Փյունիկյան գրականություն

Փյունիկյան գրականություն, փյունիկեցիների գրականություն (տես Փյունիկիա), ազգակից է ուգարիտական գրականությանը և միասին կազմում են քանանական (տես Քանան) գրականություն։ Որպես այբուբենային գրի տարածող, ինչպես նաև մշակույթների միջնորդ փյունիկեցիները մ․ թ․ ա․ II և I հազարամյակների սահմանագծում եզակի դեր են կատարել միջերկրածովյան գրականությունների պատմության մեջ՝ կարևոր ազդակ լինելով հին հունական գրականության կազմավորման համար, սակայն Փյունիկյան գրականության տեքստերը գրեթե ամբողջությամբ կորսված են։ Մ․ թ․ ա․ II-I հազարամյակների տապանագրեր ու ընծայագրեր են պահպանվել Փյունիկիայի և նրա գաղութների տարածքում։ Փյունիկյան գրականության դիցաբանական սյուժեները (սիրո և պտղաբերության աստվածուհի Աստարտայի, «տիրակալ» Վաալի մասին և այլն) հայտնի են հելլեն գիտնականների վերապատումների շնորհիվ Ադոնիսի տառապանքների և հարության առասպելն օգտագործել է Օվիդիուսը «Կերպարանափոխություններ» պոեմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։