջինն օգտագործել է (1907) գերմանացի բուսաբան Գ․ Վինկլերը՝ տոմատի և մորմի սերտաճումից ստացված բուսական ձևերի համար։ Քիմեռների բնույթը հետագայում պարզել է Է․ Բաուրը (1909)։ Քիմեռները առաջանում են մուտացիաների, ռեկոմբինացիաների, բջջի բաժանման խանգարումների հետևանքով։ Քիմեռների սերունդը համապատասխանում է այն հյուսվածքին, որից առաջացել է։ Այգեգործության մեջ օգտագործվում են պատվաստի հետևանքով պատահականորեն առաջացած բազմաթիվ Քիմեռները։ Կենդանիներց Քիմեռների օրինակ են նույն սերնդի հորթերը, որոնք ունեն արյան տարբեր խմբերի էրիթրոցիտներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։