«Քի՜չ էլ, քի՜չ էլ», հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հեքիաթներից, որտեղ ներկայացված է առասպելն ու իրականը (երկու հակապատկեր)։

Քի՜չ էլ, քի՜չ էլ
Ժանրբանահյուսական
ՁևՀեքիաթ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
ԿերպարներՔաջիկ, Քաջիկի հայրը, Ուխայ, Ուխայի կինը, Բժիշկ, Գաբրիել հրեշտակ
ՎիքիդարանՔի՜չ էլ, քի՜չ էլ

Սյուժե խմբագրել

Մի աղքատ մարդ մինուճար որդի ուներ՝ Քաջիկը։ Նա շատ խելացի ու սրախոս երիտասարդ էր, բայց նաև՝ դյուրաբորբոք ու տաքարյուն։ Նրան դուր չէր գալիս ոչ մի կոպիտ խոսք ու վերաբերմունք։ Այդ էր պատճառը, որ նա արհեստ սովորելու համար ոչ մի վարպետի մոտ երկար չէր կարողանում մնալ։ Հայրը նրան անընդհատ մի վարպետից մյուսի մոտ էր տանում։ Բայց բոլորն էլ կոշտ ու կոպիտ էին։ Հայրը որոշում է, որ ամենահարմար տարբերակը՝ որդուն մեկ այլ քաղաք տանելն է։ Առավոտյան հայր ու որդի որոշում են և միանգամից ճանապարհ ընկնում։ Երկար գնալուց հետո կանգ են առնում մի աղբյուրի մոտ, որոշում մի կտոր բան ուտել և հանգստանալ, հետո նոր շարունակել ճանապարհը։ Հայրը այնքան ծարավ է լինում, որ ագահորեն սկսում է ջուր խմել։ Խմում է և ասում,-ուխա՜յ․․․Այդ պահին մի մարդ մոտենում է և ասում, որ ինքը Ուխայն է, լսեց իր անունը և եկավ՝ իմանալու, թե ինչ են ուզում իրենից։ Հայրը պատմում է, թե ուր են գնում որդու հետ։ Ուխայն ասում է, որ տղային իր մոտ կարող է վերցնել՝ արհեստ սովորելու համար, վստահեցնելով, որ իր մոտ կմնա տղան և շատ լավ կսովորի։ Ուխայը և Քաջիկի հայրը պայմանավորվում են, որ մեկ տարի անց այդ նույն աղբյուրի մոտ կհանդիպեն և հայրը որդուն կտանի տուն։ Ուխայը ոսկի է տալիս հորը և Քաջիկի հետ անհետանում։ Ուխայը կախարդ էր՝ աճպարար։ Նա այնպիսի գեղեցիկ վայրում էր ապրում, որ դա պարզապես տեսնել էր պետք, բայց միևնույն ժամանակ մեկուսացած էր բոլորից։ Ուխայն ամեն բան ուներ, բայց ոչ իրական, դրանք իր ճարտար ձեռքերի շնորհիվ էր ստեղծել։ Մի կին ուներ՝ գեղեցիկ և իրական։ Քաջիկին անծանոթ էր այս կյանքը։ Այն, ինչ ուզում էին, իսկույն կատարվում էր, բայց ժամանակի ընթացքում հարմարվեց այդ առօրյային։ Ուխայը որդի չուներ․ նա Քաջիկին իր կախարդության գաղտնիքներն էր սովորեցնում այն պատճառով, որ Քաջիկը դառնա իրենց որդին և ծերության ժամանակ խնամի։ Տղան կարծես տիրապետում էր ամեն տեսակ հնարքի։ Այն, ինչ ուզում էր, միանգամից ստեղծում էր կամ կերպարանափոխում մեկ այլ բանի։ Ուխայը չէր ցանկանում միանգամից Քաջիկին սովորեցնել ամեն մանրուք, համարելով, որ դեռ վաղ է, բայց կինն էլ իր հերթին սովորեցնում էր և շատ սիրում տղային։ Դա ընդհանրապես դուր չէր գալիս ամուսնուն։ Ուխայը որոշում է սպանել Քաջիկին, քանի որ շատ էր առաջ գնացել տղան, բայց կինը, փորձելով պաշտպանել Քաջիկին, ասում է, որ խելագար ձևացիր, իբր ոչինչ այլևս չես հիշում։ Ուխայը այդքան էլ միամիտ չէր, չնայած որ տեսնում էր Քաջիկին անհեթեթ բաներ խոսելիս։ Նա ամեն ձևով փորձում է պարզել այդ իրավիճակի ճշտությունը և համոզվում, որ Քաջիկի խելագարության մեջ կեղծիք չկա։ Քաջիկի հայրն այդ ժամանակ ջուր է խմում աղբյուրից, կանչելով Ուխային։ Որդուն վերադարձնում է Ուխայը, ասում՝ թե հիվանդացել է, երբ ապաքինվի, ետ կբերես։ Մի քսակ ոսկի է տալիս և կրկին անհետանում։ Հայր ու որդի ճանապարհին վիճում էին։ Հայրն ասում էր, որ այդպես էլ մարդ չդարձավ որդին. չէ՞ որ կարևորը մարդ լինելն է այս կյանքում։ Հակառակ հոր խոսքերին՝ որդին  շարունակ պնդում էր, որ կարող է այնպես անել, որ ինքը կենդանի դառնա։ Երբ հասնում են տուն, որդին ամեն բան պատմում է և ասում, որ հիմա ինքը մի լավ ձի կդառնա, հայրը կարող է ծախել ձին, միայն սանձը չվաճառի։ Հենց այդպես էլ անում են։ Ձին շատ թանկ գնով վաճառում է հայրը, սանձն էլ ձեռքին վերադառնում։ Հաջորդ օրն ավելի գեղեցիկ ձի է դառնում, երբ  հայրը վաճառում է, այդ պահին գնորդը համոզում է, որ քսակն էլ վաճառի և շատ մեծ գումար է առաջարկում։ Կարողանում է համոզել և վերցնելով սանձն իր ձեռքը, տանում է ձիուն։ Ձիու աչքերից արտասուքի կաթիլներ թափվեցին։ Հայրը զղջաց, բայց ուշ էր. այդ մարդը Ուխայն էր և ճանաչել էր Քաջիկին։ Ուխայը ձին կապեց և գնաց դանակը սրելու, որպեսզի մորթի։ Կինը, ճանաչելով Քաջիկին, վազեց ցած և արձակեց սանձը։ Քաջիկը մի աղավնի դարձավ և թռավ դեպի տուն։ Ուխայն էլ տեսնելով աղավնուն, բազե դարձավ և աղավնու ետևից ընկավ։ Աղավնին ավելի արագ էր գնում։ Հասնելով մի գյուղ Քաջիկը դարձավ խնձոր և կտուրից ընկավ ցած։ Այդտեղ հարսանիք կար, նորափեսայի դիմաց դրված միրգ կար և այդ կարմիր խնձորն էլ դրեցին մրգերի վրա։ Ուխայը, տեսնելով այդ ամենը, դարձավ աշուղ և սազը ձեռքին մտավ ներս։ Պատվով ընդունեցին նրան և այդ պահին վերջինս սկսեց երգել։ Վերջում հասկացրեց, որ իր ուզածը միայն այդ կարմիր խնձորն է։ Փեսան ձեռքը վերցրեց խնձորը և մեկնեց Ուխային խնձորը վայր ընկավ ձեռքից և մի բուռ կորեկ դարձավ, Ուխայն էլ հավ դարձավ և սկսեց հավաքել կորեկը։ Կորեկի մեկն ասեղ դարձավ և թռավ հարսի կրծկալի մեջ, հավն էլ մի բարակ թել դարձավ և մտավ ասեղի մեջ։ Ասեղը հաղթեց թելին և թռավ կրակի մեջ։ Թելը այրվեց, իսկ ասեղը դարձավ Քաջիկը։ Ազատվեց Ուխայից էլ, Ուխայի գիտելիքներից էլ, որոնք այրվեցին կրակում։ Քաջիկը որոշում է մի ուրիշ աշխարհ գնալ և նոր արհեստ սովորել։ Հասնելով մի քաղաք, լսում է, որ մի կղզու վրա լավ բժիշկ կա, ով ամեն բան բուժում է։ Քաջիկը որոշում է հանդիպել բժշկին։ Բժիշկը առաջարկում է Քաջիկին, որ իր տանը բուժի և միասին նավակով հեռանում են ծովափից։ Բժիշկն ասում է, որ ամեն բան կսովորեցնի Քաջիկին։ Այդպես էլ անում է․ Քաջիկը դառնում է բժշկի օգնականը։ Ամեն բան սովորեցնում է Քաջիկին, բայց վերջինս կարծում էր որ բժիշկն ավելին գիտի քան սովորեցնում է։ Բժշկի տանը կային կողպված սենյակներ, որոնց մասին Քաջիկը չգիտեր և շատ էր հետաքրքրում, թե ներսում ինչ կա։ Մի անգամ հիվանդ է գալիս, բժիշկը հիվանդին վերցնում է մտնում այդ կողպված սենյակ և դուռը ներսից փակում։ Քաջիկը հետաքրքրությունից ելնելով բարձրանում է տանիք, նայում լուսամուտից և տեսնում, որ հիվանդի ուղեղին մի բլոճ կա, ուզում է ունելիով վերցնել, բայց չի կարողանում։ Քաջիկը վերևից բղավում է և ասում, որ ծայրը տաքացնի։ Բժիշկը այս լսելով, ամեն բան թողնում է և դուրս գալիս սենյակից։ Քաջիկը ներս է վազում, հիվանդին ոտքի կանգնեցնում և դուրս գալիս բժշկին փնտրելու։ Այդպես էլ չի գտնում և, ետ վերադառնալիս, մի արձանի վրա կարդում է հետևյալ տողերը․

Մարդս ինչքան էլ լինի գիտնական,

Նրա ուղեղը մազի է նման,

Մի չնչին բանից մազը կկտրի,

Եվ իմաստունը կդառնա անբան[1]։

Քաջիկը մտածում է, որ բժիշկը խելագարվել է և իրեն ջուրն է նետել։ Որոշում է աշակերտներ հավաքել և իր գիտելիքները փոխանցել նրանց։ Տարբեր երկրներից գալիս են և ամենքն էլ սովորում են։ Քաջիկը բոլորին վերակենդանացնում էր, և այդ ամենը տեսնելով Գաբրիել հրեշտակը որոշում է պատժել Քաջիկին։ Մի անգամ Քաջիկն իր աշակերտներին ասում է, որ ուզում է երիտասարդանալ, որովհետև տարիների ընթացքում շատ էր ծերացել, իսկ առանց նրանց օգնության չէր կարող ոչինչ անել։ Եվ աշակերտներին ասում է․ «Ես մի դեղ կխմեմ և կթմրեմ կամ կմեռնեմ․ դուք կկտրեք իմ փորը և կուրծքը, այսինչ դեղերով կլվաք իմ փորոտիքը ու թոքերը, ուղեղիս խորշերը կմաքրեք և կսրսկեք այսինչ դեղերը։ Երբ ամեն բան վերջացնեք, ահա այս շշի դեղը կածեք բերանս։ Կկատարեք բոլոր ասածներս և ես կհայտնեմ ձեզ այս հեղուկի ձեռք բերելու հնարը»[2]։ Աշակերտները սկսում են գործը։ Մնում էր այդ վերջին հեղուկը։ Լցնելու ընթացքում հրեշտակը հարվածեց և հեղուկը թափվեց, միայն մի կաթիլ թափվեց Քաջիկի բերանը։ Նա կես շունչ առավ և կանչեց․ -քի՜չ էլ, քի՜չ էլ․․․ Քաջիկը մինչ օրս կա և մինչ օրս էլ կանչում է․ քի՜չ էլ, քի՜չ էլ։

Կերպարներ խմբագրել

  • Քաջիկ
  • Քաջիկի հայրը
  • Ուխայ
  • Ուխայի կինը
  • Բժիշկ
  • Գաբրիել հրեշտակ

Աղայանը հեքիաթագիր խմբագրել

 
Ղազարոս Աղայան
 
Հեքիաթներ

Ղազարոս Աղայանի դերը մեծ է հեքիաթի բնագավառում։ Նա հայ գրականության մեջ հեքիաթի ժանրի հիմնադիրն է, նրա մշակման խոշոր վարպետներից մեկը։ Հեքիաթը համարելով դաստիարակչական կարևոր միջոց, հանճարեղ մարդկանց երևակայության անսպառ աղբյուր, նա իր մշակած հիասքանչ հեքիաթներով ցանկացել է մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային վսեմ գծեր։ Հակառակ այն սխալ տեսակետի, որ իբր հեքիաթը սարսափեցնում է մանուկներին, կասեցնում նրանց մտավոր զարգացումը, Աղայանը, քաջարի սերունդ դաստիարակելու իր նպատակադրումից, գտնում է[3]

  Ոչ, ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նաև վնասակար է։ Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակները։ Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, հիստերիկական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում։
- Ղազարոս Աղայան
 

Նրա հեքիաթներում, իրական կյանքի այլաբանական պատկերներից բացի, մեծ տեղ ունեն հրաշապատում տարրերը, չափազանցությունը։ Հատկապես չարի ու բարու ավանդական պայքարը հերոսները մաքառում են մարդկության երևակայական, կախարդական թշնամիների դեմ։ Այս պատկերը վառ երևում է հենց «Քի՜չ էլ, քի՜չ էլ» հեքիաթում, որտեղ Քաջիկը հաղթում է չարին՝ Ուխային։

  Աղայանն է իսկական իմաստով հայ կլասիկ հեքիաթի սկզբունքների մշակողն ու գործնականորեն այդ սկզբունքները կիրառողը։ Իզուր չէ, որ հայ գրականության մեջ Աղայանը հաճախ է համեմատվել հռչակավոր դանիական հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հետ։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աղայան, Ղազարոս (1979). Երկեր. Երևան: «Սովետական գրող». էջ 487.
  2. Աղայան, Ղազարոս (1979). Երկեր. Երևան: «Սովետական գրող». էջեր 488–489.
  3. Աղայան, Ղազարոս (1980). Կյանքը և ստեղծագործությունը. Երևան: «Լույս». էջ 9.