Քաջվարդ ծառանման

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Քաջվարդ ծառանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Ցեղ Քաջվարդ
Տեսակ Քաջվարդ ծառանման
Լատիներեն անվանում
Paeonia arborea Donn.


Քաջվարդ ծառանման (լատին․՝ Paeonia arborea Donn.), հրանունկազգիների ընտանիքի, քաջվարդ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 2 մետր բարձրությամբ սակավաճյուղ թուփ է, ամուր, ուղղաձիգ, մինչև 2-3 սմ տրամագիծ ունեցող ցողուններով (առանցքներով), որոնք ծածկված են մուգ գորշավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները կանաչ են։ Տերևները խոշոր են, մինչև 10-25 սմ երկարությամբ, կրկնակի փետրաձև, կոթունավոր կամ նստադիր, 3-5 բլթականի կամ հազվադեպ ամբողջաեզր, ներքևի կողմից մազմզուկապատ, վերևից՝ մերկ կամ թեթևակի մազմզուկապատ։ Ծաղիկները գտնվում են ընձյուղների գագաթին, ունեն 10-20 սմ տրամագիծ, հասարակ են, կիսալիաթերթիկ կամ լիաթերթիկ, սպիտակ, վարդագույն կամ խառը գունավորված, երբեմն' պսակաթերթիկների հիմքը մուգ գունավորում ունի։ Տերևապտուղները ունեն մոտ 6 սմ երկարություն, խիտ մազմզուկապատ են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։ Արմատներում պեոնոլ է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18, 19, 20-21[1]:

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Արևմտյան Չինաստանում, որտեղ աճում է լեռնալանջերի նոսրանտառներում։ Անհիշելի ժամանակներից մշակվում է Չինաստանում, որտեղից անցել է Եվրոպա և այլ մայրցամաքներ ու երկրներ։ Ստացվել են բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Հայաստանում մշակվում է սահմանափակ քանակությամբ, սիրող այգեգործների կողմից։ Մինչդեռ չափազանց հեռանկարային է հատկապես ցածրադիր և միջին լեռնային գոտիների պայմաններում մշակելու համար։

Կիրառություն խմբագրել

Խոշոր, վառ գույներով ծաղիկների շնորհիվ պիտանի է հատկապես պարտերային ձևավորումների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 123։